ԲԱՑԱԿԱՅԱԾ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն այս օրերին ստանում է բազմաթիվ զանգեր եւ բանավոր հարցումներ էլեկտրոնային մատյաններում կիսամյակային գրավոր աշխատանքներից բացակայած աշակերտների ամփոփիչ գնահատման վերաբերյալ:

 

Այս առնչությամբ նախարարությունը տեղեկացրել է, որ 2017-2018 թվականների ուսումնական տարվանից գործում են մեթոդական ցուցումներ Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում գնահատման համակարգի կիրառման վերաբերյալ։

Այդ ցուցումներով նկարագրված են նաեւ ստուգման որեւէ տեսակից սովորողի բացակայության դեպքում տվյալ աշխատանքի հետագա հանձնման ձեւերը։ Համաձայն մեթոդական ցուցումներին՝ թեմատիկ, գործնական կամ կիսամյակային ամփոփիչ աշխատանքից բացակայած սովորողն այն պետք է հանձնի երկշաբաթյա ժամկետում, իսկ հարգելի բացակայության դեպքում հանձնման ժամկետը կարող է երկարացվել մինչեւ տվյալ կիսամյակի ամփոփումը: Կիսամյակային ամփոփիչ, թեմատիկ կամ գործնական աշխատանքներից սովորողի բացակա լինելը նշելու համար մատյանի համապատասխան վանդակում գրվում է «բ» տառը, իսկ վերեւի մասում գրանցվում է հետագա հանձնումից ստացված թվանշանը: Հանձնման գործընթացը կարգավորում է դասավանդող ուսուցիչը` սովորողի` լրացուցիչ հանձնումից ստացած գնահատականը գրանցելով դասամատյանի՝ վերը նշված «բ» տառով նշումի վանդակում: Այս դեպքում սովորողի բացական փաստացի չեղարկվում է:

Եթե մինչեւ կիսամյակի ամփոփումը սովորողը չի հանձնում կիսամյակային ամփոփիչ աշխատանքը, ապա այդ աշխատանքին տրվում է «1» միավոր։ Թեմատիկ աշխատանքը գրավոր եղանակով իրականացնելու անհնարինության դեպքում (օրինակ՝ համավարակի պայմաններում), ըստ մեթոդական ցուցումների, նախատեսվում է այն կազմակերպել բանավոր՝ աշխատանքի ողջ ընթացքը որակյալ տեսաձայնագրելու պայմանով։ Այս եղանակով աշխատանքը կազմակերպելու տեխնիկական հնարավորություն ունեն բոլոր դպրոցները։

Գնահատման հաճախականությունը որոշելու հարցում դպրոցներին տրված է ինքնուրույնություն՝ հանրակրթության պետական նոր չափորոշչի տրամաբանությամբ։ Կիսամյակի ընթացքում բանավոր հարցումների, գործնական եւ թեմատիկ աշխատանքների նվազագույն թիվը մանկավարժական խորհրդի որոշմամբ սահմանում է ուսումնական հաստատությունը՝ առաջնորդվելով առարկայի՝ Կրթության, գիտության մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից հաստատված ծրագրով, գնահատման մեթոդաբանությամբ եւ մեթոդական ցուցումներով։

Ն. Պ.

 

 

ԿԱՍԵՑՎԵԼ Է

ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Գոլդեն Չոյս» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասի գործունեությունը (Երեւան): Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։ Որոշման հիմք են ծառայել Տեսչական մարմնի Երեւանի կենտրոնի տեսուչների վերահսկողական գործողությունների արդյունքները, որոնք փաստել են տվյալ արտադրամասի ոչ բավարար սանիտարահիգիենիկ պայմանները: Մասնավորապես՝ արտադրամասում տեխնոլոգիական գործընթացը կազմակերպված չի եղել այնպես, որպեսզի բացառվի հումքի եւ կիսապատրաստվածքների եւ պատրաստի սննդամթերքի հանդիպակաց հոսքը, արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր, նորոգ եւ պատշաճ վիճակում, լվացող եւ ախտահանող նյութերը պահվել են սննդամթերքի հետ նույն պահման տարածքում, կենցաղային սենքն ապահովված չի եղել հանդերձարանով, ձեռնարկված չեն եղել համապատասխան միջոցներ կենդանիների, միջատների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման եւ տեղափոխման տարածքներ կանխելու, ինչպես նաեւ վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ, փաթեթավորման գործընթացը չի կատարվել սննդամթերքի աղտոտումը բացառող պայմաններում: Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

 

ՊԱՏՈՒՀԱՆՈՎ

ՏՈՒՆ Է ՄՏԵԼ

Օրեր առաջ Ոսկետափ գյուղի մի բնակիչ 1-02 էր զանգել ու հայտնել, որ ինչ-որ մեկը պատուհանով իրենց տուն է մտել եւ այժմ գտնվում է տանը: Գողության մասին հաղորդումը ոստիկանության Արարատի բաժնում ստացվեց օպերատիվ կառավարման կենտրոնից։ Տունը գյուղի Վասպուրականի փողոցում էր։ Հարկավոր էր րոպե առաջ դեպքի վայր հասնել. զարգացումներն անկանխատեսելի էին, ամեն վայրկյանը կարող էր ճակատագրական լինել: Օպերատիվ խումբն անհապաղ մեկնեց Ոսկետափ։ Փախուստի հնարավոր տարբերակները բացառելու նպատակով ոստիկանների մի մասը դարանակալեց տան մոտ, մյուսները ներս մտան։ 43-ամյա տղամարդը, որը, ինչպես պարզվեց, Երեւանի Արաբկիր համայնքի բնակիչ է, բերման ենթարկվեց ոստիկանության Արարատի բաժին։ Նա ներկայացվել է նախաքննական մարմնին ու ձերբակալվել է: Դեպքի հանգամանքները պարզվում են հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկվող միջոցառումներով։

 

 

ՀԱՄԱՎԱՐԱԿԸ ԿԽՈՐԱՑՆԻ

Կորոնավիրուսի համավարակն է՛լ ավելի կխորացնի երկրների բաժանումը հարուստների եւ աղքատների: Նման նախազգուշացում է արել Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը: Դա պայմանավորված է ֆինանսաբյուջետային ճգնաժամային միջոցներով. որոշ երկրներում այդ ծախսերը կազմել են ավելի քան ՀՆԱ-ի 20 տոկոսը, ինչը կթեթեւացնի տնտեսության վերականգնման գործընթացը: Ինչպես ներկայացնում է «Կոմերսանտ»-ը, միջին եկամուտ եւ զարգացող տնտեսություն ունեցող երկրներում նման միջոցների մասնաբաժինը զգալիորեն քիչ է եղել՝ մոտ ՀՆԱ-ի 5,9 տոկոսի չափով, իսկ աղքատ զարգացող երկրներում՝ մոտ ՀՆԱ-ի 3,4 տոկոսը: ՎԶՄԲ-ն համավարակից առավել շատ տուժած երկրներին խորհուրդ է տալիս առավելագույնս մեծացնել առկա ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը՝ տնտեսությունն աղքատության շեմին չհասցնելու համար: ՎԶՄԲ-ն ներկայացրել է մոտ 4000 ֆինանսաբյուջետային հակաճգնաժամային միջոցների վերլուծություն, որոնք 2020 թվականից ի վեր ընդունել էր 203 երկիր: Այս կամ այն գործիքների հասցեականության վերլուծության ժամանակ փորձագետները պարզել են, որ ամենից քիչ այն դրսեւորվել է Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրներում, իսկ առավել հստակ բյուջետային աջակցության միջոցները կիրառվել են Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում: Համաշխարհային բանկի կանխատեսումներով՝ 2021 թվականին իրական ՀՆԱ-ն ավելի ցածր կլինի, քան 2019 թվականին: Սա վերաբերում է ձեւավորվող շուկաներով եւ զարգացող տնտեսություններ ունեցող բոլոր երկրներին՝ բացառությամբ մի շարք եվրոպական եւ ասիական պետությունների: ՎԶՄԲ-ից ընդգծել են, որ ցածր եկամուտ ունեցող երկրների համար հետհամավարակային շրջանը հատուկ սպառնալիք է ներկայացնում աղքատության աճի պատճառով, ինչն էլ պայմանավորված է տնտեսական ակտիվության 5,2 տոկոսով նվազմամբ՝ նախահամավարակային շրջանի համեմատ: Տնտեսության վերականգնման համար բանկի ներկայացրած ընդհանուր միջնաժամկետ խորհուրդներից են գործազրկության դեմ պայքարի ընդլայնումը եւ արտակարգ միջոցառումների աստիճանական չեղարկումը, ինչպես նաեւ վերադարձն առավել կոշտ ֆինանսական եւ հարկաբյուջետային քաղաքականությանը: Բանկը խորհուրդ է տալիս նախեւառաջ հավաքել «հետաձգված» հարկերը եւ «հակաճգնաժամային» վարկերը:

 

 

152 ՆՈՐ ԴԵՊՔ

Հայաստանում դեկտեմբերի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 152 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 343 997-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 7921 է: Նախորդ օրը կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Դեկտեմբերի 22-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1494 է: Մեկ օրում, ընդհանուր առմամբ, մահացել է 7 քաղաքացի։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9415-ի: Մեկ օրում առողջացածների թիվը 153 է, ընդհանուր առողջացածներինը՝ 329 281, փաստացի բուժվողներինը՝ 5301: Մեկ օրում արվել է 6756 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 509 795 թեստավորում:

 

 




Լրահոս