Հունվարի լույս 7-ի գիշերը գիշերային շրջիկ ծառայություն իրականացրած Էրեբունու բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, Նար-Դոսի և Խորենացու փողոցների խաչմերուկից բաժին բերման ենթարկեցին 21-ամյա երիտասարդի, որը Երևանի բնակիչ է։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց սրճեփ սարքի մետաղադրամներ ընդունող սարք ու մետաղադրամներ։
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ երիտասարդը բերման ենթարկվելուց րոպեներ առաջ թալանել էր Նար-Դոսի փողոցի 27 հասցեի մոտ տեղադրված սրճեփ սարքը։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին։ Արդյունքում` փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ բերման ենթարկված երիտասարդը, բացի հիշյալ դեպքից, անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին գողություններ էր արել նաև Էրեբունու, Գլինկայի, Խորենացու և Նար-Դոսի փողոցներում տեղադրված այլ սրճեփ սարքերից՝ տերերից յուրաքանչյուրին պատճառելով մի քանի տասնյակ հազար դրամի վնաս։ Տուժողներից հաղորդում է ընդունվել։
Ընդհանուր գողության 6 դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։