Կիթառով տղային` Սաշին, ով գիտի մարդկանց սրտի լարերին դիպչել, մինչեւ Զինված ուժերում ծառայելը հաճախ կարելի էր տեսնել երեւանյան տաքուկ անկյուններում, ընկերական ջերմ միջավայրում երգելիս, նվագելիս: Հիմա դերասան Սաշան արդեն զինվոր Ալեքսանդր Գաբրիելյանն է: Նա գրեթե մեկ տարի է` արվեստը խառնում է բանակային դիսցիպլինին, ասում է` դժվար է, բայց ոչ անհնարին: Ծառայության ընթացքում Սաշան հասցրել է անգամ օրագիր պահել, որը շուտով պատրաստվում է հրատարակել գրքի տեսքով, որը կկոչվի «Նամակ Մատնաչափիկին»: Armlur.am-ը հետաքրքրվել է այս եւ այլ մանրամասների մասին:
-Ծառության ընթացքում պահել օրագիր, եւ այն էլ` ոչ սովորական. օրագիր, որտեղ ձեր մտրումներն են, երկխոսությունը` Մատնաչափիկի հետ: Ե՞րբ եք ժամանակ գտնում ստեղծագործելու համար: Մատնաչափիկը գիտի՞ այս օրագրի մասին: Մեզ կպատմե՞ք` ով է նա:
-Միշտ էլ հնարավոր է ժամանակ գտնել, եթե կա ցանկություն: Ծառայել Զինված ուժերում եւ միեւնույն ժամանակ փորձել ստեղծագործել դժվար է, բայց ոչ անհնարին: Ծառայության եմ մեկնել, երբ սովորում էի Թատերական ինստիտուտի մագիստրատուրայում եւ ծառայությանս առաջին օրերից մտածում էի` ինչպես օգտագործել կրթությունս բանակում՝ ի նպաստ հետպատերազմական հայրենիքիս: Միշտ էլ սիրել եմ փորձել գեղարվեստորեն շարադրել մտքերս, բայց դրանք հրապարակելու մասին երբեք չեմ մտածել: Այդ առումով ինձ համար այս քայլը բավական պատասխանատու եւ ռիսկային էր: Ինչ խոսք, ռիսկի դիմել սիրում եմ, եթե սիտս է այդպես թելադրում: Այդպես էլ որոշեցի նամակս` ուղղված Մատնաչափիկին, փոքր-ինչ գեղարվեստորեն երանգավորել եւ հանրությանը ներկայացնել որպես գիրք-նամակ, իսկ վաճառքից ստացված հասույթը ուղղել բարեգործության: Առհասարակ, կարծում եմ, որ եթե յուրաքանչյուրս, անկախ մեր սոցիալական վիճակից, անկախ մասնագիտությունից, հասարակական դիրքից եւ քաղաքական կողմնորոշումից, մեր փոքրիկ ներդրումը կատարենք՝ ի նպաստ հայրենիքի, հնարավոր է, որ կարճ ժամանակում կարողանանք ոտքի կանգնել ու կառուցել ամուր պետություն: Իսկ թե ով է Մատնաչափիկը, թույլ տվեք պահել գաղտնի (ժպտում է):
-Դժվարին օրեր ենք ապրում` հետպատերազմյան փուլ, ողնաշարն ուղղելու ժամանակներ…Արվեստը կօգնի՞:
-Մեր ողջ պատմության ընթացքում կռիվ ենք տվել մեր մշակույթի, մեր տեսակի համար, ու այսօր հետին պլան մղել արվեստը, կարծում եմ, հանցավոր քայլ է, այո, հենց հանցավոր: Որովհետեւ արվեստը միակ ձեռքն է, որ կարող է շոյել մարդկանց սրտերը, մաքրել տխրությունը, ուժ տալ պայքարելու համար… Եկեք հետադարձ հայացք նետենք պատմությանը: Յուրաքանչյուր հեղափոխություն, պատերազմ, հաղթանակ հիշվում է դրան նվիրված երգերով, գրքերով, կտավներով, այսինքն` արվեստի գործերով: Ուստի, այո, արվեստը կարող է օգնել: Եթե պետական մակարդակով ճիշտ քայլեր ձեռնարկվեն, ապա արվեստի ձեռքերով կարող ենք բուժել մեր կոտրված մեջքը:
-Ձեր ծառայակից ընկերները կամ հրամանատարները գիտե՞ն, որ ստեղծագործում եք: Մեկ այլ աշխարհ ունենալը մեր իրականությունում օգնու՞մ է դիմագրավել փորձությունները:
-Այո, իհարկե տեղյակ են, դա գաղտնիք չէ, ավելին` նրանք իմ առաջին ունկնդիրներն են, ու նրանց քիմքը հասկանալը բավական բարդ պրոցես է, որովհետեւ բանակում մեկտեղվել են մարդկային բոլոր կերպարները եւ խտացված ձեւաչափով ապրում են միասին: Իսկ այլ աշխարհ բոլորն էլ ունեն. մեկի մոտ այն ավելի վառ է արտահայտված, մյուսի մոտ` ավելի քիչ: Ինչ վերաբերում է փորձություններին, դրանք սովորական երեւույթներ են, որոնք հարկավոր են կյանքին, իսկ դրանք հաղթահարելը մեկ ժպիտի խնդիր է:
-Ինչի՞ մասին եք երազում: Շուտով Ամանոր է, որքանո՞վ է կարեւոր անձնական ու անանձնական երազը չկորցնելը:
– Երազել… Միշտ եմ երազում: Կդժվարանամ ասել, թե կոնկրետ ինչի մասին եմ երազում. հնարավոր է` մայրիկիս պատրաստած «Միկադոյի» կամ քրոջս անհասկանալի ցանկության` իմ շապիկները հագնելու մասին, հայրիկիս` անվերջ թոռ ցանկանալու կամ Մատնաչափիկին տեսնելու մասին: Ինձ հաճախ են ասում, որ շատ եմ երազում, եւ այդքան երազել հարկավոր չէ, որ պետք է հողին կպած լինել: Իսկ ես, որպես պատասխան, ասում եմ, որ իմ բոլոր երազանքները կատարվել են եւ կատարվում են, ու երազելն ապրեցնող ուժ ունի իր մեջ:
-Ձեր օրագիրը կդառնա գիրք: Շնորհանդեսը ե՞րբ եք նախատեսում: Ընթերցողական թիրախը պատկերացնու՞մ եք:
-Շնորհանդեսը տեղի կունենա գալիք տարեսկզբին` արձակուրդիս ժամանակ, իսկ թիրախային խմբում երիտասարդ ընթերցողներն են եւ, առհասարակ, բոլոր նրանք, ովքեր սիրում են գեղեցիկը: Գրքիս հրատարակման աշխատանքներին մասնակցություն ունենալու համար հատուկ շնորհակալություն Մանե Գաբրիելյանին, Հովհաննես սարկավագ Ավետիսյանին, Քրիստինե Առաքելյանին:
Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
«ԳԻՇԵՐՆԵՐԸ՝ ԻՍՊԱՆԻԱՅԻ
ԱՅԳԻՆԵՐՈՒՄ»
Իսպանացի կոմպոզիտոր Մանուել դե Ֆայայի «Գիշերները՝ Իսպանիայի այգիներում» սիմֆոնիկ պատկերները՝ գրված դաշնամուրի եւ նվագախմբի համար, Հայաստանում առաջին անգամ կհնչեն:
Համերգային երեկոն տեղի կունենա դեկտեմբերի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ իսպանական թավ գույներով հագեցած ստեղծագործությունը կկատարի դաշնակահար Հայկ Մելիքյանը։
Իսպանական ժողովրդական մոտիվներով գրված այս գործը համարվում է Մանուել դե Ֆայայի ստեղծագործական գագաթներից. այստեղ կոմպոզիտորի տաղանդն ու անհատականությունը դրսեւորված են ամբողջ ուժով՝ արտացոլելով հեղինակի ամենաթանկ զգացումներն ու ազգային ակունքները։
Համերգի երկրորդ մասում կհնչի Յոհաննես Բրամսի Թիվ 1 սիմֆոնիան։
Երեկոն կղեկավարի իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն։
ՏԱՐՎԱ
ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԻՐՔԸ
Ժամանակակից գրող Հովիկ Աֆյանի «Կարմիր» գիրքը ճանաչվել է տարվա «Լավագույն գեղարվեստական գիրք»՝ հաղթելով TCK Publishing-ի կազմակերպած միջազգային մրցույթում: Մրցույթն անցկացվել է առցանց ձեւաչափով:
«Կարմիր»-ը մեր երկրից միակ գիրքն է եղել, որը մասնակցել է միջազգային մրցույթին՝ ներկայացնելով Հայաստանը։ Այն հաղթել է ընթերցասերների քվեարկության արդյունքում:
«Շատ ուրախ եմ, որ «Կարմիր»-ը ճանաչվել է տարվա «Լավագույն գեղարվեստական գիրք»: Ու քանի որ այն ամբողջ մրցույթում հարյուրավոր գրքերի մեջ միակն էր Հայաստանից, այսօր կարող եմ հանգիստ գլուխս դնել բարձին՝ վստահությամբ, որ մի բան արեցի Հայաստանի համար: Շնորհակալ եմ բոլոր ընթերցողներին, որոնց օգնությամբ տեղի ունեցավ այս հաղթանակը»,- նշում է Հովիկ Աֆյանը։
«Կարմիրը» գրքում հեղինակն ընդգծում է՝ պատերազմները փոխում են ամեն ինչ: Նույնիսկ նկարիչների սիրած գույնը կամ պարուհիների նախընտրած շարժումը: Անփոփոխ են մնում միայն մարդիկ, որոնք պատերազմում են կամ էլ խաղաղություն են որոնում՝ ամեն օր ավելի ու ավելի հեռանալով դրանից:
ՁԵՌՔ ԿԲԵՐԻ
Լոնդոնի «Չելսին» մտադիր է ձեռք բերել Թուրինի «Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Մատեյս դե Լիգտին. հաղորդում է The Sun-ը։ 22-ամյա ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել էր, որ Դե Լիգտը պատրաստ է նոր մարտահրավերների։ Դրանից հետո անգլիական ակումբի հետաքրքրությունը Դե Լիգտի նկատմամբ մեծացել է։ «Չելսիին» անհրաժեշտ է ձեռք բերել պաշտպանի, քանի որ հաջորդ ամռանը թիմից կհեռանան Անտոնիո Ռյուդիգերը, Սեսար Ասպիլիկուետան եւ Տիագո Սիլվան։ Դե Լիգտը 2019թ. ամռանն է «Այաքսից» տեղափոխվել «Յուվենտուս» 85,5 միլիոն եվրոյի դիմաց։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ. հունիս։ Իտալիայի ընթացիկ առաջնությունում Դե Լիգտը մասնակցել է 14 հանդիպման, խփել 1 գոլ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերը գնահատում է 70 միլիոն եվրո։
ԿՊԱՅՔԱՐԻ
Ջեսի Լինգարդը չի ցանկանում հեռանալ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից»։ 29-ամյա անգլիացի կիսապաշտպանը մտադիր է պայքարել գերմանացի Ռալֆ Ռանգնիկի գլխավորած թիմի մեկնարկային կազմում տեղ ունենալու համար։ Լինգարդի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը, սակայն նա մտադիր չէ հունվարին նախնական համաձայնության հասնել այլ ակումբի հետ. հաղորդում է ESPN-ը։ Լինգարդի ծառայություններով հետաքրքրված է «Նյուքասլը»։ Անգլիայի ընթացիկ առաջնությունում Լինգարդը մասնակցել է 8 հանդիպման, խփել 2 գոլ։
ԻՄՈԲԻԼԵՆ
ՎԱՐԱԿՎԵԼ Է
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՎ
Հռոմի «Լացիոյի» եւ Իտալիայի հավաքականի հարձակվող Չիրո Իմոբիլեն վարակվել է կորոնավիրուսով. հաղորդում է Corriere dello Sport-ը։ Անցած շաբաթ Իմոբիլեն կնոջ հետ մասնակցել էր «Լացիոյի» սուրբծննդյան ընթրիքին։ Դրանից հետո Իմոբիելի կնոջ թեստը դրական էր եղել։ Իմոբիլեն ստիպված եղավ բաց թողնել «Ջենոայի» դեմ Իտալիայի առաջնության 18-րդ տուրի հանդիպումը (3:1)։ Այս շաբաթ արդեն դրական է Իմոբիլեի թեստի պատասխանը։ Նա բաց կթողնի նաեւ «Լացիոյի» վերջին հանդիպումն այս տարի։ Դեկտեմբերի 22-ին հռոմեական թիմը կհյուրընկալվի «Վենեցիային»։ Իտալիայի ընթացիկ առաջնությունում Իմոբիլեն մասնակցել է 15 հանդիպման, խփել 13 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ 31-ամյա ֆուտբոլիստը Եվրոպայի լիգայի ընտրական փուլի 6 խաղում խփել է 3 գոլ։