ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ Է ԳՏԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանից Հայաստան միակ գործող ցամաքային ուղու այլընտրանքային տարբերակի՝ լաստանավի ծախսերը կփոխհատուցվեն: Արդյոք սա իրականություն կդառնա, թե ոչ, ցույց կտա ժամանակը: Բայց ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը նման առաջարկով դիմել է կառավարությանը: Ավելին այս մասին որոշման նախագիծն արդեն հանրային քննարկման է դրված:

 

Ըստ էկոնոմիկայի նախարարության ուսումնասիրությունների՝ լաստանավով բեռնափոխադրման դեպքում Լարսով փոխադրելու համեմատ ծախսերն ավելանում են լաստանավի փոխադրման վրա կատարված ծախսի չափով։

Եւ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոխհատուցել լաստանավով տեղափոխման ծախսերը ամբողջությամբ՝ իրականացնելով լաստանավի վարձակալում։ Որոշ տվյալներով՝ լաստանավը կարող է Փոթի-Կովկաս նավահանգիստ տեղափոխել յուրաքանչյուր ուղղությամբ 50 մեքենա, իսկ երկու ուղղությամբ տեղափոխման արժեքը կազմում է 100-120 հազար դոլար, հետեւաբար մեկ բեռնատար մեքենայի մեկ ուղղությամբ ծախսը կազմում է 1000-1200 դոլար, իսկ երկաթգծային վագոնով տեղափոխման դեպքում, քանի որ լաստանավը կարող է տեղափոխել 40 վագոն, ծախսը կկազմի 1200-1500 դոլար։ Պարզվում է՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 20-50 տոկոս զեղչերի կիրառելու վերաբերյալ։

Իսկ մինչ այդ նշենք, որ ԵԱՏՄ անդամ երկրների հետ Հայաստանը կապող միակ ցամաքային ճանապարհը Վերին Լարսն է, որի նախագծային թողունակությունը կազմում է օրական 170 բեռնատար եւ 200 մարդատար ավտոմեքենա՝ երկու ուղղություններով։ Այժմ այդ թիվն աճել է մի քանի անգամ՝ 650 բեռնատար եւ 1700 մարդատար մեքենա՝ երկու ուղղություններով։ Ավելին, այս թվերն էլ ավելի են աճում ամռան սկզբից սկսած՝ հանգեցնելով կուտակումների։

Բացի այս, գաղտնիք չէ, որ Ռուսաստանից Հայաստան միակ գործող ցամաքային ուղին` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը, պարբերաբար փակվում է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։ Արդյունքում Ռուսաստանի եւ Վրաստանի սահմանին մշտապես մեծ երկարությամբ հերթեր են առաջանում։ Ինչը լուրջ լոգիստիկ խնդիրներ է ստեղծում Հայաստանի համար, բացասական մեծ ազդեցություն թողնում տնտեսության, մասնավորապես՝ արտահանման ցուցանիշների վրա։ Ըստ էկոնոմիկայի նախարարության հաշվարկների՝ եթե մեկ մեքենայի միջինացված հաշվով բեռը գնահատվի 25 հազար դոլար, եւ այն, որ միջինում օրական 10-15 հայկական բեռներով մեքենաներ են անցնում Լարսով, ապա օրական 250 հազար դոլարի արտահանում չի իրականացվում։

Փոխարենն առաջարկվում է ամսական իրականացնել 8 չվերթ 50 մեքենայով, իսկ 1 մեքենայով տեղափոխվող արժեքը միջինացված գնահատվել է 25 հազար դոլար, հետեւաբար լաստանավով բեռնափոխադրման ծավալը 1 ամսում կկազմի 10 մլն դոլար։ Բացի այս, 20 տոկոս շահութաբերության պարագայում այդ ընկերությունների շահույթը կկազմի 2 մլն դոլար, որից միայն շահութահարկ կգեներացվի 360 հազար դոլար։ Պարզվում է, որ այս հաշվարկները վերաբերվում են նաեւ ներմուծող բեռներին։

Ըստ գնահարականների՝ 2,7 մլն դոլար հարկային մուտքեր կավելանան, իսկ ընդհանուր ծախսը կկազմի 8 չվերթի համար 800 հազար դոլար:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ

Հայաստանում կաթնամթերքի արտադրության ծավալներն այս տարվա 10 ամիսների արդյունքներով նվազել են: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ հունվար-հոկտեմբեր ամիսներին թթվասերի արտադրության ծավալները նվազել են 1.8, մածունինը` 5.4, իսկ կաթնաշոռինը` 1.9 տոկոսով, իսկ, ահա, կաթի արտադրության ծավալներն այս տարվա 10 ամիսներին 2.3 տոկոսով պակասել են: Ոլորտի մասնագետներից մի քանիսը ArmLur.am-ի հետ զրույցում ասացին, որ կաթնամթերքի արտադրության ծավալների անկումը պայմանավորված է կաթնատվության կրճատման հետ: Տեղեկացնենք, որ Հայաստանը ամեն տարի ներմուծում է կաթի փոշի, այդ թվում` կաթ եւ սերուցք` խտացրած կամ քաղցրացրած: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ Հայաստանը կաթի փոշի ներկրում է Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Իրանից, Լեհաստանից, Արգենտինայից: Մենք` սպառողներս, բնականաբար նախընտրում ենք բնական սննդամթերք:

Մինչդեռ որոշ արտադրողներ բավականին էժան գնով կաթի փոշի են ներկրում եւ դրանից կարողանում ավելի ցածր գնով կաթնամթերք ստանալ եւ վաճառել, ինչը բացասական ազդեցություն է ունենում գյուղացիներից մթերվող կաթի սպառման վրա: Այսինքն` գյուղացին կաթի մեկ լիտրը վերամշակող ընկերությանը վաճառում է 90-100 դրամով: Այս գինը գյուղացիների համար շատ ցածր է, քանի որ ծախսերը չի ծածկում: Բայց մասնագետների մի շրջանակ պնդում է, որ կաթի փոշին մեր երկրի կաթնամթերքի ոլորտում խիստ անհրաժեշտ է, քանի որ երբ երաշտ է լինում, եւ կաթը չի բավականացնում, կաթի ընդհանուր պահանջարկի մեկ երրորդը կաթնարտադրությունը չի կարողանում ապահովել, եւ այդ պակասը լրացվում է կաթի փոշու հաշվին: Մյուս կողմից, ենթադրվում է, որ առաջիկայում կաթի արտադրության ծավալներն է՛լ ավելի են նվազելու, քանի որ բազմաթիվ ֆերմերներ խոտ չունենալու պատճառով ստիպված են լինում մորթել իրենց անասունը:

Ս.Հ.

 

 

ՆԻՍՏԵՐԻ ՕՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ նախկին փոխվարչապետ, ներկայումս ԱԺ պատգամավոր Արմեն Գեւորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը միջնորդությունը ներկայացրել է դատարան նիստերի օրերը վերանայելու համար։ Նա հայտնել է, որ դեկտեմբերի 28-ից հունվարի 15-ը գտնվելու է արձակուրդում եւ երկրից դուրս։ Դեկտեմբերի 28-ի նիստին եւս ներկա չի լինի։ Փաստաբանը դատարանին ներկայացրել է ԱԺ նիստերի եւ ԵԽԽՎ նիստերի օրերը, որոնց պետք է ներկա գտնվի Արմեն Գեւորգյանը։ Հիշեցնենք, որ այժմ դատական ??նիստերն անցկացվում են երեքշաբթի օրերին։ Հաշվի առնելով այն, որ ժամը 15:00-ին փաստաբանը Վերաքննիչ դատարանում նիստ ունի, Սահակյանը խնդրել է նիստը հետաձգել։

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը համաձայնել է գործընկերոջ հետ՝ հիշեցնելով, որ երեքշաբթի օրերի նիստերը ֆիքսված չեն, եւ ՔԴՕ-ն ենթադրում է, որ յուրաքանչյուր հաջորդ նիստ նշանակվում է։ Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը նկատել է, որ փաստաբանի ներկայացրած գրաֆիկը հաշվի առնելով՝ նիստեր չեն լինի ոչ միայն այս տարի, այլեւ հաջորդ տարի։ «Ես այդպես էլ ասում էի, որ ՍԴ որոշումը կմեկնաբանվի այս ոգով»,- ասել է  Գեւորգյանը։ Միջնորդությանը դեմ  հանդես գալով՝ դատախազը անտրամաբանական է համարել մեկ նիստի հետաձգումը՝ հաջորդ նիստին փաստաբանի մասնակցությունն ապահովելու համար։

 

 

 

ՆՎԱԶԵԼ ԵՆ

Ըստ Տավուշի մարզպետարանի 2021 թվականի գործունեության ծրագրի՝ մինչ 1990 թվականը Տավուշի մարզի ներկայիս տարածքում ոռոգելի հողերը կազմել են 20,789 հա, իսկ 2020թ.-ին մարզի տարածքում փաստացի ոռոգվել է 3181 հա հողատարածք, որից Նոյեմբերյանի տարածաշրջանում՝ 2115 հա, Բերդի տարածաշրջանում՝ 820հա, Իջեւանի տարածաշրջանում՝ 246 հա։ 2021թ.-ին սուբվենցիոն 13 ծրագրով մարզում նախատեսված էր նորովի կառուցել 18 ոռոգման համակարգ եւ նորոգման ներքին ցանց, ինչպես նաեւ վերանորոգել ու վերականգնել 32 համակարգ։ Այս աշխատանքների արդյունքում նախատեսված էր մարզի տարածքում նորովի ոռոգելի դարձնել ընդհանուր 4800 հա հողատարածքներ եւ այգիներ:  2021թ. սուբվենցիոն ծրագրերով նախատեսվում էր իրականացնել շուրջ 5.9 միլիարդ դրամի աշխատանքներ, 101,8 միլիոն դրամի աշխատանքներ նախատեսված էին Եվրոպական զարգացման բանկի, կառավարության եւ համայնքային համաֆինանսավորմամբ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Բերքաբերում նախատեսված է իրականացնել ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներ՝  240միլիոն  դրամ արժողությամբ: 2017թ.-ին  նախատեսվում էր  կառուցել Հախումի եւ Կղբի ջրամբարները, դրանցում կուտակել 2 միլիոն խորանարդ մետր ջուր, սակայն այդ ջրամբարների կառուցման ծրագրերը մնացին թղթի վրա: Տավուշի մարզի Աղստեւ, Ոսկեպար, Հախում,  Քարահան եւ այլ գետերի ջրերը հոսում են Ադրբեջան, որտեղ այդ ջրերը կուտակելու համար մեծ ջրամբարներ են կառուցված։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ Է

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում` 2021թ. դեկտեմբերի 20-ին եղբոր կողմից քրոջ նկատմամբ սպանության փորձի դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է Արագածոտնի մարզի՝ 1997թ. ծնված բնակչուհուց, որը հայտնել է, որ եղբայրն իրենց տանը խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել իրեն։ Նախնական տվյալներով՝ 20-ամյա երիտասարդը քրոջն ապօրինի կյանքից զրկելու դիտավորությամբ դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով բազմաթիվ կտրած-ծակած վերքեր, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել՝ տուժողին ցուցաբերված շտապ բուժօգնության շնորհիվ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները, առգրավվել է որպես հանցագործության գործիք հանդիսացող դանակը, նշանակվել են փորձաքննություններ: ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում երիտասարդը հայտնաբերվել, բերման է ենթարկվել: Վերջինս ձերբակալվել է՝ քրոջ սպանության փորձի կասկածանքով։ Նախաքննությունը շարունակվում է:

 




Լրահոս