ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ Է ԿԻՐԱՌԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երեւանի 28-ամյա բնակչի կողմից առանց վարորդական իրավունքի ավտոմեքենա վարելու, ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու, վերջիններիս ավտոմեքենան դիտավորությամբ վնասելու, ինչպես նաեւ ապօրինի կերպով սառը զենք ձեռք բերելու, կրելու դեպքերի հանգամանքները. տեղեկացնում է Քննչական կոմիտեն: 28-ամյա երիտասարդը, չունենալով վարորդական իրավունք, 2021 թվականի մարտ ամսին Երեւան քաղաքի Թումանյան փողոցում վարել է փոխարինված հաշվառման համարանիշներով «MERCEDES-BENZ» մակնիշի ավտոմեքենան, որի կապակցությամբ նույն ամսվա 10-ին նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

 

Շարունակելով վարել առանց վարորդական իրավունքի՝ վերջինս վարել է «MERCEDES-BENZ» մակնիշի ավտոմեքենան՝ առանց պարտադիր ապահովագրության գործող պայմանագրի եւ հաշվառման համարանիշների, որի հետեւանքով 2021թ. մայիսի 9-ին` ժամը 06։00-ին, Թումանյան փողոցում նշված ավտոմեքենան կանգնեցվել է ՃՈ ծառայողների կողմից, տեղափոխվել ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պահպանվող տարածք, եւ մայիսի 24-ին երիտասարդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ: Բացի այդ, ՀՀ ոստիկանության ԵՔՎ ՔՀ բաժնի աշխատակիցները, օպերատիվ տեղեկություններ ստանալով 28-ամյա երիտասարդի կողմից ապօրինի պահվող թմրամիջոցի եւ զենք-զինամթերքի վերաբերյալ, 2021թ. հուլիսի 29-ին` ժամը 23:00-ի սահմաններում, մոտենալով Հրաչյա Քոչար փողոցում գործող բենզալցակայանի դիմաց կայանված, վերջինիս կողմից վարվող «MERCEDES-BENZ GLE 63 AMG S» մակնիշի ավտոմեքենային, պահանջել են դուրս գալ, սակայն երիտասարդը ոստիկանների օրինական պահանջին չենթարկվելու նպատակով փորձել է դիմել փախուստի: Եվ նկատի ունենալով այն հանգամանքը, որ իր վարած ավտոմեքենայի դիմացի եւ հետեւի հատվածներում կայանված ավտոմեքենաների պատճառով առկա տարածությունը բավարար չի եղել ճանապարհի երթեւեկելի գոտի դուրս գալու համար՝ երիտասարդն իր երթեւեկության համար անհրաժեշտ տարածությունն ապահովելու նպատակով կտրուկ հետընթաց է կատարել եւ դիտավորությամբ հարվածել ՀՀ ոստիկանության օպեր լիազորի՝ «BMW 528 I» մակնիշի ավտոմեքենայի առջեւի ձախ հատվածին՝ դիտավորությամբ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս: Նշված մեխանիկական ներգործության արդյունքում «BMW 528 I» մակնիշի ավտոմեքենան տեղաշարժվել է, եւ երիտասարդին հաջողվել է իր ավտոմեքենայով դուրս գալ ճանապարհ, որից հետո վերջինս վարել է այնտեղ գտնվող ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ՝ իրական վտանգ ստեղծելով նրանց առողջության համար: Քննությամբ պարզվել է նաեւ, որ  28-ամյա երիտասարդը ապօրինի կերպով ձեռք է բերել սառը զենք հանդիսացող որսորդական դանակ եւ կրել պարանոցից կախված կաշվե պայուսակի շղթային ամրացված վիճակում, որը հայտնաբերվել է վերջինիս անձնական խուզարկությամբ։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 28-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 1.1-ին մասով, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 316-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 4-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

Ն. Պ.

 

 

ՔՐԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում իրականացվում են քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ ԻԻՀ քաղաքացու նկատմամբ կատարված ավազակության դեպքի բացհայտման ուղղությամբ: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից: Նախնական տվյալներով՝ ԻՀՀ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երեւանի Փարպեցի փողոցում գտնվող ռեստորանի մոտ ինքը ծեծի է ենթարկվել, հափշտակել են հեռախոսը եւ պայուսակը: Հավելենք, որ նշված հասցեի մոտ 2021թ. դեկտեմբերի 20-ին՝ ժամը 24:00-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձինք դանակի սպառնալիքով հափշտակել են քաղաքացու պայուսակը, որի մեջ եղել է հագուստ, գրքեր, բջջային հեռախոս եւ 650 ԱՄՆ դոլար գումար: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերի հատկանիշներով: ԻԻՀ քաղաքացին ճանաչվել է տուժող եւ հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ: Նախաքննության ընթացքում տուժողի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են դեպքի վայրում առկա տեսախցիկների տեսագրությունները, ենթարկվել զննության, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է։ Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

 

 

ԿԱՌԱՎԱՐԻՉԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է բանկի մասնաճյուղի կառավարչի կողմից կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով յուրացում, կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները, այդ թվում՝ յուրացման մեխանիզմը: Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերից մեկի «Մարտունի» մասնաճյուղի կառավարիչը, միասնական դիտավորությամբ, իր կառավարչական լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ, սակայն իր օգտին օգտագործելով, կեղծ դրամարկղի ելքի օրդերներ պատրաստելու եւ օգտագործելու եղանակով մաս-մաս ելքագրել եւ հափշտակել է 2017-2020թթ. ընկած ժամանակահատվածում քաղաքացիների կողմից բանկի մասնաճյուղում ներդրված ավանդների՝ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 618 000 ԱՄՆ դոլար գումար՝ բանկին զրկելով իր պարտավորությունների կատարումից եւ պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Կառավարչին մեղադրանք է առաջադրվել: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

 

 

 

ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ Է

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարված քննչական եւ դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Արտասահմանյան երկրների հետ մշակութային  կապի եւ համագործակցության հայկական ընկերություն» հասարակական կազմակերպության /այսուհետ` ՀԿ/ նախագահության անդամ Գոռ Դավթյանը, ինչպես նաեւ նույն ՀԿ-ի կողմից հիմնադրված «ԱՕԿՍ» ՍՊ ընկերության տնօրեն, ՀԿ-ի նախագահ, Իսրայելում  ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանը եւ առաջին փոխնախագահ, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը նախնական համաձայնությամբ հանցավոր գործունեության արդյունքում ստացված եւ ՀԿ-ին սեփականության իրավունքով պատկանող, Երեւան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող  գույքի ծագման աղբյուրն ու պատկանելիությունը թաքցնելու եւ խեղաթյուրելու նպատակով կատարել են ձեւական օտարման գործարքներ եւ ՀԿ-ի խորհրդի որոշմամբ հիմնադրված «ԱՕԿՍ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը 550.000 ԱՄՆ դոլարով ձեւական գործարքի արդյունքում օտարել են օֆշորում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերությանը, որի տնօրենն է հանդիսացել հիշյալ ՀԿ-ի առաջին փոխնախագահ հանդիսացող, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի որդու կինը՝ Ֆրանչեսկա Կուտրուպին, ով իր հերթին 100 տոկոս բաժնեմասի 50 տոկոսը վաճառել է ՀԿ-ի նախագահ Արմեն Սմբատյանի ընկեր Սարգիս Մարտիրոսյանին եւ ՀԿ նախագահության անդամ Գոռ Դավթյանի մայր Ադելա Ստեփանյանին: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։ Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով քննվող քրեական գործով մեղադրյալներ Արմեն Սմբատյանի եւ Գոռ Դավթյանի մասով նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է ՀՀ դատախազություն` դատարան ուղարկելու միջնորդությամբ: Սույն քրեական գործով մյուս մեղադրյալ Հասմիկ Պողոսյանի մասով նախաքննությունը շարունակվում է, վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում, եւ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 

ԳՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԱՐԵԼ

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10.00-ին, ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի առանձնատներից մեկից գողություն են արել: Պարզվել է, որ դեկտեմբերի 17-ի ժամը 19.00-ից դեկտեմբերի 18-ի ժամը 10.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով, մուտք են գործել Բյուրական համայնքի 3-րդ փողոցի առանձնատներից մեկն ու գողացել ոգելից խմիչքներ եւ հուշանվերներ: Նշված գողությունը կատարելու կասկածանքով Աշտարակի բաժին բերման է ենթարկվել Բյուրական գյուղի բնակիչ, 54-ամյա մի տղամարդ: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին եւ տվել խոստովանական ցուցմունք, որ բնակարանային գողությունը կատարել է ինքը, նաեւ իր տնից ներկայացրել է գողացված ոգելից խմիչքները եւ հուշանվերները: 54-ամյա տղամարդը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս