Ֆրանսիական Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսը կարծում է, որ իր երկիրը՝ Ֆրանսիան, կարող է մի քանի հարթակներով դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հարցում:
Դրանցից մեկը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է, մյուսը Եվրոպայի մակարդակով հարցը բարձրացնելն է: Վալերի Պեկրեսը ցանկանում է Փարիզում միջազգային կոնֆերանս կազմակերպել՝ հաջակցություն Հայաստանի: Նրա խոսքով՝ այդ կոնֆերանսի օրակարգում կընդգրկվեն ինչպես խաղաղության հաստատման եւ պահպանման, այնպես էլ այլ կարեւոր հարցեր, ինչպիսին է մշակութային եւ հոգեւոր ժառանգության պահպանումը Հայաստանում եւ Արցախում: Ֆրանսիացի գործիչը շեշտել է, որ շատ կապված է Հայաստանի հետ: Սա Վալերի Պեկրեսի երրորդ այցն է Հայաստան: Ֆրանսիական պատվիրակությունը այցելել է նաեւ «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու արցախյան երկու պատերազմներում զոհված հայորդիների հիշատակին, այնուհետեւ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն՝ «Զինվորի տուն» եւ շփվել 44-օրյա պատերազմում վիրավորված զինծառայողների հետ: «Կարծում եմ, որ սա մեր այցի շատ լավ խորհրդանիշ էր, քանի որ մեր այցը միաժամանակ խարսխված է մեր համատեղ անցյալի վրա, բայց նաեւ ուղղված է դեպի ապագան: Իլ դը Ֆրանս շրջանը շատ ամուր կապեր ունի Հայաստանի հետ: Բացի Երեւանի հետ համագործակցությունից, մենք նաեւ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գործընկերն ենք եւ 500.000 եվրո ենք տրամադրել նոր կամպուսի կառուցման եւ զարգացման ծրագրերի համար: Ակտիվորեն ներգրավված ենք նաեւ մարդասիրական հարցերում», – հաղորդել է Իլ դը Ֆրանսի ղեկավարը: Վալերի Պեկրեսի այցելության երրորդ պատճառն այն է, որ ինքն անձամբ մեծապես ներգրավված է Արեւելքի քրիստոնյաների պաշտպանության գործընթացում: Իսկ ընդհանուր առմամբ իր այցը Վալերի Պեկրեսը նվիրում է Հայաստանի այսօրվա ու վաղվա երիտասարդությանը, հատկապես՝ վերջին պատերազմում զոհված հիմնականում երիտասարդ տղաներին եւ արցախահայ շուրջ 80 հազար տեղահանվածներին. «Երիտասարդությունն է այս երկրի ապագան, եւ շատ կարեւոր է, որ նրանք ապրեն ու բարգավաճեն հենց իրենց երկրում՝ ձեր հողի վրա: Գիտեմ, որ արտագաղթը շատ մտահոգիչ խնդիր է այսօր ձեր երկրում, սակայն Հայաստանը շատ տոկուն, դիմակայուն երկիր է, դիմակայուն են նրա ժողովրդավարական համակարգը, եւ այս տարվա ժողովրդավարական ընտրությունները եւս մեկ անգամ վերահաստատեցին այս փաստը»: Այդ առումով ֆրանսիացի գործիչը անհրաժեշտ է համարում, որ Ֆրանսիան ու Եվրոպան օգնեն Հայաստանին բոլոր այդ գործընթացներում, եւ հենց այդ պատճառով է, որ, ըստ նրա, Ֆրանսիան պետք է ավելի շատ զբաղվի Հայաստանում կրթության ու մշակույթի ոլորտում գործընկերության զարգացմամբ, այդ թվում՝ Հայաստանում ֆրանսիական ինստիտուտ հիմնելով: «Նաեւ պետք է զարգացնենք ու խորացնենք համագործակցությունը կրթության, ֆրանկոֆոնիայի, առողջապահության, մշակույթի, տնտեսական զարգացման ոլորտում: Իհարկե, կարեւոր են նաեւ առեւտրային փոխհարաբերությունները»,- ասել է Վալերի Պեկրեսը: Իր այցելության շրջանակներում Իլ դը Ֆրանսի ղեկավարը հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:
ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄ
ArmLur.am-ը հրապարակել էր, որ Արթուր Ասատրյանի՝ հայտնի Դոն Պիպոյի եղբոր՝ բոլորին հայտնի Արմեն Ասատրյանի՝ Լալայի սպանության գործով նախաքննական մարմինը կալանավորել է մեկ անձի, որին մեղադրում են այն բանի համար, թե, իբր, նա մեքենայի համարանիշ է գողացել եւ տվել ենթադրյալ մարդասպանին, որպեսզի նա այդ գողացված համարանիշով կատարի Դոն Պիպոյի եղբոր սպանությունը: Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 31-ին Էջմիածին քաղաքի Զվարթնոցի կամուրջի տակ հայտնաբերվել էր Արթուր Ասատրյանի՝ հայտնի Դոն Պիպոյի եղբոր՝ բոլորին հայտնի Արմեն Ասատրյանի՝ Լալայի դին: դեպքից անցել է 7 ամիս, եւ մինչ օրս բացահայտված չէ, թե ով կամ ովքեր կազմակերպեցին այս սպանությունը:
ՎԱՐՈՒՅԹ՝ ՌՇՏՈՒՆՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանությունների կողմից դատավորներին կարգապահական վարույթներով վախեցնելու կամ դատական համակարգը բուռը հավաքելու գործընթացը շարունակվում է: Եվ այսպես, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը կարգապահական վարույթ հարուցեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախկին նախագահ Վազգեն Ռշտունու նկատմամբ: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ անգամ նախարարությունը իր կարգապահական վարույթի որոշումը անձամբ ուղարկել է Վազգեն Ռշտունուն: Իսկ հիմա ամենակարեւորի մասին. իսկ ի՞նչ քրեական գործով է նախարարը պատերազմ հայտարարել Վազգեն Ռշտունուն: Մեզ հասած տեղեկություների համաձայն՝ նախարարը կարգապահական վարույթը հարուցել է այն պատճառով, որ դատավոր Վազգեն Ռշտունին երկարատեւ արձակուրդ գնալու պատճառով քրեական գործերը վերամակագրման է հանձնել: Ի դեպ, նախարար Անդրեասյանի կողմից դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործընթացը ուղեկցվել է ուշագրավ միջադեպով, որին կանդրադառնանք հաջորդ հրապարակումներում:
ՍՆՈՒՆԴԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է
ArmLur.am-ը տեղեկացավ, որ հայաստանյան այն դպրոցներում, որտեղ աշակերտներին սնունդ է տրամադրվում, խնդիր կա։ Բանն այն է, որ դպրոցական սնունդ ծրագրով դեռեւս 2016 թվականից կիրառության մեջ գտնվող ճաշացանկերի բոլոր ապրանքատեսակների համար գրանցվել է գների կտրուկ աճ: Ըստ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության՝ ուսումնասիրություններն ու ՀՀ մարզերի դպրոցներից ստացված փաստացի գնահարցումների արդյունքները ցույց են տալիս, որ գնաճը տարածվում է հաստատված 120 դրամ գումարի շրջանակում 20 անուն մթերքից յուրաքանչյուրի վրա: Արդյունքում անհրաժեշտ ծախսերն ավելանում են. օրինակ՝ մթերքի բաժնի 120 դրամն այժմ դարձել է 158-181 դրամ:
ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է
Իրավապահները բացահայտել են, թե ով է եղել անձը, որը թալանել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի տունը: Ավելին՝ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հայտնաբերվել են բոլոր այն իրերը, որոնք գողացվել են Աղվան Հովսեփյանի տանից: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Բյուրական գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի պատուհանը, մտել ներս եւ այնտեղից հափշտակել ոգելից խմիչքներ եւ հուշանվերներ: Հիշյալ տունը պատկանում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, որը ներկայումս կալանքի տակ է եւ գտնվում է Երեւանի «Կենտրոն» ՔԿՀ-ում: Հիշեցնենք, որ այս տուն գողերը մտնում են երկրորդ անգամ: Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝ վերոնշյալ անձը, որը ենթադրաբար թալանել է Աղվան Հովսեփյանի տունը, տարիներ առաջ թալանել էր Արաբական Միացյալ Էմիրություններում նախկին ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանի տունը: Մասնավորապես՝ 2018 թվականին Shamshyan.com-ը գրել էր, որ ոստիկանություն էր դիմել Երեւանի բնակիչ Արտակ Փալիկյանը եւ հայտնել, որ 2017 թվականի դեկտեմբերի 23-ից մինչեւ 2018 թ. փետրվարի 28-ը անհայտ անձը կամ անձինք թալանել են Երեւանի բնակիչ, 67-ամյա Գեղամ Ղարիբջանյանին պատկանող Բյուրական գյուղի 3-րդ փողոցի թիվ 2 առանձնատունը։
ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՏԱԼԻՍ
Ռուսաստանը դիվանագիտական ուղիներով տեղեկացրել է Թուրքիային, որ հավանություն չի տալիս թուրքական քաղաքներից մեկում գտնվող այգին Դուդաեւի պատվին անվանակոչելու հանգամանքին: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Պեսկովի կարծիքով՝ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի արձագանքը այգին անվանակոչելուն էմոցիոնալ էր, սակայն լիովին բացատրելի: «Դա ռուսական շրջանի ղեկավարի բավականին զգացմունքային, սակայն բացատրելի արձագանք է, քանի որ այդ շրջանը մի քանի պատերազմներ է վերապրել, որոնք սադրել եւ սկսել էին ահաբեկիչները, որոնք փորձում էին վերահսկողության սահմանել ՌԴ-ի այդ տարածաշրջանում»,-ասել է Պեսկովը: Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ ահաբեկիչներից մեկը, որը դա արել էր եւ ինչ-որ ժամանակ նրանց առաջնորդն է եղել, Ջոխար Դուդաեւն է:
ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են անցկացրել, որի շրջանակում, ի թիվս այլնի, քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «ԼՂ կարգավորման շուրջ մտքերի փոխանակման ընթացքում գոհունակություն է արտահայտվել իրավիճակի կայունացման եւ տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման, տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ տարվող ջանքերի կապակցությամբ։ Նշվել է, որ Ռուսաստանն ու Ֆրանսիան այդ հարցերի շուրջ գործում են եւ ապագայում էլ մտադիր են սինխրոն գործել»,-ասվում է Կրեմլի հաղորդագրությունում: