Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի և Շենգավիթի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հիշյալ ստորաբաժանումներում օրերս արձանագրվել են ապօրինի պահվող «Կալաշնիկովի» ինքնաձիգների և զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ «Կալաշնիկովի» ինքնաձիգների և զինամթերքի, այդ թվում՝ նռնակի, կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Արարատի և Ջերմուկի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։ Արդյունավետ բացատրական աշխատանք են իրականացրել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի և Մարտունու բաժինների ծառայողները։
Արդյունքում` այդ ստորաբաժանումներում ևս արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների կամավոր հանձնման դեպքեր։
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ բաժնում արձանագրվել է «Մակարով» ատրճանակի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք։ Թմբուկավոր ատրճանակի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Աշտարակի բաժնում՝ շնորհիվ բաժնի քրեական հետախույզների և ՊՊԳՎ Աշտարակի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի։
Տարբեր տեսակի հրացանների և զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել ոստիկանության Հրազդանի և Տաշիրի բաժիններում. Հրազդանում` համայնքային ոստիկանների, Տաշիրում՝ անչափահասների գործերով ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ։
Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։