8 ՔՐԳՈՐԾ՝ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2021թ. դեկտեմբերի 5-ին հանրապետության 9 մարզերի 38 խոշորացված համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների ընտրական ողջ գործընթացի՝ ներառյալ ընտրարշավի, քվեարկության օրվա եւ քվեների հաշվարկի ժամանակահատվածի վերաբերյալ իրավապահ մարմիններն ստացել են առերեւույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցագործությունների մասին ընդհանուր 87 հաղորդում-ահազանգ՝ ներկայացված ինչպես ԶԼՄ հրապարակումներով եւ սոցցանցերի օգտատերերի առանձին գրառումներով, այնպես էլ ֆիզիկական անձանց, այդ թվում՝ ընտրության մասնակիցների՝ տեղամասային ընտրական հանձնաժողովիների նախագահների, դիտորդների կողմից տրված հաղորդումներով, ոստիկանության աշխատակիցների զեկուցագրերով:  Այս մասին տեղեկացրել է դատախազությունը: Ամենաշատ հաղորդում-ահազանգերը վերաբերել են ՀՀ Գեղարքունիքի մարզի խոշորացված համայնքներում կայացած (թվով  18), ամենաքիչը՝ ՀՀ Տավուշի եւ ՀՀ Վայոց ձորի մարզերի ընտրություններին (4-ական):

 

Նշված 87 հաղորդումների զգալի մասն ուղարկվել է նախաքննության մարմին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով, իսկ մի մասի կապակցությամբ, հաշվի առնելով դրանց վերացական կամ ընդհանրական բնույթը, ոստիկանության բաժիններում նախաձեռնվել են ստուգողական գործողություններ: Դրանց արդյունքում թվով 79 հաղորդում-ահազանգերից մի մասի դեպքում օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ստուգման ենթակա  հանգամանքները չեն հաստատվել եւ թողնվել են անհետեւանք, իսկ մյուս մասի դեպքում նախապատրաստված նյութերով կայացվել են հանցադեպի կամ հանցակազմի բացակայության հիմքերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ: 8 դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր:  3 քրեական գործ հարուցվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներում կայացած ընտրությունների ընթացքում արձանագրված դեպքերի կապակցությամբ: Դրանցից երկուսը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ կապված Վարդենիս խոշորացված համայնքում առերեւույթ ընտրակաշառք տալու 2 դեպքի հետ, իսկ մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝  կապված Վարդենիս համայնքի ընտրատեղամասերից մեկում քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքի հետ: 2 քրեական գործ վերաբերում է ՀՀ Լոռու մարզի համայնքներում կայացած ընտրություններին: Դրանցից մեկը՝ կապված Վանաձոր համայնքի ընտրատեղամասերից մեկում կրկնակի քվեարկության փորձ կատարելու դեպքի հետ, հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ մյուսը հարուցվել է Վանաձոր համայնքի ընտրությունների ընթացքում պարտքի դիմաց վերցված անձնագիրը քաղաքացուն չվերադարձնելով վերջինիս ընտրական իրավունքի իրացմանն առերեւույթ խոչընդոտելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի եւ 213-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 2 քրեական գործ առնչվում է ՀՀ Կոտայքի մարզի համայնքներում կայացած ընտրություններին: Դրանցից մեկը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի հատկանիշներով՝ Աբովյան խոշորացված համայնքի ընտրատեղամասերից մեկի մոտ անձին ծանր վիրավորանք հասցնելու դեպքի առթիվ, իսկ մյուսը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ կրկին Աբովյան խոշորացված համայնքի ընտրություններում առերեւույթ ընտրակաշառք տալու հետ կապված:

1 քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասին հատկանիշներով հարուցվել է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում կայացած ընտրությունների ընթացքում արձանագրված առերեւույթ ընտրակաշառք տալու դեպքի կապակցությամբ:

Նշված քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավված անձինք դեռեւս չկան: Դատախազության մարմինների կողմից պատշաճ դատավարական ղեկավարման եւ հսկողության ներքո միջոցներ են ձեռնարկվում բոլոր դեպքերին, դրանց առնչվող անձանց արաքներին վերջնական իրավական գնահատականներ տալու ուղղությամբ:

Ն. Պ.

 

 

ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔ

Երեկ ողբերգական դեպք  է տեղի ունեցել  Երեւանում. ժամը 11:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացիներից, որոնք  հայտնել են, որ  արդեն մի քանի օր է՝ Չեխովի փողոցի 54 շենքի 6-րդ բնակարանի բնակիչները, ովքեր տարեց  ամուսիններ են, չեն արձագանքում դռան եւ հեռախոսազանգերին: Ոստիկանները դիմել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն, որտեղից ժամանել է թիվ 17 փրկարարական ջոկատը, որոնք բացելով դուռը՝ ննջասենյակում հայտնաբերել են ամուսինների դիերը: Պարեկները սահմանազատել են տարածքը, եւ այս պահին տեղում աշխատում է դատական բժիշկը: Շենգավիթի ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ  մահացածներն են 85-ամյա Ժորիկ Ի.-ն եւ 76-ամյա Սեդա Գ.-ն: Վերջիններիս դիերը եղել են կիսաքայքայված: Դատաբժշկի  նախնական եզրակացության համաձայն՝ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն: Բնակարանը գազազրկված է եղել, եւ, ըստ նախնական տեղեկությունների, ամուսինները հանկարծամահ են եղել:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆ ԹՄՐԱՄԻՋՈՑ Է ԲԵՐՎԵԼ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված հետեւողական հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցի առանձնակի խոշոր քանակի մաքսանենգության դեպք: Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, Արեւմտյան մաքսատուն-վարչության եւ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում մաքսային հսկողության է ենթարկվել Սան Պաուլո-Դուբայ-Երեւան ավիաչվերթով Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանած Բրազիլիայի Դաշնային Հանրապետության քաղաքացին եւ վերջինիս ուղեկցող ուղեբեռը: Հայաստան ժամանած քաղաքացու ուղեբեռի մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել է «Կոկաին» տեսակի թմրամիջոցի սպիտակ փոշենման զանգվածների պարունակությամբ 2 փաթեթ: Դրանք թաքցված են եղել նրա ուղեբեռի ներքին հատվածներում նախապես պատրաստված թաքստոցներում: Մաքսային զննման արդյունքում հայտնաբերված «Կոկաին» տեսակի թմրամիջոցի զանգվածների ընդհանուր քաշը կազմել է 1721 գրամ: Այս խմբաքանակի շուկայական արժեքը կազմում է ավելի քան 600.000 ԱՄՆ դոլար: Փաստի առթիվ կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում նախապատրաստվել են նյութեր, իսկ օտարերկրացին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել ՊԵԿ քննչական վարչություն: Բրազիլիայի Դաշնային Հանրապետության քաղաքացին ձերբակալվել է: ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 1-ին մասով եւ 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 30-ամյա կնոջ կողմից առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Վանաձոր քաղաքի 63-ամյա բնակչուհին 13.500 ԱՄՆ դոլարով վաճառել է իր բնակարանը եւ այդ գումարը հայաստանյան բանկերից մեկում ձեւակերպել ավանդ։ Վերջինս իր 30-ամյա բարեկամուհուն լիազորել է տիրապետել ավանդը իրեն ՌԴ ուղարկելու նպատակով։ 2019թ. հունիսից մինչեւ 2020թ. հունիսն ընկած ժամանակահատվածում 30-ամյա բարեկամուհին մաս-մաս կանխիկացրել եւ յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված, առանձնապես խոշոր չափերով` 6.461.307 դրամին համարժեք 13.500 ԱՄՆ դոլարը եւ ծախսել անձնական կարիքների համար։ 30-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

 

 

ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացվել են գործողություններ՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գ.Ի.-ի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում մի շարք հանգամանքներ պարզելու ուղղությամբ: 2021թ. սեպտեմբերի 20-ին կայացած ասուլիսի ընթացքում Գ.Ի.-ն, գիտակցելով, որ իր կողմից տրամադրվող տեղեկատվությունը կեղծ է, հայտնել է չկատարված հանցագործության մասին: Մասնավորապես, հարցազրույցի ընթացքում Գ.Ի.-ն հայտնել է, թե, իբր, Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանը ուսումնասիրվել ու հավաքագրվել է թուրքական եւ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից, ինչպես նաեւ 2008 թվականից հետո համագործակցում է հիշյալ ծառայությունների եւ տվյալ ազգերի ներկայացուցիչների հետ, որի վերաբերյալ ինքը՝ Գ.Ի.-ն, կասկածներ չունի։ Ըստ Գ.Ի.-ի հայտարարության՝ Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանը բանակցություններ է վարել Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանի հետ, որի արդյունքում որոշվել է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը Բաթումի քաղաքում պետք է հանդիպի Թուրքիայի նախագահի ներկայացուցիչների հետ, որպեսզի վերջինից գումար խնդրի, քանի որ ՀՀ բյուջեում գումարը վերջացել է եւ չեն կարողանում թոշակները վճարել՝ այդկերպ հայ դիվանագետին հանիրավի մեղադրելով առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ։ Վերը նկարագրված հանցավոր արարքի կատարման համար ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով Գ.Ի.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ: Նույն օրը որոշում է կայացվել նրան ձերբակալելու մասին:

 

 




Լրահոս