Ո՞ՒՐ Է ԳՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ Հայաստանի քաղաքական շրջանակներն ու հասարակությունը զբաղված էին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացով, Հայաստանի պաշտոնյաների կողմից հնչում են հայտարարություններ, որոնք կարեւոր եւ որոշիչ են Հայաստանի համար: Նախ՝ Վրաստան այցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Պարսից ծոց – Սեւ ծով միջազգային տրանսպորտային երթուղու գործարկման մասին: «Ուզում եմ ընդգծել, որ այստեղ կա երկու նախագիծ՝ ավտոմոբիլային երթուղի եւ երկաթուղային երթուղի: Ավտոմոբիլային երթուղու զարգացման ուղղությամբ մենք իրականացնում ենք Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցումը, որը հայ-վրացական սահմանը կապում է Հայաստան-Իրան սահմանի հետ: Ճանապարհի առավել արդյունավետ աշխատանքի համար մենք ակտիվ քննարկումների մեջ ենք մեր իրանցի եւ վրաց գործընկերների հետ, ու շատ կարեւոր է, որ այստեղ լիարժեք փոխըմբռնման հասնենք: Ընդ որում, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, որ եթե մեզ հաջողվի Հայաստան-Ադրբեջան ավտոմոբիլային հաղորդակցության վերաբերյալ համաձայնության գալ Արբեջանի հետ, այս նախագիծն էականորեն կփոխվի՝ դառնալով Հյուսիս-Հարավ, Արեւելք-Արեւմուտք երթուղի»,- նշել էր նա: Երեկ էլ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կարեւորել է Երեւան-Նախիջեւան-Ջուլֆա երկաթգծի գործարկումը՝ ընդգծելով, որ այն բերելու է տարածաշրջանի երկրների տնտեսական զարգացմանը: Վերջինս երեկ հանդիպել էր ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամներին եւ նման հայտարարություն արել հենց այդ հանդիպման ժամանակ: Իր հերթին էլ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ նշել է. «Մինչեւ երկաթգծի Մեղրիի, այնուհետեւ Հորադիզ տանող հատվածների կառուցումը այժմ քննարկվում է Երասխը ադրբեջանական Սադարակին կապող երկաթուղու մի քանի հարյուր մետրի վերագործարկումը, ինչը թույլ կտա Հայաստանը երկաթգծով կապել Իրանին»: Նկատենք, որ Հորադիզից դեպի Հայաստան ձգվող մոտ հարյուր կիլոմետրանոց երկաթգծի կառուցման աշխատանքները Ադրբեջանում սկսվել են այս փետրվարին։ Բաքուն այն ծրագրում է ավարտել մինչեւ 2023թ. վերջ: Այսինքն՝ Հայաստանի, ավելի կոնկրետ՝ Հայաստանի քարտեզի շուրջ տեղի են ունենում գործընթացներ, որոնք դրսեւորվում են «Կարգին սերիալի» մոտիվներով:

 

 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններին առաջարկել է հանդիպում ունենալ: «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիրներին հանդիպման ցանկությունն ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանն է փոխանցել: Սիմոնյանի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ Փաշինյանն առաջարկել է հանդիպել ու քննարկել Արցախի բանակցային թեման: «Այո, հերթական անգամ եղել է նման առաջարկ, ինչն ընդդիմությունը մերժել է՝ պնդելով, որ հանդիպումը հրապարակային լինի: Հրապարակային քննարկումներ լինում են, օրինակ, ԱԺ քառօրյա նիստերի օրերին կառավարություն- Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ»,- մեզ հետ զրույցում ընդգծեց նա: Տեղեկությունը նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հաստատեց: «Այո, նման առաջարկություն նաեւ մեզ է եղել, առավել ամբողջական հավելյալ հայտարարություն կտարածենք»,- նշեց նա:Մեր տեղեկություններով՝ Փաշինյանի՝ ընդդիմադիրներին ուղղված առաջարկը մի քանի օր առաջ է եղել։ Թե ինչու են հապաղել հայտարարել այդ մասին, հարց է։

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Աժ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի միջամտությամբ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, սակայն, այս հանդիպումը այդքան էլ չի մեղմացրել ԲԴԽ նախագահի եւ վարչապետի միջեւ առկա լարվածությունը, ասել է թե՝ Ջհանգիրյանի խնամու գործոնը իրավիճակը չի փոխում։ Ի՞նչ է կատարվում. այս տեղեկությունը փորձեցինք պարզել ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանից, ինչի ի պատասխան՝ նա կտրուկ արձագանքեց. «Զառանցանքները չեմ մեկնաբանում»: Հիշեցնենք՝ դեկտեմբերի 1-ին գրել էինք, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանին փոխարինող են փնտրում։ «Բանն այն է, որ իշխանությունները դատական համակարգում չեն կարողանում հասնել ցանկալի արդյունքի: Մասնավորապես, այս խոսակցությունը առաջացել է այն բանից հետ, երբ ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատավորները համատարած հրաժարվում են քննել նախկին պաշտոնյաների գործերը կամ քննած գործերով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցնում են: Ջհանգիրյանի իրականացրած դատական համակարգի ռեֆորմներից դժգոհ է նաեւ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Ադրեասյանը, որը «կասկածվում է» ԲԴԽ նախագահի ԺՊ-ի նկատմամբ անվստահություն ձեւավորելու մեջ:

 

Հայաստանի կառավարությունը մտադիր է 6 ամսով երկարաձգել սեւ եւ գունավոր մետաղների ջարդոնի եւ թափոնի արտահանումը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս որոշումն ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 25-ից եւ կգործի մինչեւ 2022 թվականի հուլիսի 25-ը։ Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ սա կխթանի տեղական արտադրությունը, կապահովի հումքային բազայով։ Սա թվով երկրորդ արգելքն է, եւ պարզվում է, որ մետաղների արտահանման արգելքը կիրառելուց հետո զգալի աճել են մետաղից արտադրող տեղական արտադրության ծավալները, մասնավորապես՝ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա հունվարի-սեպտեմբեր ամիսներին միայն պողպատի ձուլագլանվածքների ծավալը կազմել է ավելի քան 70 հազար տոննա, իսկ կանխատեսումները ցույց են տալիս, որ այս տարվա վերջ այն կգերազանցի 100 հազար տոննան, ինչը, նախորդ տարվա համեմատ, մոտ 2 անգամ ավել է։ Բացի այս, տեղեկացնենք, որ մետաղների արտահանման առաջին արգելքի կիրառումը խիստ մտահոգել էր տնտեսվարողներին: Նրանց մոտ մտավախություն էր առաջացել, որ տեղական ջարդոն ընդունող տնտեսվարողների մոտ կձեւավորվի մենաշնորհային կարգավիճակ, եւ այն կբերի ջարդոնի ընդունման գների չհիմնավորված նվազեցմանը։ Բայց, ըստ Էկոնոմիկայի նախարարության, եթե նախորդ տարվա սեւ մետաղի ընդունումը եղել է 40.000 հազար դրամ (գումարած ԱԱՀ), այս տարի աճել է 60.000 հազար դրամի։




Լրահոս