ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾՈՆ ԿԴԱՌՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տրանսպորտային ոլորտում երկկողմ համագործակցությունն առաջնահերթություն է մեզ համար։ Մենք համագործակցում ենք տրանսպորտային միջազգային մի շարք կառույցների շրջանակներում, մեծ կարեւորություն ենք տալիս Պարսից ծոց – Սեւ ծով միջազգային տրանսպորտային երթուղին եւ տրանսպորտի ոլորտում այլ նախաձեռնությունների կյանքի կոչմանը։ Հարկ եմ համարում նշել, որ Պարսից ծոցը Սեւ ծովին կապող ուղին իրավամբ կարող է զարկ տալ տարածաշրջանային համագործակցությանը: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստի ժամանակ:

 

«Ընդ որում՝ Պարսից ծոց-Սեւ ծով երթուղու մասին խոսելիս ուզում եմ ընդգծել, որ այստեղ կա երկու նախագիծ՝ ավտոմոբիլային երթուղի եւ երկաթուղային երթուղի: Ավտոմոբիլային երթուղու զարգացման ուղղությամբ մենք իրականացնում ենք Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցումը, որը հայ-վրացական սահմանը կապում է Հայաստան-Իրան սահմանի հետ: Ճանապարհի առավել արդյունավետ աշխատանքի համար մենք ակտիվ քննարկումների մեջ ենք մեր իրանցի եւ վրաց գործընկերների հետ, ու շատ կարեւոր է, որ այստեղ լիարժեք փոխըմբռնման հասնենք: Ընդ որում, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, որ եթե մեզ հաջողվի Հայաստան-Ադրբեջան ավտոմոբիլային հաղորդակցության վերաբերյալ համաձայնության գալ Արբեջանի հետ, այս նախագիծն էականորեն կփոխվի՝ դառնալով Հյուսիս-Հարավ, Արեւելք-Արեւմուտք երթուղի»,- նշել է նա:

Փաշինյանը նաեւ հիշեցրել է, որ նեյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպումների արդյունքներով հնարավորություն է առաջացել, որ Ադրբեջանի հետ կարող են համաձայնության գալ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման վերաբերյալ: «Իսկ երկաթուղային հաղորդակցության վերականգնման շուրջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ արդեն իսկ սկզբունքային պայմանավորվածություն ենք ձեռք բերել: Խոսքը Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման մասին է, եւ հույս ունենք այդ աշխատանքն ավարտել առաջիկա 2-3 տարվա ընթացքում: Իհարկե, պետք է աշխատել, որ մեր պայմանավորվածություններն ինչպես կան, հստակ արձանագրվեն», – հավելեց նա: Նա նաեւ չի համաձայնել փորձագետների այն տեսակետի հետ, թե նախագիծը կարող է շահեկան չլինել Վրաստանի համար. նկատի ունի երկաթուղային հաղորդակցության բացումը: «Պիտի կտրականապես չհամաձայնվեմ այդ դիրքորոշման հետ, որովհետեւ եթե Ջուլֆայով բացվի Հայաստան-Նախիջեւան-Իրանի Իսլամական Հանրապետություն երկաթուղին, կունենանք Պարսից ծոց-Սեւ ծով ամենաարդյունավետ եւ օպտիմալ երկաթուղային հաղորդակցությունը, եւ այդ երկաթուղին կանցնի Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի տարածքով` դառնալով ոչ միայն տնտեսական զարգացման, այլեւ տարածաշրջանային անվտանգության կարեւորագույն գործոն», – հավելեց նա:

Հայաստանի վարչապետը Վրաստան էր ժամանել մասնակցելու Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին։ Նիստի աշխատանքներին մասնակցում են երկու երկրների կառավարությունների անդամները, ինչպես նաեւ համապատասխան մասնագիտացված գերատեսչությունների ղեկավարները։ Երկու երկրների հարաբերությունների աննախադեպ դրական ու նոր փուլի մասին բարձրաձայնել են եւ՛ Ղարիբաշվիլին, եւ՛ Փաշինյանը նիստի ընթացքում: «Վարչապետ Ղարիբաշվիլիի հետ արդեն քննարկել ենք եւ փորձելու ենք մինչեւ 2026 թվականը մեր երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը հասցնել 1 միլիարդ դոլարի: Սա չափազանց կարեւոր ու հավակնոտ խնդիր է, որը լուծելու համար մեզ անհրաժեշտ է ներդնել դրամատիկ ջանքեր: Ճիշտ է, այս տարվա առաջին 10 ամիսների մեր փոխադարձ առեւտրի ցուցանիշն արդեն իսկ գերազանցել է նախորդ երեք տարիների տարեկան ցուցանիշը, բայց մենք դեռ շատ հեռու ենք 1 միլիարդի նշաձողից ու պետք է լրջորեն աշխատենք այս ուղղությամբ», – հավաստիացրեց Նիկոլ Փաշինյանը:

Վրաստանի վարչապետն իր հերթին ընդգծել է` երկու կառավարությունների, երկրների միջեւ ոչ մի չհասկացված հարց չկա, կան իդեալական հարաբերություններ:

Ն.Հ.

 

 

ՀԱՍԱՎ ԱԱԾ

ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել Ազգային ժողովի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած միջադեպի գործով: Մեզ հայտնի դարձավ, որ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝ խուլիգանության հատկանիշներով: Այս տեղեկությունը հաստատեց Գերասիմ Վարդանյանի փաստաբան Բենիկ Գալստյանը: Հիշեցնենք, որ վերոնշյալ օրը «Հայաստան» դաշինքի պատգամավորների օգնականները վիճել էին իշխանական պատգամավորների հետ:

 

ՈՎՔԵ՞Ր ԷԻՆ ՆԵՐԿԱ

Չնայած Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն էր տարածել եւ նշել, թե չեն մասնակցելու Երեւանի ավագանու երեկվա հերթական նիստին, սակայն եղան մարդիկ, որոնք ներկա էին նիստին: Նախ նշենք, որ նիստին ներկա էին «Լույս» խմբակցության անդամներն ու ԲՀԿ-ից մի քանիսը, ինչպես նաեւ Իզաբելլա Աբգարյանը, որը դուրս է եկել իշխող խմբակցությունից եւ համարվում է անկախ ավագանի: Այսպիսով, «Իմ քայլը» խմբակցությունից նիստին ներկա էին Պավել Մազմանյանը, Սերգեր Սարգսյանը, Վահե Գեւորգյանը: Հավելենք, որ Սարգսյանն ու Մազմանյանը բժիշկներ են եւ, քաղաքապետարանում տարածված խոսակցությունների համաձայն, Հայկ Մարությանի ընկերներն են:

 

ՔԱՂԱՔԱՊԵՏ ԸՆՏՐՎԵՑ

Նոյեմբերյանում քաղաքապետ ընտրվեց «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արսեն Աղաբաբյանը: Աղաբաբյանին՝ ավագանու 12, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը» ներկայացնող Կարեն Աբազյանին 9 անդամ ձայն տվեց: Նշենք, որ, ընտրության արդյունքներով, «Ապրելու երկիրն» ու «Հանուն հանրապետության» կուսակցությունները՝ ավագանու 6, իսկ ՔՊ-ն 9 մանդատ էին ստացել: ArmLur.am-ն ավելի վաղ էր գրել, որ Նոյեմբերյանում ոչ իշխանական երկու ուժերը, նախապես ունեցած պայմանավորվածության համաձայն, կոալիցիա կկազմեն՝ չեզոքացնելով ՔՊ-ի թեկնածուի շանսերը: Մեր ունեցած տեղեկություններով՝ երբ արդեն հայտնի են եղել ընտրության արդյունքները, Աղամյանի ու Աղաբաբյանի շտաբի ներկայացուցիչները հանդիպել են ու վերահաստատել՝ հետընտրական կոալիցիան ուժի մեջ է, ու Նոյեմբերյանում 43-57 տոկոս հարաբերակցությամբ համայնքապետ կընտրվի «Հանուն հանրապետություն» ու «Ապրելու երկիր» կուսակցությունների կոնսեսուսային թեկնածուն:

 

 

 

ԿՈՒՏԱԿՈՒՄՆԵՐ՝ ԼԱՐՍՈՒՄ

«Վերին Լարս» անցակետում մոտ 400-500 հայկական բեռնատար է կուտակվել, եւ օրական այդ թիվն ավելանում է մոտ տասը ավտոմեքենայով։ Այս մասին ասել է «Վերին Լարս» անցակետում Հայաստանի մաքսային կցորդ Արամ Թանանյանը։ Նրա փոխանցմամբ՝ Վրաստանի եւ Ռուսաստանի կողմից 1500-2000 բեռնատար է կուտակվել, օրական եւս մոտ 500 ավտոմեքենա է կուտակվում, իսկ մեքենաների մեկ քառորդը հայկական է։ Ձյան եւ ուժեղ քամու պատճառով վերջին երկու օրերին ճանապարհը փակ է եւ նույնքան ժամանակ փակ կլինի, իսկ մաքրման համար կպահանջվի եւս մեկ օր։ «Բեռնատարների տեղաշարժը կարող է սկսվել մոտ 3-4 օրից գիշերային ժամին, քանի որ ցերեկը կորոնավիրուսի պատճառով սպասարկվում են մարդատար ավտոմեքենաները»,- հավելել է նա։ «Հույս կա, որ դեկտեմբերի 29-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը մեքենաները նման թվով չեն կուտակվի, եւ հերթը կթեթեւանա»,- եզրափակել է Ա. Թանանյանը:

 

 

ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության շնորհիվ բարելավվել է հումանիտար իրավիճակը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. գրում է ՌԻԱ Նովոստին։ «Արդեն մեկ տարուց ավելի է՝ մեր խաղաղապահներն օգնում են պահպանել կայունությունը Լեռնային Ղարաբաղում։ Մեծամասամբ նրանց ջանքերի շնորհիվ բարելավվել է հումանիտար իրավիճակը, ականազերծվել են մի շարք շրջանների տարածքներ, վերականգնվել են սոցիալական ենթակառուցվածքները, պահպանվել են պատմամշակութային հուշարձանները»,- ասել է Պուտինը ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստում։ Նա շնորհակալություն է հայտնել է անձնակազմերին, որոնք իրականացնում են խաղաղապահ առաջադրանքները պրոֆեսիոնալիզմի եւ տոկունության համար։

 

 

ԳՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ՏԵՐՄԻՆԱԼԻՑ

Ոստիկանության փոխանցմամբ՝ դեկտեմբերի 17-ին՝ լույսը դեռ չբացված, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայում շրջիկ ծառայություն իրականացնող Բազումի բաժնի համայնքային ոստիկանները նկատել էին, որ դիմակավորված անձը լինգով կոտրում է վճարային տերմինալը։ Արագ մոտեցել էին ու բռնել՝ կանխելով գողությունը։ Ոստիկանության Բազումի բաժին բերման ենթարկված 29-ամյա տղամարդը Վանաձորի Բաղրամյան փողոցի բնակիչ է։ Քննությունը շարունակվում է:

 

 




Լրահոս