ԵՍ ԿԱՐՈՂ ԵՄ ԱՀԱԲԵԿԵԼ, ԻՆՁ՝ ՈՉ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն ասում է, որ իշխանության անդամներից որեւէ մեկն իրեն չի զանգել, համոզել կամ ահաբեկել, որ կողմ քվեարկի Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու ու Հրաչյա Սարսգյանին քաղաքապետ ընտրելու նախագծին: «Եթե պետք լինի, ես եմ ահաբեկում»,- ArmLur.am-ի հետ զրույցում կատակով նշում է Խաչատրյանը:

 

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանին 44 կողմ, 10 դեմ ձայնով քաղաքապետ ընտրեց Հրաչյա Սարգսյանին, ով մինչ այս զբաղեցնում էր փոխքաղաքապետի պաշտոնը: 3 քվեաթերթիկ անվավեր է եղել: Նորընտիր քաղաքապետը 2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է ավագանու անդամ: 2018թ. հոկտեմբերին նշանակվել է քաղաքապետի առաջին տեղակալ։ Եղել է «Առաքելություն» կուսակցության անդամ:

-Տիկի՛ն Խաչատրյան, Դուք ավագանու այն անդամներից եք, որ կողմ եք քվեարկել Հայկ Մարությանի հեռանալու նախագծին: Հիմա Ձեզ մեղադրում են այն բանի համար, որ մտնում եք մատի ու մատանու արանքը: Ո՞րն է այս մասով Ձեր բացատրությունը:

-Ես ասել եմ եւ նորից եմ ասում, որ ինձ համար շատ կարեւոր է այն հարցը, որ եթե մենք ստացել ենք մանդատ, մենք չենք ստացել անձերով: Ես ինքս չեմ ստացել անձերով, ես ստացել եմ քաղաքական ուժով, եւ եթե ես չեմ ներկայացնում քաղաքական ուժը, ուրեմն պետք է հրաժարվեմ մանդատից: Ես միշտ օրինակ եմ բերում մեր քաղաքական ղեկավարի մանդատից հրաժարվելը ՀԱԿ-ից դուրս գալուց հետո՝ լինելով երրորդ համարը եւ լինելով երկրում գլխավոր քաղաքական գործիչներից մեկը: Նա վայր դրեց մանդատը, քանի որ չէր կիսում քաղաքական թիմի մոտեցումը: Եվ ինձ համար մեր քաղաքական թիմի համար դա սկզբունքային է:

-Այսինքն՝ Հայկ Մարությանը հենց դեկտեմբերին պե՞տք է մանդատը վայր դներ եւ հեռանար:

-Այո՛, ես համարում եմ, որ Հայկ Մարությանն իրավունք չուներ այդ հանգամանքը պահեր երեւանցիներից: Նա պարտավոր է մեզ բոլորիս այդ մասին տեղյակ պահել:

-Սակայն երբ մամուլը գրեց այդ մասին, ՔՊ-ականները սկսեցին հերքել այդ հանգամանքը, վիրավորական արտահայտություններ հնչեցնել մամուլի ներկայացուցիչների հասցեին: Այդտեղ խնդիր չե՞ք տեսնում:

-Ես չեմ ասում մենակ Հայկ Մարությանի մասով, իրենք բոլորը պարտավոր էին թե՛ հանրությանը եւ թե՛ նաեւ մեզ՝ ընդդիմադիր ավագանիներիս տեղյակ պահել, որ քաղաքապետն այլեւս այդ թիմը չի ներկայացնում, եւ նույնն էլ քաղաքապետն էր պարտավոր այդ մասին տեղյակ պահել:

-Իսկ եկողն ի՞նչ է անելու: Հրաչյա Սարգսյանի հետ հույսեր կապո՞ւմ եք:

-Ես ոչ մեկի հետ էլ չեմ կապում հույսեր, քանի որ իմ թեկնածուն Արտակ Զեյնալյանն է եղել: Ես չեմ ընտրել Հայկ Մարությանին, ես պարզապես այս քվեարկության ժամանակ ընտրել եմ Հրաչյա Սարգսյանին: Ես իրեն վստահում եմ այս նախագծով, հույս ունեմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Ես չունեմ այլընտրանք, այլ ընտրություն եւ նախագծից ելնելով եմ կատարում իմ ընտրությունը: Հակառակ պարագայում ես կունենայի իմ թեկնածուն եւ ընտրությունների ժամանակ կընտրեի հենց նրան, այլ ոչ թե Հրաչյա Սարգսյանին:

-«Իմ քայլ»-ի անդամները նշում են, թե զանգեր, անգամ ահաբեկումներ են ստանում: Դուք զանգեր ստացե՞լ եք ինչ-որ տեղից:

-Ոչ, ես չեմ ստացել զանգեր եւ չեմ կարծում, թե ես նման եմ մի մարդու, ում կարելի է ահաբեկել. ես եմ սովորաբար ահաբեկում: Նաեւ այնտեղ հնչեց «ֆեյք»-երի մասին տեղեկություն, եւ սա բարձրաձայնում է մի մարդ, որը եղել է մի խմբակցությունում, որտեղ ինքը այդ «ֆեյք»-երի հետ համատեղ մեզ դարձրել էին ազգի դավաճան, երբ քաղաքային իշխանությանը կամ առհասարակ իշխանությանը քննադատում էին: Ըստ օդից կախված լուրերի՝ հենց այդ նույն Իզաբելլա Աբգարյանը օգտվել է այդ հանգամանքից, եւ ասում են, որ նա աշխատել է Արիկ Սաղաթելյանի մոտ՝ որպես այդ նույն «ֆեյք»-երի համակարգող:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

«ՎԱԽԻՑ ԴՐԴՎԵԼՈՎ ԲԱՆԱԿՑԵԼԸ ԲԵՐԵԼՈՒ Է ՊԱՐՏՈՒԹՅԱՆ»

«Մայիսի 12-ին Ադրբեջանը ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք եւ օկուպացրել մեր երկրի տարածքները, այսինքն՝ որտեղ մտել է, այնտեղ էլ կանգնել եւ ոչ մի տեղ չի տեղաշարժվել»,- ասել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թեւան Պողոսյանը՝ հավելելով, որ եթե հայ գերիներից վերադարձվում էլ են, ապա զուգահեռ գերեվարման նոր դեպքեր են լինում:

 

Ըստ Պողոսյանի՝ մենք կա՛մ պետք է միջազգային ինստիտուտներում եւ հանրությունում կարողանանք ձեւավորել այնպիսի իրավիճակ, որ Ադրբեջանի դեմ լինեն այն աստիճանի ցավեցնող պատժամիջոցներ, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներին նա ինքնակամ վերադարձնի, կա՛մ նույն քանակի ադրբեջանցի գերիներ վերցնել, որպեսզի բոլորը բոլորի դիմաց փոխանակենք: Անդրադառնալով Արցախի խնդրին, Արցախի կարգավիճակի ապագային՝ Թեւան Պողոսյանը նշել է, որ Ադրբեջանը պատրաստվում է բոլոր հնարավոր սցենարներին:

«Իր ծրագիրը լինելու է հետեւյալը. Արցախի օկուպացված բոլոր տարածքներում այնքան ադրբեջանական բնակչություն է ապահովելու, որ եթե պետք լինի, հենց ինքը՝ Ադրբեջանը, կարողանա դառնալ նախաձեռնող եւ ասել՝ եկեք, հանրաքվե ենք անում: Ասել եք՝ առանց սահմանափակումների ցանկացած հարց պետք է լինի սեղանին, համաձայն ենք, դե դրեք՝ անկախություն, միջանկյալ կարգավիճակ, մշակութային…, եւ ունենալով ավելի մեծ բնակչություն այնտեղ՝ նույնիսկ Հադրութի, Շուշիի, Մատաղիսի, Մարտունու, Թալիշի շրջաններում է անելու, մնացած տարածքների մասին էլ չեմ խոսում»,-շարունակել է բանախոսը՝ նկատելով, որ ՀՀ-ում օր օրի ավելի ենք մոռանում Արցախի մասին, եւ ինչ-որ խոսք ենք ասում դրսում Հայաստան-Ադրբեջան որեւէ հանդիպման համատեքստում:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա, ըստ Թեւան Պողոսյանի, մտնում ենք մի գործընթացի մեջ, որտեղ կան բացեր, այո, ՀՀ-ն պետք է չվախենա բանակցելուց աշխարհում որեւէ երկրի հետ, բայց վախից դրդվելով բանակցելը բերելու է պարտության, եւ այս դեպքում էական չէ՝ ով է գործող իշխանությունների կողմից նշանակված բանագնացը լինելու: «Դեկտեմբերի 9-ին կամ 10-ին մի ինչ-որ հայտարարություն կլինի ձեւական Ցեղասպանության դեմ պայքարի, որտեղ նույնիսկ մենք Հայոց ցեղասպանության մասով շեշտադրում չենք անի: Չզարմանաք, որ գալիք Ապրիլի 24-ին հասնենք այն վիճակին, որ ճնշում լինի, եւ պետական մակարդակով որեւէ միջոցառում չլինի: Եթե Թուրքիային է մնալու դա, գիտեք՝ Թուրքիան դա չի՞ անելու: Պահանջատիրական ձեւով ասելու է՝ ուզում ես հարաբերություններ, դե վարքագիծդ ցո՛ւյց տուր»,- ամփոփեց Թեւան Պողոսյանը:

Հիշեցնենք նաեւ, որ 2015-ին Հայաստանի Հանրապետության նախաձեռնությամբ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ը հռչակեց «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի եւ արժանապատվության ու այս հանցագործության կանխարգելման միջազգային օր»:

Ն. Պ.

 

ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ՝ ԱԺ-ՈՒՄ

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 27-ին արտահերթ նիստ է գումարելու: ArmLur.am-ը տեղեկացավ, որ օրակարգում ընդգրկված է ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի անդամների թափուր տեղերի համար թեկնածուներ առաջադրելու հարցը: Հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի՝ ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի անդամների թափուր տեղերի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Արթուր Մանուկյանի եւ Հակոբ Հակոբյանի թեկնածությունների եւ «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված Մանվել Բադալյանի թեկնածության եւ Ազգային ժողովին այդ պաշտոններին թեկնածուներ առաջարկելու վերաբերյալ քննարկում»: Նշենք, որ Արթուր Մանուկյանը Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդարանի պատգամավորներից է եղել՝ «Իմ քայլը» խմբակցությունից: Իսկ, ահա, «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված թեկնածու Մանվել Բադալյանը եղել է նախկին պատգամավոր, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ:

 

ԱՐՏԱՍՈՎՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ

Արմավիրի մարզի Փարաքար համայնքում արտասովոր իրավիճակ է ստեղծվել: Երկու թեկնածու այս պահին իրենց ընտրված համայնքի ղեկավար են համարում: Բանն այն է, որ դեկտեմբերի 5-ին Փարաքար խոշորացված համայնքում անցկացված ընտրությունների արդյունքում 10 մանդատ ստացել է «Ապրելու երկիր» կուսակցությունը, 9 մանդատ ստացել է «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը, իսկ 2-ը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։ Եվ, ահա, երեկ տեղի է ունեցել համայնքի ղեկավարի հարցի քվեարկությունը: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ «Ապրելու երկիր» կուսակցության անդամները քվեարկել են իրենց թեկնածուի օգտին այն ժամանակ, երբ մյուս անդամները դահլիճում չեն եղել: Դրանից հետո վերադարձել են մյուսները եւ արդեն 11 ձայնով համայնքի ղեկավար ընտրել Դավիթ Մինասյանին:  Վերջիններս իրենց հերթին նիստը համարել են փակված եւ հայտարարել, թե համայնքապետը Դավիթ Մինասյանն է։ Համայնքապետի երդման արարողությունը պետք է տեղի ունենա դեկտեմբերի 23-ին։ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Վալոդյա Գրիգորյանը պնդում է, թե ինքն է ընտրված համայնքապետը, Դավիթ Մինասյանն էլ պնդում, թե ինքն է:

 

 




Լրահոս