2021 թվականը լի էր բազմապիսի իրադարձություններով, այդ թվում՝ եղան աղմկահարույց ազատումներ եւ նշանակումներ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է ամփոփել այս տարվա գլխավոր նշանակումներն ու ազատումները:
Տարին սկսվեց ՀՀ զինված ուժերի շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի աղմկահարույց հայտարարություններով: Մասնավորապես, փետրվարին Գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել, որով պահանջում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Դա դիտարկվեց որպես զինված հեղաշրջման փորձ եւ հետեւանք ունեցավ: Արդեն փետրվարի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն ազատվել է աշխատանքից: Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվեց Արտակ Դավթյանը: 2021 թվականի ընթացքում փոխվեց ոչ միայն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, այլ նաեւ պաշտպանության նախարարը: Նոյեմբերի 15-ին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2021-ի օգոստոսից։ Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվեց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, որն ազատվեց փոխվարչապետի պաշտոնից։ Վերջինիս փոխարեն էլ այդ պաշտոնում նշանակվեց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը, նրան էլ փոխարինեց նախկին ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: Սակայն մարզպետների փոփոխություններն այդքանով չսահմանափակվեցին. Նազելի Բաղդասարյանը նշանակվել է Շիրակի մարզպետ, Ռազմիկ Պետրոսյանը՝ Արագածոտնի մարզպետ, Հայկ Ղալումյանն էլ՝ Տավուշի մարզպետ:
Օգոստոսի 19-ին ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանը նշանակվեց ՀՀ արտաքին գործերի նախարար: Նկատենք, որ պաշտոնանկությունների համար մեծ մասամբ հիմք են հանդիսացել այս տարի տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները եւ ՏԻՄ ընտրությունները:
Վերջին աղմկահարույց իրադարձությունն էլ թերեւս Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացն էր: «Իմ քայլը» խմբակցությունը անվստահություն հայտնեց արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին: Ավագանու գրանցված 56 անդամից 44-ը կողմ է քվեարկել «Երեւանի քաղաքապետին անվստահություն հայտնելու» նախագծին, 10-ը՝ դեմ, 3 քվեաթերթիկ էլ անվավեր է համարվել: Երեւանի նոր քաղաքապետը Հրաչյա Սարգսյանն է: Ի՞նչ այլ փոփոխություններ եղան. ՀՀ նախագահի աշխատակազմից օգոստոսի 4-ին հայտարարություն տարածեցին, որում ասվում էր՝ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանն ազատվել է պաշտոնից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 47-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Ստեփան ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ 2021 թվականի օգոստոսի 14-ից ազատել ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից եւ արձակել ծառայությունից»,- նշված է հրամանագրում: Նոյեմբերի 4-ին կառավարությունն ընդունեց որոշում, որով պաշտոնից ազատվեց Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը: Որոշման մեջ, մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով եւ «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Հովհաննես Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի պաշտոնից»:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո թերացած պաշտոնյաների հրաժարականների շքերթ եւս եղավ: Նույն տրամաբանության մեջ էր մտնում նաեւ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանի հրաժարականի դիմումը, որը նա ներկայացրել էր՝ չնշելով պատճառների մասին: Նկատենք՝ որքան էլ նրա հայրը՝ ներքին գործերի նախարար Սուրեն Աբրահամյանը պայքարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ, սակայն նրա որդու պաշտոնավարման ժամանակ հենց Էրեբունի վարչական շրջանում Քոչարյանի նախընտրական հավաքը մարդաշատներից մեկն է եղել, որն էլ ճակատագրական դարձավ Արման Աբրահամյանի համար: Իհարկե, այստեղ մեծ դերակատարում է ունեցել նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը, որն աշխատել է հենց Ռոբերտ Քոչարյանի համար, եւ արդյունքում որպես ՔՊ-ի ներկայացուցիչ հանդես եկող Աբրահամյանը պարտվել է: Վերջինիս համար ճակատագրական եղավ նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ հանդիպումը:
Իհարկե, այսքանով ազատումներն ու հրաժարականները չեն ավարտվելու, եւ այն վայրերում, որտեղ ՔՊ-ն պարտվել է, կամ թերացումներ են եղել, փոփոխություններ կլինեն:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԳՈՒՄԱՐ՝ ԱՆ-ԻՆ
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ առողջապահության նախարարությանը գումարներ կհատկացնեն տարբեր ծախսերի համար: Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված նախագծով նախատեսվում է 200 000 դեղաչափ Pfizer ընկերությունների պատվաստանյութերի ձեռքբերման համար Առողջապահության նախարարությանը հատկացնել 1,2 մլրդ դրամ: Նշվում է, որ դեռեւս 2021 թվականի հուլիսին Առողջապահության նախարարությունը նախաձեռնել էր Գերմանական Pfizer ընկերության պատվաստանյութի ձեռքբերման գործընթացը: Ներկայունս բանակցությունները ավարտված են, պայմանագիրը կնքման ընթացքում է, նախատեսվում է մինչեւ տարեվերջ պատվաստանյութի ներկրում: Միեւնույն ժամանակ հանրապետության տարածքում, ներկայում առկա իրավիճակով պայմանավորված, կորոնավիրուսային վարակի (COVID-19) արագ կանխարգելման, վերահսկման, բուժման եւ հաղթահարման ապահովման նպատակով անհրաժեշտ միջոցառուների ծախսերը պատշաճ եւ ժամանակին իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել Առողջապահության նախարարությանը հատկացնել եւս 2,5 մլրդ դրամի սահմանված չափաքանակ: Դրանք ուղղվելու են ընթացիկ ծախսերի իրականացմանը:
ԲԱՆԱՆԻ ԳԻՆԸ
Հայկական շուկայում բանանի գինը երեկ ռեկորդ սահմանեց. ArmLur.am-ին են դիմել քաղաքացիները եւ դժգոհել այն մասին, որ բանանի գինը մի քանի ժամվա մեջ մոտ 700 դրամից բարձրացել է եւ դարձել 950-990 դրամ: Թե թանկացման պատճառը որն է, քաղաքացիներին չեն մանրամասնել, բայց նշենք, որ այն որոշ սուպերմարկետներում արժե 650 դրամ: Հիշեցնենք՝ բանանի գինը նման սրընթաց բարձրացավ 2018 թվականին. այդ ժամանակահատվածում բանանի մեկ կիլոգրամը վաճառվում էր 800-950 դրամով: Այդ ժամանակ բանանի գները ոչ միայն Էկվադորում, այլեւ Կոստա Ռիկայում, Դոմենիկյան Հանրապետությունում եւ Հնդկաստանում էին բարձրացել: Հայաստանում բանանը մեծ մասամբ Էկվադորից է ներկրվում, քանի որ այնտեղի բանանն ամենաերկարակյացն է: Ճանապարհը հեռու է. մոտ 30-35 օր միայն ծովով է գալիս: Հնդկաստանում էլ բանան կա, բայց Հնդկաստանի բանանի կյանքը 28 օր է: Հնդկաստանից ներկրելու դեպքում 28 օրում այն հազիվ հասնի Հայաստան:
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉ
2021թ. դեկտեմբերի 27-ից մինչեւ 2022 թվականի հունվարի 31-ը ներառյալ ՀՀ զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված, մինչեւ 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ հայտարարվեց: ArmLur.am-ը տեղեկացավ, որ որոշման նախագիծը ներառված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում: Ծառայության ժամկետը կլինի երկու տարի, իսկ պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա անձանց թվաքանակը՝ մինչեւ 70 բժիշկ-մասնագետ: Միեւնույն ժամանակ պահեստազորի սպայական կազմի զորակոչի շրջանակներում մինչեւ 2022 թվականի հունվարի 31-ը ներառյալ զորացրելու են «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված ժամկետում պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:
ՑՈՒՑՈՒՄ
ArmLur.am-ը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ հասկանալու համար` երբ է դատախազությունը ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի դեմ հարուցված քրեական գործը ուղարկում դատարան, ինչին ի պատասխան՝ լրատվականից հայտնեցին. «Հսկող դատախազի կողմից գրավոր ցուցումներով գործը հետ է ուղարկվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ լրացուցիչ քննություն կատարելու համար»: ArmLur.am-ը գրել էր, որ Աղվան Հովսեփյանի դեմ հարուցված քրեական գործով հարցաքննվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը եւ ՀՀ բնապահպանության նախկին նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՕԵԿ նախագահ, ԱԱԽ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ԱԺ պատգամավորներ եւ այլ պաշտոնյաներ: Ըստ իրավապահների՝ Հովսեփյանը պաշտոնավարման տարիներին օրինականացրել է ավելի քան 1 միլիարդ 300 միլիոն դրամ, մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների կառավարմանը, ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 190 միլիոն դրամ կաշառք, եւ խարդախությամբ հափշտակել է 800 միլիոն դրամ գույք. խոսքն ընդհանուր առմամբ 4 միլիոն 580 հազար դոլարի մասին է։ Այս գործով Հակակոռուպցիոն կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել: Սակայն ինչպես նկատում ենք, այս խմորը դեռ շատ ջուր կուզի, եւ իրավիճակը ցույց է տալիս, որ Հակակոռուպցիոն կոմիտեն լավ չի աշխատել:
ՆԱՄԱԿ Է ԳՐԵԼ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական դիվանագիտական ուղիներով դիմել է Google ընկերությանը՝ խնդրելով հրաժարվել Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետեւանքով Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքների հայկական անվանումների օգտագործումից, ինչի մասին ասել է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաեւան։ Ներկայում Google Maps հավելվածում Ադրբեջանի կողմից վերահսկվող արցախյան քաղաքների եւ շրջանների անունները նշված են ադրբեջաներեն եւ հայերեն լեզուներով:
ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
Դեկտեմբերի 24-ին կայանալու է Վանաձորի ավագանու անդրանիկ նիստը: Նախօրեին բաշխել են Վանաձոր խոշորացված համայնքի նորընտիր ավագանու 33 անդամների մանդատները։ Նշենք, որ ավագանու 33 անդամից 4-ը ինքնաբացարկ էր ներկայացրել, որից 3-ը՝ «Քաղաքացիական պայմանագրից», մեկը՝ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունից։ ՔՊ-ից ինքնաբացարկ հայտնածներից մեկը մարզպետ Արամ Խաչատրյանն է: Հիշեցնենք, որ, դեկտեմբերի 17-ին ընդառաջ, երբ պետք է տեղի ունենար նորընտիր ավագանու առաջին նիստը, Մամիկոն Ասլանյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, ապա՝ ձերբակալվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի, 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Մամիկոն Ասլանյանը մեղադրանքը չի ընդունում: