Երեւանի ավագանին այսօր քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծն է քննարկելու: Նախաձեռնողը ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն է: Իշխանությունը Մարությանին ցանկանում է փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանով փոխարինել, քանի որ Մարությանը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ «ընկել վատ շրջապատ»:
Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին զուգահեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխամասային գրասենյակում հանդիպում էր ունեցել ավագանու «Իմ քայլը» խմբակցության հետ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դռնփակ հանդիպումը բավականին թեժ է անցել:
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ առաջին հարցն այն է եղել, թե ինչ մեխանիզմներ են անհրաժեշտ Մարությանին սահուն, անցնցում եղանակով «ցտեսություն ասելու» համար: Այնուհետ քննարկվել է Մարությանին փոխարինող գտնելու հարցը: Փաշինյանը հակված է եղել քաղաքապետի աթոռն ավագանու անդամ Արմեն Կոտոլյանին վստահել, ավագանու մյուս անդամները, սակայն, դեմ են արտահայտվել նրա թեկնածությանը: Չցանկանալով վիրավորել ու նեղացնել նրան՝ այնուամենայնիվ նշել են, որ Կոտոլյանը երիտասարդ է, իսկ այդ պաշտոնին ավելի փորձառու մեկն է պետք: Ի վերջո, Փաշինյանը զիջման է գնացել, ու իմքայլականներն առաջադրել են Սարգսյանին:
Ամենաթեժ քննարկումը ծավալվել է այն հարցի շուրջ, թե բոլոր նրանք, ովքեր կհամարձակվեն հակառակվել Մարությանի հեռացման պահանջին, պետք է վայր դնեն մանդատը, այլ ոչ թե դուրս գան խմբակցությունից:
Ավագանու՝ իշխանական թեւի ադամները միաբերան համաձայնել են, որ վարչապետ Փաշինյանը հետայսու պետք է առաջին ձեռքից իմանա՝ ինչ է կատարվում քաղաքապետարանում, այլ կերպ ասած՝ բոլորը պետք է հաշվետու լինեն Փաշինյանին, ամեն ինչի մասին զեկուցեն նրան: Պայմանավորվել են այդպես, եւ այսօր վճռական օր է. քաղաքական ռեպրեսիաները Երեւանի քաղաքապետի նկատմամբ այսօր կոնկրետ դրսեւորում կունենան: Ավագանու անդամները պետք է փակ-գաղտնի ձեւաչափով դեմ քվեարկեն քաղաքապետ Հայկ Մարությանին:
ՀՀ ԱԱԾ-ն «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում տեղի ունեցած չարաշահումների մասով քերական գործ է հարուցել: Վերոնշյալ հիմնարկի ղեկավարը, ըստ մամուլի հրապարակումների, քաղաքապետ Հայկ Մարությանի մտերիմ ընկերն է՝ Արմեն Գրիգորյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ մարմիններն ուսումնասիրել են հիմնարկի թույլ տված, կոռուպցիոն ռիսկեր ունեցող գործարքները կամ երեւույթները: ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել, օրինակ, այն տեղեկությունը, որ հիմնարկի բեռնատար մեքենաների անվադողերը վաճառքի են հանվել: «ԵԱՍՄ-ն առքուվաճառք իրականացնելու գործառույթ չունի, բայց անվադողերը հանել է վաճառքի: Դրա հետեւում անձամբ հիմնարկի տնօրենն է եղել՝ Գրիգորյանը: Տեղեկությունը, թե անվադողերը պատերազմի օրերին սահման են ուղարկվել, սուտ է: Հիմնարկը սահման անվադող ուղարկել է տավուշյան դեպքերի ժամանակ միայն, իսկ 44-օրյա պատերազմի օրերին, փոխանակ ուղարկվեր առաջնագիծ, վաճառվել է»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց ԵԱՍՄ նախկին աշխատողներից մեկը, ում անունը, իր խնդրանքով, չենք նշում: Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ շուրջ տարիուկես հիմնարկի 4 աշխատակիցներ, որոնք երբեւէ՝ որեւէ օր, աշխատանքի չեն եկել, աշխատավարձ են ստացել: «Այսինքն՝ նրանց անուններով աշխատավարձ է դուրս գրվել, բայց այդ գումարը նրանց չի հասել, որովհետեւ դա ֆիկտիվ գործարք է եղել: Խոսքը մոտ 17 մլն դրամի մասին է»,- ընդգծեց նա: ԵԱՍՄ նախկին աշխատակցի պատմելով՝ հիմնարկի բոլոր ավտոմեքենաները վառելիք միայն CPS բենզալցակային պատկանող կոնկրետ մեկ լցակայանից են լիցքավորում, որ Իսակովի պողոտայում է գտնվում»,- հավելեց նա: Աղմկահարույց գործարքներից մեկն էլ այն է, որ պարգեւավճար ստացած բոլոր աշխատակիցները դրա մի մասն անպայման վերադարձրել են: «Մարությանի անմիջական իմացությամբ 3 տարի շարունակ բոլորիս ստացած պարգեւավաճարի մի մասը, հաճախ՝ ամբողջը, վերադարձվել է»,- նշեց նա: Եթե ԱԱԾ-ում պարզվեցին՝ այս ամենը կամ դրա փոքր մասը 100% ճշմարտություն է, ստացվում է՝ դա եղել է այն ժամանակ, երբ Մարությանը Փաշինյանի սիրելին էր, ու նրան ներվում էր թվացյալ ամեն մի անօրինականություն: Հիմա, սակայն, քաղաքական ճնշումներ են իրականացվում երբեմնի «կարգին Հայկոյի» նկատմամբ:
Գավառի կրակոցներից եւ դրան հաջորդած զանգվածային անկարգության դեպքից անցել է մեկ տարի, եւ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այս քրեական գործով դատարանում ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: Հիշեցնենք, որ այս աղմկահարույց գործով ներգրավված են տասնինն ամբաստանյալներ, տասներկու պաշտպաններ, յոթ տուժողներ, երկու տուժողի ներկայացուցիչներ: Սա այն դեպքն էր, երբ ապրիլի 28-ին Գավառի Ազատության պողոտայում հնչել էին կրակոցներ, ինչի հետեւանքով սպանվել էր 2, վիրավորվել՝ 6 հոգի: Վիրավորներից ոմանք տեղափոխվել էին Գավառի, ոմանք՝ Երեւանի հիվանդանոցներ: Դեպքի վայր էր շտապել այդ ժամանակ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը, որը ներկայումս ՀՀ պաշտպանության փոխնախարարն է: Նախկին ոստիկանապետ Սարգսյանը չկարողացավ հանցագործությունը կանխել: Բանն այն է, որ կրակոցների հետեւանքով սպանվածի հարազատները շտապել էին հիվանդանոց՝ վիրավորների հետ հաշվեհարդար տեսնելու: Հիվանդանոցում գրանցվել էր 2-րդ միջադեպը. կոտրելով դռներն ու պատուհանները՝ նրանք ներխուժել էին հիվանդասենյակներ եւ վնասվածքներ հասցրել, անգամ փորձել էին վիրավորներից մեկի վիզը կտրել: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քրեական գործը դատարանի վարույթում է գտնվում 2021 թվականի հունվարի 8-ից, սակայն ամիսներ շարունակ այս գործով որեւէ դատական նիստ, ըստ էության, չի կայացել դատավարության տարբեր մասնակիցների չներկայանալու պատճառով: Արդյունքում քրեական գործից մասեր են անջատվել, որոնք քննվելու են առանձին:
Ցեմենտի ներմուծման արգելքը կերկարաձգվի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ցեմենտի ներմուծման արգելքը երրորդ երկրներից երկարաձգվում է 6 ամսով, որն իրականացվում է լիցենզիաների հիման վրա: Ի դեպ, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն այս մասին որոշման նախագիծն արդեն շրջանառության մեջ է դրել: Ըստ նախարարության՝ արգելքի արդյունքում տեղական ցեմենտ արտադրողների համար բարենպաստ պայմաններ է ստեղծվել ներքին շուկայում երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի հետ մրցակցելու համար։ Մասնավորապես, այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ-ում արտադրվել է 701 հազար 800 տոննա ցեմենտ, իսկ աճի տեմպը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 15.1 տոկոս: Տեղեկացնենք, որ այս տարվա հունվարի 27-ին տեղական ցեմենտ արտադրողների մոտ դժգոհությունները մեղմացնելու նպատակով Կառավարությունը որոշում ընդունեց մինչեւ 2021թ. ապրիլի 8-ն արգելել ցեմենտի ներմուծումը Հայաստան իսկ ապրիլի 1-ին ընդունեց որոշում՝ ներմուծվող ցեմենտի եւ ցեմենտի հումքի՝ կլինկերի համար սահմանված տուրքերը բարձրացնելու վերաբերյալ: Հիմա, փաստորեն, Էկոնոմիկայի նախարարությունը առաջարկում է կառավարությանը եւս վեց ամսով արգելել ցեմենտի ներմուծումը: