ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՕՐԵՆՔ ԵՆ ԽԱԽՏԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակիցները՝ մայրաքաղաքի ամենօրյա մաքրությունն ապահովողները, հիգիենիկ տարրական պայմանների բացակայության պայմաններում ու կատարած աշխատանքի դիմաց չնչին աշխատավարձ են ստանում. ArmLur.am-ի հետ զրույցում ասում է վերոնշյալ հիմնարկի Աղբահանության համակարգման եւ կառավարման բաժնի նախկին պետ Արթուր Բաբյանը: Մեր զրուցակցին հիմնարկի պետ Արմեն Գրիգորյանն աշխատանքից ազատել է իր՝ կորոնավիրուսով հիվանդ եղած ժամանակ, ինչն օրենքի խախտում է: Բաբայանը նշում է նաեւ, որ հիմնարկի տնօրենը, որ ամսական մոտ 800 հազար դրամ աշխատավարձ է ստանում, եռամսայկը մեկ նաեւ երկու միլիոնի հասնող պարգեւավճար է ստանում:

 

-Մեզ հետաքրքրում է, մասնավորապես, պարգեւատրումների եւ դրամական ոչ ճիշտ բաշխումներ մասին տեղեկությունները: Դուք ի՞նչ ինֆորմացիա ունեք:

-Պարգեւատրումների հետ կապված հստակ ասեմ, որ Գրիգորյան Արմենը համարվում է Երեւանի քաղաքապետարանի աշխատակից, այսինքն՝ «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենն է: Նրա արձակուրդից սկսած՝ ամեն ինչ որոշվում է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից:  Ու այստեղ կա մի մեծ հարց. Գրիգորյան Արմենի աշխատավարձը կազմում է 850.000 դրամ, ու այս ֆոնի վրա ամեն երեք ամիսը մեկ անգամ ստացել է երկու դրույքաչափ պարգեւավճար: Շատ հետաքրքիր է, թե օրենքի որ կարգավորմամբ է: Միգուցե քաղաքապետարանի մյուս աշխատակիցներն էլ են երկու դրույքաչափ պարգեւավճար ստացել. իհարկե՝ ոչ: Ստացվում է, որ ստացել է 2550000 դրամ:

-Միգուցե Մարությանի մտերիմն է, դրա համա՞ր է եռամսյակը մեկ անգամ այդչափ պարգեւավճար ստանում, ինչպես Դուք եք նշում:

-Ես ինչ ասում եմ, կարող եք թվերով ճշտել: Ուղղակի կոռեկտ չէ ասել, բայց այդ 2550000 դրամ պարգեւավճար ստացել է այն դեպքում, երբ քաղաքապետարան սանմաքրման եւ աղբահանության ոլորտի մոտ 730 աշխատակիցներից պարգեւավճար ստացել են մոտավոր 150-180 հոգի:

-Դա ինչքա՞ն գումար է կազմում:

-Իրենց աշխատավարձը կազմում է 78.000 կամ 150.000 դրամ, ստացած պարգեւավճարները կազմում են դրանց կեսը, այսինքն՝ կես դրույքը: Նման տեսակավորում անելը խելամիտ չէ՝ մեկին պարգեւավճար տան, մյուսին՝ ոչ: Իսկ մտերմության հետ կապված՝ ասեմ, որ մամլո խոսնակը հերքեց, որ Հայկ Մարությանը եւ Արմեն Գրիգորյանը մտերիմ ընկերներ են, հերքվեց նաեւ, որ իրենց կանայք են մտերիմ միմյանց հետ: Այս դեպքում մի հետաքրքիր հարց. Արմեն Գրիգորյանը ինչի՞ շնորհիվ եկավ ու դարձավ 5,3 միլիարդանոց հիմնարկի տնօրեն:

Ինձ աշխատանքից հեռացնում են այն դեպքում, երբ ես Քովիդ 19-ի բժշկական թերթիկի մեջ եմ եղել: Ինձ հոկտեմբերի 22-ին մեկ ամբողջ օր աշխատանքից ազատվելու հոդվածով աշխատանքից հեռացնում են: Սկսվում է հաջորդ աբսուրդը: Առողջապահության եւ աշխատանքի տեսչության բողոք ներկայացրեցի, եւ իրենք ոչ իրավաչափ ճանաչեցին  Արմեն Գրիգորյանի՝ ինձ աշխատանքից հեռացնելու որոշումը: Ու մինչ օրս Արմեն Գրիգորյանը այդ կարգադրագրի պահանջը չի կատարել ու ինձ աշխատանքի չի վերականգնել, նույնիսկ ինձ վերջնահաշվարկ չի վճարել:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

ՀՀ-Ն ԿԴԱԴԱՐԻ ՕԳՏՎԵԼ GSP+ ՌԵԺԻՄԻՑ

Հունվարի 1-ից Հայաստանի համար կդադարի գործել Եվրամիության GSP+ ռեժիմը: ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել, թե ինչ փոփոխություններ կլինեն հունվարի մեկից: Էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` հունվարի 1-ից Հայաստանն այեւս չի կարող օգտվել GSP+ արտոնյալ առեւտրային ռեժիմից, որը Երեւանի համար գործում էր 2009թ. հունվարի 1-ից: Մասնավորապես, այս համակարգը ցածր ու ցածր-միջին եկամտով երկրներին թույլ է տալիս ավելի քան 6200 ապրանքատեսակ արտահանել Եվրամիության շուկա զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով:

 

Իսկ այսպիսի որոշման պատճառն այն է, որ դեռեւս 2012թ. Եվրամիության կողմից ընդունվել էր կանոնակարգ, ըստ որի՝ եթե երեք տարի անընդմեջ Համաշխարհային բանկը GSP+-ից օգտվող երկրին ճանաչում է միջինից բարձր կամ բարձր եկամուտ ունեցող պետություն, ապա երկիրը զրկվում է Բրյուսելի սահմանած արտոնյալ առեւտրային ռեժիմից։ Հայաստանը 4-րդ տարին անընդմեջ Համաշխարհային բանկի կողմից դասակարգվել է որպես միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր։  Դասակարգումները իրականացվում են բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի հիման վրա՝ ընթացիկ ԱՄՆ դոլարով՝ նախորդ տարվա համեմատ։ Սա նշանակում է, որ 2022թ.-ի հունվարի 1-ից ՀՀ-ն կդադարի օգտվել Եվրամիության GSP+ առեւտրային արտոնությունից, սակայն կշարունակի գործել MFN դրույքները, որոնք նույնպես նախատեսում են մաքսատուրքերի դրույքների նվազեցում:

ՀՀ-ն օգտվում է Միացյալ Նահանգների, Կանադայի, Շվեյցարիայի, Նորվեգիայի, Ճապոնիայի GSP համակարգից, ինչպես նաեւ ԵՄ-ի GSP+ համակարգից՝ ապրանքների արտոնյալ մուտք ունենալով ԵՄ շուկա: Հայաստանից բացի, միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների շարքում են եւս 57 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը։ Հայաստանի ցուցանիշը 4200 ԱՄՆ դոլար է, Ռուսատանինը՝ 10700, Թուրքիայինը՝ 9100, Ադրբեջանինը՝ 4500, իսկ Վրաստանինը՝ 4300։ Հավելենք, որ  արտահանման ցուցանիշով Եվրամիությունը Հայաստանի արտահանման երկրորդ խոշոր շուկան է ԵՏՄ-ից հետո։ Վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին ինն ամիսներին Հայաստանի արտահանումը Եվրամիություն կազմել է շուրջ կես միլիարդ դոլար կամ հայաստանյան ողջ արտահանման գրեթե 23 տոկոսը։

Ն.Հ.

 

 

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԳԵՐԻՆԵՐԸ

Դեկտեմբերի 19-ին Բաքվից Երեւան վերադարձած մեր հայրենակիցները նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողներն են: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյան: «Նրանցից երկուսը Շիրակի մարզից են,- նշեց Սահակյանը՝ ավելացնելով:- Ինչ վերաբերում է Խծաբերդի տարածքից գերեվարված անձանց, ապա այս պահի դրությամբ նրանց վերադարձի մասով դեռ նորություններ չկան»: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին արտգործնախարարության մամուլի ծառայությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստան 10 ռազմագերի է վերադարձել։

 

 

ԿԱՐՏՈՖԻԼԻ ԳԻՆԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է

Հայաստանում կարտոֆիլի մեկ կիլոգրամի գինը երեւանյան խանութներում, սուպերմարկետներում գերազանցում է 320 դրամը, իսկ շուկայում այն 190-220 դրամ է: Մեր հանրապետությունում կարտոֆիլի գինը, նախորդ տարվա այս ժամանակահատվածի հետ համեմատ, ավելի բարձր գնով է վաճառվում։ ArmLur.am-ը եղավ «Մեյնմանդար» կոչվող գյուղատնտեսական մեծ շուկայում եւ արձանագրեց, որ այստեղ կարտոֆիլի մեկ կիլոգրամը վաճառվում է՝ սկսած 160 դրամից: Նախորդ տարվա այս ամիսներին կարտոֆիլի մեկ կիլոգրամի արժեքը տատանվում էր մինչեւ 150 դրամի սահմաններում։ Ըստ գյուղատնտեսների՝ ձմռան ամիսներին կարտոֆիլի գինն է՛լ ավելի է բարձրանալու, նախորդ տարվա համեմատ՝ ավելի թանկ է լինելու։ Նրանց խոսքերով՝ պատճառը ոռոգման ջրի պակասն է, որի մասին գյուղացիները բարձրաձայնում էին դեռ տարեսկզբին։ Բավարար քանակությամբ ջուր չունենալու պատճառով կարտոֆիլի բերք այս տարի սպասվածից քիչ է հավաքվել, ինչի արդյունքում կարտոֆիլի գինը բարձրացել է։

Սակայն նկատենք, որ այս ամենից ավելի շատ օգտվում են վերավաճառողները, որոնք գյուղացիներից ցածր գնով ձեռք են բերում կարտոֆիլ ու այն ավելի թանկ վաճառում են։ Ոչ մի աշխատանք չանելով՝ նրանք ավելի շատ են եկամուտ ստանում, քան գյուղացին, որն օր ու գիշեր շոգին եւ ցրտին տանջվում, հող է մշակում եւ վերջում կոպեկներով իրացնում բերքը:

 




Լրահոս