Ի՞ՆՉ ԿՐԵԼ ԱՄԱՆՈՐԻՆ. ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է ՈՃԱԲԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ձմեռը նորաձեւության մասին մոռանալու պատճառ չէ, չնայած որ ընդունված տեսակետ է դարձել, թե ձմռանը դժվար է նորաձեւ լինել։ ArmLur.am-ը հատուկ իր ընթերցողների համար զրուցել է հայտնի ոճաբան Արփինե Կոշտոյանի հետ, որն իր խորհուրդներով կօգնի Ձեզ լինել է՛լ ավելի նորաձեւ: Կոշտոյանի հետ զրույցում բացահայտել ենք նաեւ ամանորյա նորաձեւության այս տարվա միտումները:

 

Ի՞նչ  միտումներ է թելադրում այս տարվա ձմեռային նորաձեւությունը:

Այսօր նորաձությունն ու հարմարավետությունը քայլում են միաժամանակ: Եթե, օրինակ, տարիներ առաջ մեր ուշադրությունը կենտրոնացնում էինք գեղեցիկ լուքեր ստանալու վրա եւ հագնվում էինք շատ թեթեւ, ապա հիմա ձմռան շունչը համապատասխանում  է նորաձեւության թրենդների հետ: Նորաձեւ են գործվածքային բլուզները, հատակապես՝ խոշոր տեսակի, երկարավիզ բլուզները (վադալասկաները)՝ կրկին խոշոր գործվածքներով: Գեղեցիկ համադրություն  կարող են ստանալ կաշվե կիսաշրջազգեստների կամ ասմիտերիկ կտրվածքով կիսաշրջազգեստների հետ: Պետք է նկատենք, որ ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես գլխավոր թրենդերի մեջ է մտնում երկար շրջազգեստները, որոնք կրում են բադինկաների հետ: Ի տարբերություն երկար շրջազգեստի, այս տարի ակտուալ չեն ձմռանը կրել կիսաշրջազգեստներ: Առահասարակ այս տարի ցանկացած եղանակի նորաձեւ են համարվում կաշվե հագուստները եւ բաճկոնները: Նորաձեւ են համարվում լայն ոճի հագուստները, որոնք մարմինը կիպ չեն գրկում: Հագուստը պետք է լինի մեկ-երկու չափս մեծ, այդպես ավելի նորաձեւ տեսք կունենաք:

Թրենդային երանգներ

Այսօր նորաձեւությունը թելադրում է պարզություն: Ակտուալ են բոլոր գունային երանգները: Ակտուալ են խաղարկային գույները: Եթե նախկինում, օրինակ, ակտուալ էին հագուստի վրա ասեղնագործությունները, ապա այս տարի  նորաձությունը թելադրում է պարզ, առանց որեւէ դետալի հագուստներ, եւ հենց կաշվե հագուստը հետաքրքիր է դրանով, քանի որ  հատուկ շեշտադրումը դրված է կտրվածքների վրա:

Վերարկուներ եւ բաճկոններ

Այս տարի շատ ակտուալ են համարվում կենդանական պրինտները, ընձառյուծի, վագրի, զեբրի պրինտները, սակայն պարտադիր պայման չէ, որ պրինտը պետք է լինի հենց բնական մորթուց: Համաշխարհային բրենդներն այսօր առաջարկում են արհեստական մորթիները, երկար մուշտակները, որոնք պետք է ունենան մեծ  եւ խիտ ծածկույթ: Ակտուալ են նաեւ տարբեր գույներով պրինտները՝ նարնջագույն, ազնվական կանաչ եւ տաք գույները: Ձմռանը պետք չէ խուսափել վառ գույներից, դրանք ավելի կգեղեցկացնեն  եւ կզարդարեն մեր զգեստապահարանը:

Սպորտայինի եւ դասականի համադրություն

Այս տենդենցն արդեն երկար ժամանակ է, ինչ կա նորաձեւության մեջ եւ կարծես նահանջելու միտք էլ չունի: Ինձ համար մի փոքր ցավալի է, քանի որ կորցնում ենք կանացիությունը, նույնիսկ հարսանյաց զգեստների հետ են սկսել  կրել սպորտային կոշիկներ: Ինձ մոտ լինում են նույնպես տոնական զգեստների պատվերներ, որոնք պատրաստվում են կրել սպորտային կոշիկներով, ինչը շատ հարմարավետ է, չնայած այդկերպ կոտրվում է կնոջ կանացիությունն ու էլեգանտությունը:

Աքսեսուարներ

Այս տարի ակտուալ են փափուկ, մորթյա, շղթաներով պայուսակները, բանանաձեւ կտրվածքներով պայուսակները: Այս ամենի հետ միասին պետք է նշեմ, որ չպետք չէ դառնալ թրենդի զոհ. ինչքան էլ որ այն ակտուալ է, հարմարավետ չէ: Ոճաբանի խորհրդով՝ ավելի լավ է կրել մինիմալիստական կտրվածքով պայուսակներ, որոնք կլինեն ոչ թե թրենդային, այլ բազային: Արփինեն նշում է, որ նա  իր հաճախորդներին, անկախ ֆինանսական դրությունից, խորհուրդ է տալիս պատվիրել այնպիսի հագուստ, որը հնարավոր է կրել  հետագայում  նույնպես՝ տարբեր իրադարձություններին: Ըստ նրա՝ զգեստը պետք է լինի մարդու ներաշխարհին համապատասխան ու ընդգծի նրա տեսակը:

Իսկ ի՞նչ կրել Ամանորին

Այս տարի ակտուալ են տոնական արծաթագույն զգեստները, առհասարակ թրենդային փայլուն ցանկացած իր, չնայած որ այնքան էլ կողմ չէ այդ թրենդին եւ նա նույնպես  չի պատրաստվում կրել փայլուն զգեստ Ամանորի գիշերը: Շատ ակտուալ է կապույտ գույնը, որը համաշխարհային նորաձեւության առաջատար տներից մեկը հատուկ ստացել է, եւ այն իր յուրահատկությամբ կրկնվող չէ: Ցանկալի է Ամանորյա սեղանի եւ տարբեր զարդարանքների մեջ օգտագործել այն:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՆ ԱՄՓՈՓՎԵԼ Է

«Խաչատրյան ջազ» համերգային ծրագրով եզրափակվեց Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային փառատոնը։

 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, դաշնակահար Վահագն Հայրապետյանի, սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցի կատարմամբ հնչեցին Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները ջազային գործիքավորմամբ։ Ունկնդիրը վայելեց Խորհրդային Հայաստանի հիմնը, Երիտասարդ քրդերի պարը՝ «Գայանե» բալետից, Օրորոցայինը՝ «Գայանե» բալետից, Էգինայի վարիացիան եւ խրախճանքի տեսարանը՝ «Սպարտակ» բալետից, Անդատինոն, Սպարտակի եւ Ֆրիգիայի ադաջոն՝ «Սպարտակ» բալետից, Լեզգինկան՝ «Գայանե» բալետից, Սուսերով պարը՝ «Գայանե» բալետից, եւ այլ ստեղծագործություններ։ Ջազային մշակումները կատարել են Վահագն Հայրապետյանը, Արմեն Հյուսնունցը, Մարտին Ուլիխանյանը եւ Անդրանիկ Բերբերյանը։

«Խաչատրյան ջազը» սիրված ու սպասված ծրագիր է։ Արմեն Հյուսնունցը կարծում է, որ այն հաջողված, կայացած նախագիծ է, բացի այդ, Խաչատրյանի երաժշտությունը հրապուրիչ է, ջազային սինթեզն է՛լ ավելի հետաքրքիր է դարձնում ծրագիրը։ Պարոն Հյուսնունցը նկատում է, որ ծրագիրը հատկապես գրավիչ է, քանի որ ունկնդիրը մասնակից է դառնում ջազային իմպրովիզացիոն էներգետիկային։

Ըստ Վահագն Հայրապետյանի՝ «Խաչատրյան ջազը» Խաչատրյանի արվեստի նոր մեկնաբանություն է։ Նա նշում է, որ թեեւ ինքը խաչատրյանական երաժշտությունը նախընտրում է լսել ճիշտ այնպես, ինչպես հեղինակն է գրել, սակայն դաշնակահարն ավելացնում է, որ Խաչատրյանի երաժշտության մեջ շատ են նաեւ ջազային տարրերը։ Խոսելով ներկայացված մշակումների մասին՝ պարոն Հայրապետյանը շեշտեց, որ բոլորն էլ տարբեր են ու յուրահատուկ։

Հիշեցնենք, որ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնն այս տարի կրում էր «Երեք ընկեր. Խաչատրյան, Պրոկոֆեւ, Շոստակովիչ» խորագիրը, եւ համերգները նվիրված էին այս երեք խոշորագույն հեղինակների արվեստին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ընդգծում է, որ փառատոնի խորագիրը խորհրդանշում է ժամանակաշրջանը, որի ընթացքում ապրել, արարել են երեք երաժիշտ ընկերները։ Արամ Խաչատրյանը միշտ ցանկացել է, որ իր ընկերների՝ Պրոկոֆեւի եւ Շոստակովիչի ստեղծագործությունները հնչեն Հայաստանում, մարդիկ ծանոթ լինեն նրանց արվեստին։ Եվ, ահա, Խաչատրյանի անվան 9-րդ փառատոնի ընթացքում կազմակերպիչները փորձել են կյանքի կոչել մեր հայրենակցի ցանկությունը։ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կազմակերպել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Հավելենք նաեւ, որ փառատոնն այս տարի դարձել է Եվրոպական փառատոների ասոցիացիայի (The European Festivals Association, EFA) անդամ։

 

 

ՄԱՐԶԻՉԸ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է

«Սեւիլիայի» իսպանացի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին մեկնաբանել է 1։1 հաշվով ոչ-ոքի արդյունքը «Բարսելոնայի» հետ Իսպանիայի առաջնության չորրորդ տուրից տեղափոխած խաղում։ «Մեր թիմը բոլոր ջանքերը գործադրեց, ցույց տվեց բնավորություն եւ ամբիցիաներ։ Ափսոս, որ գոլ բաց թողեցինք ռազմավարության տեսանկյունից ամենակարեւոր պահին՝ 45-րդ րոպեին։ Մենք գիտեինք Արաուխոյի ուժեղ որակների մասին, բայց չկարողացանք խանգարել նրան։ Երկրորդ խաղակեսում ավելի լավ խաղացինք, խլում էինք գնդակը «Բարսելոնայից», ստիպում մրցակցին կասկածել սեփական ուժի վրա։ Կունդեի հեռացումն ազդեց խաղի ընթացքի վրա։ Ստիպված եղանք հետ քաշվել եւ պայքարել ոչ-ոքին պահելու համար։ Նրանք գործնականում գոլային պահ չունեցան՝ բացառությամբ Դեմբելեի հարվածը, երբ մեզ գոլից փրկեց դարպասաձողը»,- Լոպետեգիի խոսքը մեջբերում է AS-ը։ 18 խաղից հետո «Սեւիլիան» 38 միավորով երկրորդն է եւ առաջատար «Ռեալից» հետ է 5 միավոր։ «Բարսելոնան» 7-րդն է՝ 28 միավոր։

 

ՋԱՆՔ Է ԳՈՐԾԱԴՐԵԼ

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն լրագրողները խնդրել են համեմատել ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։ «Մեսին ու Ռոնալդուն բոլորից բարձր են եղել այն պահից, ինչ ես դարձել եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Նրանց միջեւ միշտ եղել է մրցակցություն, պայքար։ Բարդ է պատասխանել հարցին, թե ով է նրանցից լավագույնը։ Կախված է՝ ինչ ոճի եւ տեսակի խաղացողի եք նախընտրում։ Ես հարգում եմ Ռոնալդուի աշխատասիրությունը։ Մեսիի համար ամեն ինչ շատ ավելի թեթեւ է։ Կարծում եմ՝ Կրիշտիանուն ավելի շատ ջանք է գործադրել հաջողության հասնելու համար»,- Լեւանդովսկու խոսքը մեջբերում է Bayern & Germany-ն։ Հիշեցնենք, որ 2021թ. «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքում 33-ամյա լեհ ֆուտբոլիստը գրավել էր երկրորդ տեղը։ Անցած տարի մրցանակաբաշխությունը չեղարկվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։

 




Լրահոս