41-ամյա տղամարդը դիտավորությամբ 8-ամյա աղջկա հետ մուտք է գործել Երևանում գտնվող շենքերից մեկի վերելակ, որտեղ վերջինիս նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ. ՔԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են 41-ամյա տղամարդու կողմից անչափահաս աղջիկների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու, ինչպես նաև պոռնկագրական տեսաֆիլմեր տարածելու դեպքերի հանգամանքները: Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021թ. մարտի 15-ին` ժամը 14:17-ի սահմաններում, 41-ամյա տղամարդը, 12 տարին չլրացած անձի՝ 8-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դիտավորությամբ, նախապես հետապնդելով վերջինիս՝ նրա հետևից մուտք է գործել Երևան քաղաքում գտնվող շենքի շքամուտք, աղջկա հետ մուտք է գործել հիշյալ շենքի վերելակ, որտեղ վերջինիս նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ:

Բացի այդ, 41-ամյա տղամարդը, ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կիրառմամբ անառակաբարո գործողություններ կատարելու նախնական դիտավորությամբ, «Ֆեյսբուք» սոցիալական կայքում բացել է «Milena Asatryan» անվամբ կեղծ տվյալներով օգտահաշիվ: Վերջինս նույն սոցիալական ցանցում որոնել և գտել է իգական սեռի անվամբ գրանցված կայքէջեր, ուսումնասիրել, դրանցում հրապարակված լուսանկարներում պատկերված անձանց արտաքինից պարզելով օգատերերի՝ ակնհայտ 16 տարեկան լրացած չլինելու հանգամանքը, «Մեսսենջեր» հեռահաղորդակցման կապի միջոցով 2020-2021թթ. նամակագրություն է վարել 16, ինչպես նաև 14 տարին չլրացած աղջիկների հետ: Նամակագրության ընթացքում տղամարդը սեռական կյանքին վերաբերող անպարկեշտ զրույցներ վարելով նշված օգտատերերի հետ՝ անառակաբարո գործողություններ է կատարել նրանց նկատմամբ:

Պարզվել է նաև, որ բացի վերոնշյալ գործողություններից, 41-ամյա տղամարդը, աղջիկներից մի քանիսին ուղարկել է նաև պոռնկագրական տեսաֆիլմեր:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 41-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 142-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով (8 դրվագ), 142-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (3 դրվագ) և 263-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:




Լրահոս