Ժամանակակից աշխարհում, երբ ինֆորմացիայի փոխանակումը կետային մեկնարկից ցանցային տարածում է ստանում, մի տեսակ դժվարացել է պրոֆեսիոնալ լրատվամիջոցների գործունեությունը: Այս հրապարակումով ցանկանում ենք լրատվական դաշտին առնչվող մի քանի խնդիրների մասին բարձրաձայնել, որոնք եղել են, շարունակում են ահագնանալ, ու եթե որեւէ քայլ չարվի, առավել դժվար կացություն են ստեղծելու ինչպես լրագրողների, այնպես էլ հասարակության մյուս շերտերի ներկայացուցիչների համար:
Համացանցը, ինչ խոսք, լավ հնարավորություն է լուր տարածելու համար: Բայց այսօրվա իրավիճակում այն մի տեսակ հիշեցնում է թաղային տաղավարները, որտեղ արեւածաղիկի շուրջ տարածվում են լուրեր, որոնց ծագումնաբանության մոտիվացիաները երբեմն խիստ կասկածելի են: Եւ այս իրավիճակում ամենավատն այն է, որ անհայտ մոտիվացիաներով լուրերի տարածմանը օգնում են օրեցօր սնկի պես աճող կայքերը: Դրանք դարձել են լուր տարածելու յուրօրինակ հարթակներ, որպեսզի առավել լրջություն հաղորդվի «ստեղծագործությանը»: Բայց այդ կայքերը ամենեւին էլ լրատվամիջոցներ չեն, ուղղակի լրատվական դաշտը ապականող մարդկանց մի խումբ է, որոնց գործունեությունից տուժում են իրենց աշխատանքը բարեխղճորեն կատարող լրագրողները:
Պրոֆեսիոնալ լրագրողներն ինֆորմացիա ստանալուց հետո տարբեր խողովակներով ճշտում են այն, մեկնաբանություններ ստանում, ինչը ժամանակի կորուստ է, ու հաճախ այն լուրը, որի վրա աշխատում են լրագրողները, առանց ճշտելու, այսպես ասած, կիսաֆաբրիկատ ձեւով մատուցվում է հասարակությանը ինչ-որ ստատուսի միջոցով կամ ֆեյք կայքի կողմից: Բնականաբար, աշխատանքը ջուրն է ընկնում: Իսկ ինչ վերաբերում է այն անձին կամ անձանց, ում առնչվում է ինֆորմացիան, հաճախ նրանք չեն կարողանում գտնել իրենց մասին գրվածի սկզբնաղբյուրը, քանի որ կեղծ էջից է գրվել կամ անհասցե մի կայքում, որին հարկ չեն համարում անդրադառնալ: Իսկ եթե իրական լրագրողը նման բան անի, անմիջապես կդառնա թիրախ` ընդհուպ մինչեւ դատական քաշքշուկների մեջ ընկնելով:
Իհարկե, սարքովի ստատուսներ գրելն ու բլոգային կայքերում տեղադրելը նոր ավանդույթ չէ, դեռ նախկին իշխանության օրոք էր կիրառվում այդ գործիքը` անցանկալի հակառակորդներին ոչնչացնելու համար: Բայց փաստ է, որ ե՛ւ նախկինում, ե՛ւ այսօր քաղաքացին մեր երկրում անպաշտպան է. տարածվում է տեղեկություն, մարդը վարկաբեկվում է, բայց հասցեատեր չկա, որ պատասխանատվության հարց բարձրացվի: Կեղծ օղակի շրջապտույտ է:
Վերջին օրերին շատ է խոսվում, որ այս կամ այն գործիչը կեղծ կայքեր ու ֆեյսբուքյան ֆեյք էջեր ունի, գործունեություն է ծավալում: Բայց եթե դաշտը պարարտ չլինի, որեւէ մեկն էլ չի գնա նման գայթակության, այլ առնվազն կգնի գործող ԶԼՄ-ներից մեկը կամ նորը կբացի` հայտարարելով, որ ինքը կուսակցական կամ քաղաքական կոնկրետ ուղղվածությունն ունի ու կսկսի աշխատել: Կկարդա՞ն մարդիկ, ուրեմն լավ են աշխատում, չե՞ն կարդա, թող մտածեն: Բայց թացը չորից պիտի տարբերակվի ի վերջո:
Այստեղ է, որ կրկին առաջ է գալիս մեր կողմից բազմիցս բարձրաձայնված խնդիրը. ԶԼՄ-ները պիտի մշտական գործող հասցե ունենան, պատասխանատու խմբագիր կամ պարզապես պետք է դադարեն ԶԼՄ կոչվել:
Իհարկե, Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասում նշված է. «Լրատվության միջոցները թողարկվում եւ տարածվում են առանց նախնական կամ ընթացիկ պետական գրանցման, լիցենզավորման, պետական կամ որեւէ այլ մարմնում հայտարարագրման կամ որեւէ մարմնի ծանուցման»: Լրատվամիջոցները, որպես կառույց, գործունեություն են ծավալում ՍՊԸ-ների միջոցով: Ու այստեղ է, որ պետք է կարգավորվի խնդիրը, որպեսզի մի կողմից լրատվամիջոցները գործեն առանց պետական գրանցման, ազատ լինեն, բայց միեւնույն ժամանակ չլինեն անանուն, առանց հասցե, առանց խմբագրության, առանց կնիքի, առանց աշխատակազմի, առանց պետության հետ ունեցած հարկային պարտավորությունների կատարման:
Իսկ ինչպե՞ս պայքարել լրատվամիջոցներին ու «քլիկներով» փող աշխատող կեղծ կայքերին միմյանցից տարբերակելու համար: Մեր գործընկերների հետ շատ ենք քննարկել թեման, տարբերակներ միշտ կան. օրինակ`
*Պետական մարմինները, երբ իրականացնում են իրենց հավատարմագրումը, պետք է վերը նշված չափանիշներին չհամապատասխանող հայտատուների հավատարմագրումը պարզապես մերժեն:
* ԶԼՄ-ների համար ինդենտիֆիկացիան պարտադիր է, որ մարդը կարողանա պատասխանատվության հարց բարձրացնել, եթե խախտվել է իր իրավունքը:
Քանի որ վերջին շրջանում հանրային հետաքրքրությունը կենտրոնացած է վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի վրա, ֆեյք կայքերը հիմնականում այդ թեմաներով են ինչ-որ բաներ հորինում, որպեսզի մուտք ապահովեն. օրինակ` գրում են «Վարչապետ Նիկոլը Փաշինյանը մահացել է», «Նիկոլի կինը ֆորբսի էջերում է», նրանց որդին … եւ այսպես շարունակ: Նման ակնհայտ սուտ տարածելու դեպքերում պետք է լինի անկախ մի մարմին, որը կարողանա արգելափակել ակնհայտ սուտ տարածող կայքը, մինչեւ կհայտնվի դրա իրական տերը, որի հետ հնարավոր կլինի բանակցել կամ պատասխանատվության հարց բարձրացնել: Չի հայտնվի, ուրեմն կայքը պետք է արգելափակված մնա, որպեսզի ում մտքով անցնի` չորոշի մի էժան համակարգիչ գնել ու կայք բացել: Բայց սա պետք է արվի այնպիսի մեխանիզմով, որ արգելափակման գործընթացը չդառնա խոսքի ազատության սահմանափակման ձեւ, եւ սուբյեկտիվ գործոններով պայմանավորված` իրական ԶԼՄ-ները չկանգնեն փակվելու վտանգի առջեւ:
Այլապես ստացվում է, որ ֆեյք կայքերը օգտվում են 4-րդ իշխանության համար գոյություն ունեցող արտոնություններից, բայց պրոֆեսիոնալ գործող ԶԼՄ-ների հետ նույն հարթության մեջ չեն, անպատիժ են: Թերեւս սա է պատճառը, որ պաշտոնյաները թիրախավորում են այն ԶԼՄ-ներին, որոնց ճանաչում են (օրինակ` Սփյուռքի նախարարը` «Հրապարակ» օրաթերթին), իսկ երբ չեն ճանաչում` ում պատասխանատվության հարցը բարձրացնել, ընդհանուր դաշտի վրա են ցեխ շպրտում:
* Ժամանակն է, որ հասցեական պատասխանատվության հարց բարձրացվի: Ու նման հայցադիմումներով դատարան մտած գործերն էլ պետք է քննվեն արագացված ռեժիմով, որպեսզի մարդը իր իրավունքները դատարանում արագ վերականգնի, ոչ թե մեկ լուրի համար մեկ տարի դատական քաշքշուկի մեջ ընկնի:
* Ընթերցողի մոտ պիտի մեդիագրագիտության մակարդակը բարձրանա, որպեսզի լրագրող-ֆեյք կայք տարանջատում անի ինքն իր համար: Չմտնի ամեն պատահած կայք:
* Դե, իսկ լրատվական արտադրանքից գողությունների դեպքերը մշտական թեմա են մեզ համար: Անթիվ դարձած կայքերը մեր նյութերը քոփի անելով` իրենց կայքի համար դիտումներ, գովազդներ են ապահովում, գումար աշխատում, ու մենք տարիներ շարունակ չենք կարողանում ո՛չ թերթի, ո՛չ կայքի հեղինակային նյութերի ու տեսանյութերի իրավունքը պաշտպանել:
Իհարկե, այսքանով չեն սահմանափակվում լրատվական դաշտի խնդիրները: Պարզապես առանձնացրինք դրանցից առաջնայինները, որոնց շուրջ կարելի է քննարկում ծավալել, այլ ելքեր գտնել: Հուսանք՝ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այս խնդիրները քննարկելու ժամանակ կգտնի առաջիկայում:
Իսկ վերջում նշենք, որ որեւէ մեկն այսօր մեր երկրում ապահովագրված չէ միտումնավոր տարածված ստի զոհը դառնալու հեռանկարից: Չի բացառվում, որ շատ կեղծ կայքերի տերեր այս հրապարակումից հետո արշավ սկսեն, բայց հոգ չէ: Ինչպես դասականն էր ասում` ճշմարտությունը հիվանդանում, բայց չի մահանում: Միեւնույն է՝ հեղափոխության անհրաժեշտություն կա նաեւ լրատվական դաշտում:
«Ժողովուրդ» օրաթերթի եւ ArmLur.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ