ՆԵԳԱՏԻՎԸ ԽԵՂԴՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարցազրույց՝ ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի հետ:

 

– Տիկի՛ն Թովմասյան, ամփոփելով 2021-ը` ի՞նչ բնորոշումներ կտաք քաղաքական գործընթացներին։ Քաղաքական դաշտն, ի վերջո, ի՞նչ հարցեր լուծեց կամ գուցե խնդիրներ առաջացրեց։

-Հայաստանում քաղաքական գործընթացները, իմ տպավորությամբ, 2020 թվականի նոյեմբերի չարաբաստիկ հայտարարության ստորագրումից հետո, ցավոք, ավարտվել են: Այլեւս մեր երկրի ո՛չ արտաքին, ո՛չ ներքին հարցերը մեծ հաշվով չեն լուծվում Հայաստանում: Ինքնիշխանության մասին ամենաբարձր գոռացող հեղափոխական իշխանությունների օրոք գրեթե ցանկացած հարց լուծվում է՝ արտաքին միջամտությամբ կամ գործոններով պայմանավորված: Քաղաքական գործիչներիս համար քաղաքական գործիքները վաղուց անսարք են դարձել, փչացել են, չեն կիրառվում: Ցանկացած ցավոտ հարցի բարձրացում միանգամից տեղափոխվում է հին ու նորի, սեւ ու սպիտակի հարթություն, եւ արժեզրկվում է յուրաքանչյուր բարձրացված խնդիր` մնալով լուծման կարոտ: Նեգատիվը խեղդում է քաղաքական դաշտում, ատելության խոսքը շարունակում է դոմինանտ մնալ:

-Ազգային ժողովն անցնող տարվա ընթացքում մի քանի անգամ «ռինգի» վերածվեց։ Պատգամավորները, սակայն  դասեր չեն քաղում ու շարունակում են անգամ օգնականների հետ փողոցային «ռազբորկաներ» անել։

-Եթե ասեմ, որ ինձ համար անակնկալ էր պատգամավորների փողոցային պահվածքը, անկեղծ չեմ լինի, քանի որ այն խուլիգանական դրսեւորումները, որ տեսել եմ դահլիճում նրանց կողմից, ուղղակի զզվելի էր: Մարդիկ չեն գիտակցում իրենց կարգավիճակի լրջությունը, եւ այն, ինչ մերժում էին ու քննադատում, ավելի լկտի դրսեւորումներով իրենք են իրականացնում: Ես վստահ չեմ, որ հաջորդ տարի նման դեպքեր չեն կրկնվի, քանի որ, ինչպես նշեցի, ցանկացած բարձրացված հարց, քննադատություն իշխանությունը համարում է հին ու նորի ջրբաժան եւ այդ հարթություն տեղափոխելով՝ ծածկադմփոց է անում, խլացնում խնդիրները, որոնք ահռելի քանակով կուտակել են բոլորիս գլխին:

-Հետպատերազմական վիճակում գտնվող երկրի համար առաջնային են շարունակում մնալ երկրի սահմաններն ու բանակը։ Ի՞նչ արձանագրեցինք այդ մասով։

-44-օրյա դաժան, անմարդկային պատերազմից հետո, երբ փոքր Հայաստանը` ներսից պառակտված ու բզկտված, սեւ ու սպիտակի մթնոլորտում, սիրողական մակարդակի կառավարման պայմաններում կռիվ էր տալիս մի քանի երկրի պրոֆեսիոնալների եւ բանակների դեմ, դժվար է վերագտնում իրեն: Օպերատիվ կերպով բանակի վերազինումը, զինվորականների մեջքի ուղղումը եւ ՀՀ նոր սահմանների ամրությունը ՀՀ կառավարության համար պետք է լինեին առաջնահերթ, բայց մենք հասկացանք, որ իշխանության համար կարեւորը կառավարական առանձնատան ծախսերն են, շքեղ մեքենաները, բոլոր հարսանիքներին ու կնունքներին մասնակցելը, բայց ոչ երբեք առաջնագծի կահավորումը, որի մասին խոսում եմ 2021-ի գարնանից: Սյունիքում անզեն մարդիկ` գյուղացիները, իրենց տան պատուհաններից հետեւում են ադրբեջանական զինուժի տեղաշարժին, իսկ Երեւանում, որպես կարեւոր գործ, Երեւանի քաղաքապետին են փոխում, քանի որ ներթիմային հարաբերություններ է խախտել: Պետական մտածողության ու պետականության գիտակցության զերո մակարդակ:

-Ռազմագերիների ու անհետ կորածների հարցը շարունակում է մեր թիվ մեկ հարցը մնալ։ Ի՞նչ գնահատական կտաք այդ ուղղությամբ աշխատող գերատեսչություններին։

-Այս թեման ամենացավոտն է. պատերազմից հետո ունենք գերիներ, սակայն չունենք իշխանություն, որը պետական հստակ դիրքորոշում ունի գերիների եւ նրանց վերադարձնելու ուղիների վերաբերյալ: Քանի կար` ասում էին՝ գերիները մեր հերոսներն են, խումբ-խումբ նրանց վերադարձից հետո ոտքերի տակ մադաղ էին անում գառնուկներին, հետո վարչապետը պատրաստակամություն հայտնեց որդու հետ փոխանակել, չստացվեց, նախընտրական ժամանակահատվածում ասաց, թե գերիները կսպասեն, կներեն մի քանի ամիս ավել ադրբեջանական բանտերում մնալը: Հետո մեր երկրի համար ամենակարեւոր փաստաթղթերը` ականապատման քարտեզների մի մասը, Նիկոլ Փաշինյանը տվեց Ադրբեջանին` մի քանի գերի հայրենադարձելու համար: Եւ հանկարծ պարզվեց, որ գերիները դասալիքներ են, որոնց կա՛մ պետք է համարել, որ չկան, կա՛մ հայրենադարձվելուց հետո կալանավորել:

Ի վերջո, չհասկացանք՝ պետության վերաբերմունքը հայ գերիների նկատմամբ որն էր: Այն, որ Հայաստանի Հանրապետությունը իր մայր օրենքով` ՀՀ Սահմանադրությամբ պարտավոր է բոլոր գերիներին հետ վերադարձնել ու բոլոր ՀՀ քաղաքացիներին տեր կանգնել, դա փաստ է եւ գրված է սեւով սպիտակի վրա: ՀՀ քաղաքացիներին տեր կանգնելու իշխանության պարտավորությունը, սակայն, թերակատարվում է,  մինչդեռ հայ բոլոր գերիները հրատապ հայրենադարձվելու անհրաժեշտություն ունեն, եւ ՀՀ կառավարությունը պետք է տեր կանգնի բոլորին` մեկ առ մեկ:

-ԱԺ-ի գլխավորած ձեր հանձնաժողովը մի շարք հարցեր է բարձաձայնել, Դուք անձամբ օրինագծեր եք ներկայացրել, որոնց մի մասին իշխանությունն ընթացք չի տվել։

-ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը 15-ից ավել աշխատանքային քննարկումներ է կազմակերպել ամենատարբեր ցավոտ ու կնճռոտ հարցերի վերաբերյալ, բայց լուծումներ ոչ միշտ են գտնվում առաջադրված հարցերի դեպքում: Ռացիոնալ որեւէ առաջարկ, ՀՀ քաղաքացու շահերից բխող որեւէ նախաձեռնություն չի ընդունվում ՀՀ իշխանության կողմից, եթե հեղինակը կամ համահեղինակը իշխանական պատգամավոր չէ: Ընդ որում` կարեւոր չէ` այդ առաջարկը բարդ իրագործելի է, թե թեթեւ կազմակերպվածության պահանջ, միեւնույնն է, մերժվում է: Վերջին իմ նախաձեռնությունն ինչի՞ մասին էր. ասում էի՝ զինծառայողներին, ինչպես նորակոչիկներին, արտահերթ բուժսպասարկումից օգտվելու իրավունքով օժտենք: Բանակ ընդունվողներին արտահերթ բուժում ենք, բայց հենց դառնում են զինվորական, ասում ենք՝ գնացե՛ք, օրերով, երբեմն ամիսներով հերթագրվե՛ք, որ բուժվեք: Սա վերաբերմունք է պետության կողմից զինծառայողի նկատմամբ: Պատերազմական իրավիճակում գտնվող մեր երկրում զինծառայողների նկատմամբ պետությունն առաջնահերթ պարտավոր է արտոնյալ վերաբերմունք ցուցաբերել, բայց չի արվում: Եւ այսպիսի օրինակները բազմաթիվ են:

-Առհասարակ, ինչպե՞ս եք գնահատում իշխանություն-ընդդիմություն աշխատանքը։

-Այդպիսի աշխատանք գոյություն չունի. երկու կողմերն էլ մերժում են միմյանց: Լոկալ մակարդակում, անձնական հարթության մեջ գուցե ինչ-որ հարաբերություններ լինեն, սակայն գլոբալ իմաստով իշխանություն-ընդդիմություն հարաբերություն գոյություն չունի: Եւ եթե չկա հարաբերություն, չկա նաեւ աշխատանք:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԱՐՑԱԽՈՒՄ

Թուրքիայի Էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը Բաքվում մասնակցել է Թուրքիա-Ադրբեջան առաջին էներգետիկ ֆորումին, որի ընթացքում երկու երկրների համագործակցության վերաբերյալ 5 առանձին համաձայնագիր է ստորագրվել. այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

 

Հայտարարություններից պարզ է դարձել, որ իրենք նպատակ ունեն Ադրբեջանի օկուպացրած արցախյան տարածքներում կանաչ էներգիայի զարգացման նախագծեր իրականացնել: Կանաչ էներգիան կամ վերականգնվող էներգիան ստանում են բնական ռեսուրսներից, որոնցից են արեւի լույսը, ջրային հոսանքները, քամին, մակընթացությունները, հիդրոթերմալ էներգիան։ Դրանք վերականգնվում են, այսինքն` բնական ճանապարհով լրացվում են։ Հայտնի է դարձել նաեւ, որ Թուրքիան եւ Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել էլեկտրաէներգիայի արտահանման, ինչպես նաեւ բնական գազի շրջանառության ավելացման շուրջ: Թուրքիան պատրաստակամություն է հայտնել աջակցել Ադրբեջանին Ղարաբաղի տարածքում կանաչ էներգիայի նախագծեր իրականացնելու համար եւ այդ ոլորտում պատրաստ է ներդրումներ անել: Թուրք նախարարի հավաստիացմամբ՝ թուրքական ընկերությունները կգան տարածաշրջան եւ բանակցություններ կվարեն այս հարցի շուրջ։ Նշելով, որ ֆորումի շրջանակներում մասնավոր հատվածը կգնահատի ներդրումային հնարավորությունները՝ Դյոնմեզը միեւնույն ժամանակ շեշտել է, որ ներկայումս ներդրումները Ղարաբաղում կատարվում են պետության կողմից։ Ներդրումներ են նախատեսվում հատկապես արեւային եւ հողմային էներգիայի ոլորտներում։

Ն. Պ.

 

 

ԽԱՌՆԱՇՓՈԹ՝

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Ի՞նչ է կատարվել Արդարադատության նախարարությունում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու դեմ կարգապահական վարույթ հարուցելու ժամանակ: Այսպիսով, ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` դատավոր Վազգեն Ռշտունու դեմ վարույթը հարուցվել է նախարարության մեկ աշխատակցի զեկուցագրի հիման վրա: Մեզ հասած լուրերի համաձայն՝ նախարարության մի շարք աշխատակիցներ հրաժարվել են զեկուցագիր ներկայացնել՝ նշելով, որ այդպիսի թեմայի մեջ չեն ցանկանում մտնել: Սակայն նախարարությունում գտել են լուծումը, եւ մի աշխատակցի, որը ժամանակավոր պաշոնակատար է, համոզել են, եւ նա ներկայացրել է զեկուցագիր, ինչի արդյունքում դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Հիշեցնենք, որ, մեզ հասած տեղեկությունների համաձայն, քաղաքական իշխանությունների կողմից դատավորներին կարգապահական վարույթներով վախեցնելու կամ դատական համակարգը բուռը հավաքելու գործընթացը շարունակվում է: Եվ այսպես, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը կարգապահական վարույթ հարուցեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախկին նախագահ Վազգեն Ռշտունու նկատմամբ: Մեզ հասած տեղեկություների համաձայն՝ նախարարը կարգապահական վարույթը հարուցել է այն պատճառով, որ դատավոր Վազգեն Ռշտունին երկարատեւ արձակուրդ գնալու պատճառով քրեական գործերը վերամակագրման է հանձնել:

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ

Հակոբ Մալխասյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, 1992թ. հանդիսանալով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծված «Նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտե»-ի սպա, Հայաստանի Հանրապետությունից ուղղաթիռով Լեռնային Ղարաբաղ է տեղափոխել զրահատեխնիկայի համար նախատեսված յուղեր: Հերթական անգամ, երբ գտնվել է Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում, գտել է 1939թ. արտադրության ԹՁ 520 գործարանային համարով «ՁՁ» տեսակի ատրճանակ՝ թվով 8 հատ 9մմ տրամաչափի փամփուշտներով, եւ չունենալով «Զենքի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով սահմանված, ռազմամթերքի շրջանառություն իրականացնելու, այն ձեռք բերելու եւ պահելու իրավունք, ինչպես նաեւ ռազմամթերքի շրջանառություն իրականացնելու՝ ՀՀ ոստիկանությունում օրենքով սահմանված կարգով ձեւակերպված համապատասխան թույլտվություն՝ այն պահել է իրեն պատկանող Երեւան քաղաքի Նուբարաշեն 6-րդ փողոցի 150-րդ շենքի բակում գտնվող 18-րդ համարի ավտոտնակում, այնուհետեւ 2021 թվականի հունվարի 6-ին՝ ժամը 18:30֊ի սահմաններում, հիշյալ ավտոտնակում ինքնասպանություն կատարելու նպատակով կրակել է կրծքավանդակի ձախ հատվածին, սակայն ողջ է մնացել եւ տեղափոխվել է «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն, իսկ ԹՁ 520 գործարանային համարով «ՁՁ» տեսակի ատրճանակը՝ թվով 7 հատ 9մմ տրամաչափի փամփուշտներով, հայտնաբերվել է դեպքի վայրի զննության ընթացքում:

 




Լրահոս