ՀԱՇՄԱՆԴԱՄ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ՏՈՒՆԸ ՉԵՆ ՆՈՐՈԳՈՒՄ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներքին Կարմիրաղբյուրի 48-ամյա բնակիչ Գառնիկ (Գարիկ) Լալայանը 2010թ.  պայմանագրային հիմքով ծառայել է բանակում, հետախույզ էր, դիպուկահար։ 2015թ. սեպտեմբերի 3-ին ականանետի արկից  ծանր բեկորային վնասվածք է ստացել, հրաշքով  ողջ մնացել. բեկորներից մեկը բառացիորեն սրտից 2 սանտիմետր հեռավորությամբ է անցել։ Նրա խոսքերով՝ ինքը ծանր վիրավորվելուց հետո դարձել է կեսմարդ։ Վերականգնման առաջին փուլը գրեթե 4 ամիս է տեւել: Նա ստացել է հաշմանդամության 2-րդ խմբի անդամի կարգավիճակ՝ 81 հազար դրամ կենսաթոշակով: Նրա  ընտանիքը ծանր վիճակում է հայտնվել. դեռ վիրավորվելուց առաջ 500 հազար դրամ վարկ էր վերցրել, որից հասցրել էր վճարել միայն  փոքր մաս, մնացած 370 հազար դրամը վճարելու համար ծանոթները եւ համագյուղացիները պարտքով հավաքել են անհրաժեշտ գումարը:

 

2018թ. փետրվարին նրան զրկել են 2-րդ խմբի հաշմանդամության թոշակից, 2018-ի ապրիլին  զրկել են նաեւ հաշմանդամության 3-րդ խմբից, նա ոչ միայն զրկվել է ապրուստի միջոցներից, այլ նաեւ դուրս մնացել  հաշմանդամ զինվորների կենսապայմանների բարելավման ծրագրից: Ընտանիքը պահելու, իր բուժման ծախսերը հոգալու, ինչպես նաեւ վարկի տոկոսները փակելու համար Լալայանը ստիպված է եղել  նոր վարկ վերցնել: Հաշմանդամության կարգավիճակը վերականգնելու համար Գ. Լալայանը դիմել է տարբեր պաշտոնյաների, սոցապ  նախարարներ Մանե Թանդիլյանին, Զարուհի Բաթոյանին, սակայն  վերջիններիս կողմից  իրական աջակցություն չի ստացել։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավական աջակցությամբ, դատական  կարգով  2020թ. վերականգնվել է Գ. Լալայանի 3-րդ խմբի հաշմանդամության կարգավիճակը, այժմ դատարանում քննվում է   հաշմանդամությունից զրկված ժամանակահատվածի համար թոշակի գումարների վճարման հարցը։ 2020թ. հուլիսի 12-13-ը Բերդի սահմանագոտում մարտեր էին, ադրբեջանական զինուժը հրետակոծեց սահմանամերձ գյուղերը, հրետակոծությունները եւ գնդակոծությունները ընդհատումներով շարունակվեցին մեկ ամիս։

Հուլիսի  17-ին ադրբեջանական  հաուբիցի արկը հարվածել է Գ. Լալայանի հարեւանի  այգում, հարվածային ալիքից վնասվել են Գ. Լալայանի առանձնատան մուտքի դուռը, 7 պատուհանները, տան պատում խոր, մեծ  ճեղք է գոյացել; Այդ ամենն արձանագրվել է Բերդի քննչական բաժնի  հարուցած քրեական գործի նյութերում։ Գ. Լալայանը բազմիս դիմել է իր առանձնատան կրած վնասները վերականգնելու համար։ Նրա խոսքերով՝ Ն. Կարմիրաղբյուրում վերականգնողական աշխատանքները ղեկավարել է Տավուշի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Մուշեղյանը, որը տան վերանորոգման վերաբերյալ վիճել է Գ. Լալայանի հետ, վերջինիս համագյուղացիների մոտ  ասել է, որ նրա  տունը չեն նորոգելու։ Գ. Լալայանը  դիմել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին, որը վստահեցրել է, որ նրա տունը շուտով կնորոգեն, սակայն  այդպես էլ ոչինչ չի արել։ Գ. Լալայանը դիմել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանին։ Նա 5 անգամ նամակ է ուղարկել տարածքային  կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար  Սուրեն Պապիկյանին, սակայն ամեն  անգամ դրանց  պատասխանը ստացել է Տավուշի մարզպետարանից, որտեղ նշվել է,  թե  չկա փաստաթուղթ, որ նրա  տունը վնասվել է  ադրբեջանական հրետակոծությունից, մինչդեռ Գ. Լալայանի մոտ առկա է այդ փաստաթուղթը։ Գ. Լալայանը դիմել է Տավուշից Աժ պատգամավոր Վահե Ղալումյանին, վերջինիս եղբորը՝ Տավուշի ներկայիս մարզպետ Հայկ Ղալումյանին։ Մի քանի օր առաջ Տավուշի մարզպետարանի քաղաքաշինության  վարչությունից  Գ.  Լալայանին հեռախոսով հայտնել են, որ հրետակոծված տունը նորոգելու համար պետական բյուջեում գումարներ չկան, կարող են միայն փոխել նրա տան հրետակոծված  4 պատուհանները։ Ձմեռ է, Գ. Լալայանը ստիպված ցելոֆանով պատել է  ավերված պատուհանները։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

 

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ

ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների համատեղ հայտարարություն են տարածել. «Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի 21.12.2021թ. արտահերթ նիստում իշխող ՔՊ խմբակցությունը ներկայացնող պատգամավորները՝ հանձնաժողովի նախագահի գլխավորությամբ, հայտարարեցին, թե, իբր, նույն հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը անցել է ՔՊ-ին, սակայն իրենք «մեծահոգաբար» սպասում են ընդդիմության կողմից իրենց հետ խորհրդակցության միջոցով ընդունելի թեկնածու առաջադրելու նախաձեռնությանը: Հատուկ, ի գիտություն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի, տեղեկացնում ենք, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի համաձայն.

  1. Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է «Հայաստան» խմբակցությանը:
  2. Թեկնածու առաջադրելու իրավունքը պահպանվում է մինչեւ Ազգային ժողովի լիազորությունների ավարտը:
  3. Հանձնաժողովի նախագահի տեղակալն ընտրվում է իրավասու խմբակցության ղեկավարի կամ քարտուղարի առաջադրմամբ՝ հանձնաժողովի որոշմամբ:
  4. Հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունն անցկացվում է հանձնաժողովի կազմը հաստատվելուց, ինչպես նաեւ նրա պաշտոնը թափուր մնալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
  5. Հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու առաջադրելու խմբակցության իրավունքն անցնում է իշխող ուժին, եթե խմբակցությունը Կանոնակարգով սահմանված ժամկետում հանձնաժողովի տեղակալի՝ իրեն վերապահված թափուր պաշտոնում թեկնածու չի առաջադրում:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 8-րդ եւ 9-րդ, ինչպես նաեւ վկայակոչված հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան՝ «Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կազմավորումից հետո իր որոշմամբ առաջադրել է թեկնածու եւ չի հրաժարվել այդ իրավունքից: «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքով «Հայաստան» խմբակցությունը չունի իր առաջադրումը (Ա. Ղազինյանի թեկնածությունը) շարունակաբար գրավոր վերահաստատելու որեւէ պարտավորություն: «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները ս.թ. նոյեմբերի 30-ին ԱԺ հետ համատեղ ընդունած հայտարարությամբ վերահաստատել են այդ պաշտոնում առաջադրված Ա. Ղազինյանի թեկնածությունը պաշտպանելու իրենց անփոփոխ որոշումը: Ամփոփելով արձանագրենք՝ ՔՊ խմբակցությունը, կոպտորեն խախտելով «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի պահանջները, անթաքույց իրականացնում է հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը զավթելու փորձ: Նույնիսկ հանձնաժողովի նախագահի տեղակալի նման կարգավիճակի պայմաններում քաղաքական իշխանությունը ցույց է տալիս իր հակաժողովրդավարական, հակօրինական եւ անհանդուրժող էությունը»:

 

 

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՈՉՆՉԱՑՆԵԼ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նշել է. «Արդեն մեկ ամսից ավելի է՝ Հայաստանը նոր պաշտպանության նախարար ունի՝ պատերազմի ավարտից հետո 4-րդ պաշտպանական գերատեսչության ղեկավարը։

 

Դավիթ Տոնոյանը կալանավորված է, Վաղարշակ Հարությունյանը դիվանագիտական աշխատանքի տեղափոխվելու հավակնություններ ունի, Արշակ Կարապետյանի մասին ոչինչ հայտնի չէ, իսկ գործող նախարարի գործունեության ու դրա առաջնահերթությունների մասին ոչ մեկ տեղյակ չէ։ Մեկ ամսից ավելի է՝ Հայաստանը նոր պաշտպանության նախարար ունի, սակայն ինչպես նախորդ 2-ի դեպքում, Պապիկյանը շարունակում է լռել։  Տոնոյանի նախաձեռնությունների ճնշող մեծամասնության հետ համաձայն չեմ եղել, ինչին հրապարակային միշտ արձագանքել եմ։  Պատերազմից հետո նրա պահվածքն անընդունելի էր, որին շատ հաճախ կոշտ արձագանքել եմ, փիառ արշավները չափազանց գերիշխող էին իրական աշխատանքի նկատմամբ, բայց այդ ամենի մեջ գոնե հրապարակային խոսք կար. լավ, թե վատ գիտեինք՝ ինչ է մտածում, ինչ է ուզում անել կամ չանել։

Պապիկյանի գործունեության վերաբերյալ միայն պաշտոնական մի քանի հանդիպումների, քննարկումների մասին պաշտոնական հաղորդագրություն է շրջանառվել, իսկ թե ինչ է նա մտածում իր ղեկավարած համակարգի վերականգնման, պատերազմի հետեւանքների վերացման, բանակի արդիականացման մասին, դեռ որեւէ բան չկա։ Թեպետ Պապիկյանի գործունեությունը տարբեր փուլերում նկարագրելու համար տարբեր անձինք նրան ներկայացնում են որպես համեստ, լուռ գործող անձ, սակայն իր պաշտոնում գտնվող գործիչը պետք է գիտակցի, թե ինչ առանցքային պաշտոնում է, որոշակի հաշվետվողականություն ապահովի հասարակությանը, դեռ չեմ ասում, որ պետք է հասկանանք, թե ինչ գերակայություններ ունի, դրանց հասնելու համար ինչ իրական ծրագրեր եւ միջոցառումներ են մտադիր իրականացնել։ 2022 թվականի ռազմական բյուջեն մեկ բառով կարելի է որակել իներցիոն։ Տպավորություն ունեմ, որ ո՛չ պաշտպանության նախարարը, ո՛չ ԳՇ պետը եւ առավել եւս՝ Փաշինյանը չգիտեն, թե որտեղից սկսեն եւ ուր շարժվեն։

Փաշինյանի գործունեությունն, առհասարակ, 2018-ից հետո ուղղված է եղել անվտանգության համակարգի փշրմանը, եւ նրա բոլոր նախաձեռնությունները ոչ միայն ձախողվել են, այլ իրենց հետ սրբել տարել են տասնամյակներով ստեղծվածը։ Փաշինյանը շարունակում ոչնչացնել համակարգեր, որին մասնակից բոլոր ուժերն ու գործիչները, անկախ անձնական ու մասնագիտական որակներից, իշխող թիմում հայտնված հանգամանքներից, պատասխանատվություն են կրելու նրա բոլոր արարքների՝ արածների ու չարածների համար»։

 

 




Լրահոս