ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արյուն, թալան ու 100-ավոր զոհեր Ղազախստանում. ՀԱՊԿ ուժերն արդեն Ալմաթիում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՊԿ ուժերն արդեն տեղակայվել են Ղազախստանում: Նրանք հսկում են պետության կարևոր օբյեկտներն ու մնալու են այնքան, քանի դեռ երկրում իրավիճակն ամբողջովին չի կայունացել: Խաղաղապահները չեն մասնակցում օպերատիվ և մարտական գործողություններին։
Շուրջ մեկ շաբաթ տևած ջարդերից ու խառնաշփոթից հետո ձերբակալված է 8 հազար մարդ: Խոսվում է մոտ երկու հարյուրի հասնող զոհերի մասին, որոնց մեջ 3 երեխա կա, նրանցից մեկը՝ 4 տարեկան: Բժշկական օգնության համար դիմել է ավելի քան երկու հազար մարդ: Վաղը երկրում համազգային սուգ է հայտարարված, սկսվել է ծավալուն քննություն:

Ալմաթիի որոշ շրջաններում, որոնք ամենաշատն են տուժել ջարդերից, անվտանգություն ապահովող ուժերը ճնշում են ահաբեկչական ուժերին։ Կենտրոնական փողոցներում կրակոցներն արդեն գրեթե անլսելի են։ Փողոցներում վերջապես երևում են անցորդները, գործում են կոմունալ ծառայություններն ու հասարակական տրանսպորտը։ Երկիրն անկարգությունների վնասը գնահատում է հարյուր միլիոնավոր դոլարներ։

Ղազախստանում տիրող իրավիճակն այսօր՝ հունվարի 10-ին, տեսակոնֆերանսի ժամանակ քննարկել են ՀԱՊԿ երկրների ղեկավարները:
Թե՛ տեղական հատուկ ծառայությունները, թե՛ այսօր ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներն ընդգծել են՝ Ղազախստանում կատարվածում ակնհայտ է ահակբեկչական ուժերի՝ իսլամիստների ձեռագիրը: Ոստիկանության հաղորագրրության համաձայն՝ գնալով ավելանում են ապացույցները, որ քաոսի ալիքը սկսվել է հստակ պլանի համաձայն, որն իրականացրել են ավազակային կազմավորումները, ավելին՝ մարտական փորձ ունեցող արմատական իսլամիստները։ Փորձելով ապակայունացնել իրավիճակը երկրում՝ նրանք նախ ատելություն են բորբոքել հրապարակներում, ապա զանգվածաբար զինել ամբոխին։

ՀԱՊԿ արտահերթ նիստի ժամանակ կառույցի անդամ երկրների բոլոր ղեկավարներն էլ միաբերան շեշտել են՝ ահաբեկիչները սպառնալիք են ոչ միայն Ղազախստանի, այլև տարածաշրջանի համար:

Տաջիկստանի նախագահը վստահ է՝ առանց երկմտելու պետք է վերացնել կրոն ու հայրենիք չունեցող զինյալներին: «Իսկ որտեղի՞ց են նրանք հայտնվել, նրանք բոլորը դրսի պատրաստվածություն ունեն»,- զարմանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Զարմանքին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է արձագանքում՝ մեկուկես տարի առաջ Հայաստանը նույնպես ահաբեկչության թիրախում էր:

Փաշինյանի՝ Ղազախստանում տեղի ունեցող դեպքերի մասով ակտիվ գործունեությունն ու Ալմաթի խաղաղապահներ ուղարկելու փաստը ոչ միանշանակ է ընկալվել թե՛ Հայաստանում, թե՛ հենց Ղազախստանում: Հայ վերլուծաբանների կարծիքով դա պարզապես ճնշում է այլ երկրի քաղաքացիների նկատմամբ:

Սևակ Վարդումյան




Լրահոս