ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընդդիմադիր պատգամավորի առաջարկն ամիսներ անց ներկայացրեց ՔՊ-ական պատգամավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռ 2021 թվականի ապրիլի 13-ին, այն ժամանակ դեռ անկախ պատգամավոր, այժմ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԱԺ ամբիոնից բարձրացրեց զինծառայողների ընտանիքներին առնչվող մի խնդիր՝ կոչ անելով պատկան մարմիններին կամք ցուցաբերել ու լուծել խնդիրը:

«Հովիկը մինչեւ այսօր անհետ կորած է։ Որեւէ մեկը տեղը չգիտի, չգիտենք, թե որտեղ փնտրել։ Նա, լինելով երկկողմանի ծնողազուրկ, զորակոչվել է բանակ։ Ունի երկու եղբայր, խնամակալը հորեղբայրն է։ ՊՆ-ն եւ զինծառայողների ապահովագրության հիմնադրամը մերժում են Հովիկ Ասատրյանի հարազատ եղբայրներին ճանաչել շահառու եւ փոխհատուցում տրամադրել՝ այն հիմնավորմամբ, որ նրանք չեն մտնում ընտանիքի անդամ համարվողների ցանկի մեջ։ Այսինքն, եղբայրները շահառու չեն համարվում։ Մոտ տասը նման դեպք ունենք։ Կարգավիճակ է պետք է տալ եւ դա հնարավոր է անել կարճ ժամանակում»,-հավելեց Թագուհի Թովմասյանը։

Բանն այն է, որ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը հստակ սահմանում է, թե զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում, ովքեր են հանդիսանում շահառու: Մասնավորապես, զինծառայողի՝ 1) ամուսինը. 2) զավակը (զավակները). 3) ծնողը (ծնողները): Եվ պատգամավորը կոչ էր անում ընդլայնել շահառուների շրջանակը:

Եվ չնայած այդ ժամանակ իշխանությունը որեւէ կերպ չարձագանքեց պատգամավորի բարձրացրած հարցին, սակայն 2021 թվականի դեկտեմբերի 1-ին, այսինքն՝ ամիսներ անց նմանատիպ մի նախագիծ է ներկայացրել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը եւ առաջարկում է ամրագրել, որ նշված շահառուների բացակայության պարագայում շահառու են համարվում նաեւ զինծառայողի՝ 1) եղբայրը. 2) քույրը. 3) պապը. 4) տատը:»:

Այսինքն, ընդդիմադիր պատգամավորի կողմից առաջարկվող փոփոխությունն ամիսներ անց ներկայացվում է իշխանական պատգամավորի կողմից՝ ինչպես խորհրդարանի ավանդույթն է:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս