ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սահմանադրական դատարանը երեկ հակասահմանադրական ճանաչեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանի այն հատվածը, որով նախատեսվում էր՝ աշխատող քաղաքացիները որոշակի պարբերականությամբ պետք է իրականացնեն կորոնավիրուսի դեմ ՊՇՌ թեստ՝ իրենց հաշվին: Այս հարցը ՍԴ-ում վիճարկվում էր ԱԺ  ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների բողոքի հիման։ Օրենքը սահմանում էր, որ գործատուն արդեն օրենքի ուժով կարող է ՊՇՌ թեստի սերտիֆիկատ չներկայացնող չպատվաստված աշխատակցին ազատել աշխատանքից։ Նկատենք՝ Հայաստանն առանց այն էլ այս պահին պատվաստման շատ ցածր ցուցանիշ ունի. ամբողջությամբ պատվաստվել է միայն երկրի բնակչության 14 տոկոսը։ Եվ այս տոկոսն էլ, փաստորեն, ապահովվել է հենց այս հակասահմանադրական որոշման շնորհիվ։ Իսկ ո՞վ պետք է հիմա վերադարձնի քաղաքացիների գումարները։ Այս հարցի պատասխանը փորձել ենք ստանալ Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանից։ Նա նշեց. «Այդ հարցի պատասխանն ավելի հստակ կարելի է տալ Սահմանադրական դատարանի որոշմանը ծանոթանալուց հետո: Այն, որ պետությունն ամեն ինչ անելու է, որ պատասխանատվությունից խուսափի, դա փաստ է: Դեկտեմբերի 14-ին կատարած հարցմանս, թե պետությունը քաղաքացիների վնասը հատուցելու է արդյոք, երբ պարզվի, որ տուժել են պատվաստանյութերից, պատասխանել են, որ պատվաստումները կատարվում են կամավոր: Մեր թիմը փորձելու է նաեւ իրավական ճանապարհը գտնել քաղաքացիների վնասի հատուցման իրավունքները պաշտպանելու համար»: Այսպիսով, կարեւոր հարցի պատասխանը դեռ պարզ չէ. ե՞րբ են փոխհատուցվելու ՀՀ քաղաքացիներից հակասահմանադրական ճանապարհով գանձված գումարները:

 

 

 

Առողջապահության նախարարությունը դեռեւս չի ամփոփել, թե կորոնավիրուսից իրականում քանի մարդ է մահացել։ Այս մասին «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։ «Նոր տարուց հետո նոր կներկայացնենք, այս պահին դեռ ամփոփում ենք»,- ասաց նա։ Նշենք, որ մահվան թվերի վիճակագրության հետ կապված եզրակացության մասով վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռեւս դեկտեմբերի 2-ին էր հանձնարարություն տվել նախարարին, իսկ հարցը դեռ ամիսներ առաջ Ազգային ժողովի ամբիոնից Մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն էր բարձրաձայնել։  Վարչապետ Փաշինյանը, ի դեպ, հղում է անում հենց այն թվերին ու վիճակագրությանը, որոնք պատգամավոր Թովմասյանն էր ներկայացնում: Հիշեցնենք, որ ծառայողական քննության ավարտից հետո, վարչապետի հանձնարարությամբ, հարցը նաեւ Գլխավոր դատախազությունում կքննվի: Թե ինչով է զբաղված Ավանեսյանի մատնանշած աշխատանքային խումբը, թերեւս միայն իրենք կիմանան։ Հստակ է, որ դրա կատարած աշխատանքի արդյունքն արդեն ամիսներ շարունակ որեւէ մեկի տեսանելի չէ։

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ գլխավոր դատախազության եւ նորաստեղծ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի միջեւ միջգերատեսչական բախումը նոր թափ է ստանում: Բանն այն է, որ անգամ դատախազներն են ներքին խոսակցությունների ժամանակ կարծիք հայտնել, թե նախաքննական մարմինը քաղաքական իշխանությանը հաճոյանալու համար քրեական գործերն այնպիսի վիճակում է ուղարկում դատարաններ, որ հետագայում որպես մեղադրողներ իրենք են դատարաններում կանգնում փաստի առջեւ, ուստի ցանկացած հնչեղ գործով, եթե տեսնեն մի բան այն չէ, քրեական գործը ետ են ուղարկելու: Մեր ստացած տեղեկությունը երբ համադրեցինք իրականության հետ, ամեն ինչ առավել հստակ դարձավ: Երեկ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի դեմ հարուցված քրեական գործը հսկող դատախազը գործը հետ ուղարկեց Հակակոռուպցիոն կոմիտե: Նույն իրավիճակն է եղել նաեւ Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի կաշառքի գործով, ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարագրի մասով հարուցված քրեական գործով: Սակայն արձանագրենք` գործող պաշտոնյաների, մասնավորապես՝ Հայկ Սարգսյանի հայտարարագրի մասով հարուցված քրեական գործը Հակակոռուպցիոն կոմիտեի թեթեւ ձեռքով կարճվեց, իսկ նախկին չինովնիկների մասով քրեական գործերի համար ամեն ինչ անում են, որ դատական վախճան ապահովեն:

 

Հայաստանում այս տարվա հունվար-հոկտեմբերին ավտոմեքենաների առեւտրի ծավալը կազմել է 88 մլրդ147 մլն դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն 9.7 տոկոսով ավելացել է, այսինքն՝ մեր երկրում ավտոմեքենաների առեւտուրն ակտիվացել է: Ոչ միայն առեւտուրն է ակտիվացել, այլեւ ավտոմեքենաների գներն են բարձրացել: Աշխարհում ավտոմեքենա արտադրող ընկերությունները Քովիդի պատճառով խնդրի առաջ են կանգնել եւ չեն արտադրել, այդ պատճառով տեղական շուկայում վաճառվում են տարիներ առաջ ներկրված ավտոմեքենաները, այն էլ՝ բարձր գներով: Օրինակ՝ մեր հայրենակիցների մեծ մասը եթե ավտոմեքենա ներկրում էին ԱՄՆ-ից, ապա միայն վնասվածը, իսկ ԱՄՆ քաղաքացին միայն սրահից է ձեռք բերում նոր արտադրվածը: Բայց հիմա իրավիճակ է փոխվել. ԱՄՆ քաղաքացուն սրահներում ասում են, որ նոր մեքենայի համար պետք է մի քանի ամիս սպասի: Եւ որպեսզի չսպասի այդքան, նա ստիպված իր վթարված մեքենան է նորոգում ու օգտագործում: Հիշեցնենք, որ 2020 թվականին, երբ Հայաստանում Քովիդի պատճառով որոշ սահմանափակումներ էին կիրառվում, այդ ժամանակ ավտոմեքենաների գները 50 տոկոսով նվազել էին. մարդիկ գումար չունեին եւ ստիպված էինց իրենց, օրինակ, 10 000 դոլարանոց ավտոմեքենան 4000 դոլարով վաճառել:

 




Լրահոս