ՏԱՐՎԱ ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատկապես արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ եւ հետո սկսվեց ձերբակալումների եւ կալանավորումների շարք: Այժմ կալանավորված են մնում նախկին պաշտոնյաներ, նախկին եւ ներկա համայնքապետեր, անգամ ներկայիս պատգամավորներ: Այսպիսով, ի՞նչ կատարվեց անցնող՝ 2021 թվականին:

 

Փետրվարի 2-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարեց Դավիթ Գալստյանին` Պատրոն Դավիթին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը: ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրությամբ հայտնել էր, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված եւ քննվող քրեական գործով Պատրոն Դավիթին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման համար: Այս նույն գործի շրջանակներում անցնում է նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որը եւս կալանավորված է: Այս տարի կալանավորումների շղթա իրականացվեց արտահերթ ընտրություններին մասնակից ուժերի անդամների հանդեպ, եւ երկար ժամանակ կալանավորված էին նաեւ ներկայիս պատգամավորները: Նրանցից է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը: Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։ Արմեն Չարչյանի պես ընտրությունների ժամանակ կալանավորված էին նաեւ Մխիթար Զաքարյանը, Արթուր Սարգսյանը:

Հետապնդումներ են առկա նաեւ Սյունիքի համայնքապետերի հանդեպ: Օրինակ՝ Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով: Նույնաբովանդակ մեղադրանք է առաջադրված նաեւ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին. դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարը հունիսի 20-ին ՀՀ-ում կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ նախապատրաստել է ծանր հանցագործություն՝ ընտրություններին մասնակցելու եւ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար նույն համայնքի Քարահունջ բնակավայրի երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալը, սակայն նրա կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել: Բացի այդ, փաստական տվյալներ են ձեռք բերվել նաեւ այն մասին, որ համայնքի ղեկավարը կազմակերպել է նույն ընտրությունների ժամանակ Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի որոշ ընտրողների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելը, ինչպես նաեւ այլ կախվածությունն օգտագործելով՝ ընտրողներին կուսակցությունների հիշյալ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը: Ըստ այդմ՝ քրեական գործով ձեռք են բերվել բավարար ապացույցներ վերոնկարագրյալ արարքների կատարման համար Առուշ Առուշանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով քրեական հետապնդում հարուցելու համար: Իսկ փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ առանձնապես խոշոր չափերի յուրացում կամ վատնում կատարելը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով, եւ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելը, որը կրկին կատարվել է՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով:

Սեպտեմբերի 8-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարեց քննիչի որոշումը: ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը կալանավորվել է: Ըստ Հատուկ քննչական ծառայության՝ 68-ամյա Հովսեփյանը, որը 2004-ից մինչեւ 2018 թվականների ընթացքում զբաղեցրել է, նախ, գլխավոր դատախազի, ապա Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, օրինականացրել է ավելի քան 1 միլիարդ 300 միլիոն դրամ, մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների կառավարմանը, ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190 միլիոն դրամ կաշառք, եւ խարդախությամբ հափշտակել է 800 միլիոն դրամ գույք։ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ):

Ն.Հ.

 

 

ԴԱՏԱՎՈՐԸ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽՈՒՄ

Armlur.am-ը զրուցել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի հետ, որի  լիազորությունները  քաղաքական  իշխանությունները  ցանկանում են  ամեն գնով դադարեցնել: Այս  տարվա ընթացքում դատավորի  դեմ երեք  կարգապահական  վարույթ է հարուցվել:

 

-Տիկի՛ն Նախշքարյան, այս տարվա ընթացքում երեք կարգապահական վարույթ հարուցվեց Ձեր դեմ, ինչը ենթադրել է տալիս, որ քաղաքական իշխանությունները ամեն ինչ անում են Ձեր լիազորությունները դադարեցնելու համար: Ինչո՞ւ հենց Դուք. փորձե՞լ եք այս հարցի պատասխանը գտնել Ձեզ համար:

-Իրականում վերջին ժամանակահատվածում կարգապահական վարույթներ են հարուցվել ոչ միայն իմ, նաեւ բոլորին հայտնի, իրավաբանական շրջանակներում եւ դատական համակարգում բարձր հեղինակություն վայելող այլ դատավորների նկատմամբ։

Ինչ վերաբերում է ինձ, ապա իմ նշանակման պահից՝ 2013 թվականից ի վեր, տարեկան կտրվածքով իմ կողմից քննվել է 1200-ից մինչեւ 1500 քաղաքացիական գործ, արբիտրաժային դիմում եւ վճարման կարգադրություն՝ ընդհանուր առմամբ 12 000-ից ավել վարույթ, եւ այդ ողջ ժամանակամիջոցում իմ նկատմամբ որեւէ կարգապահական վարույթ չի նախաձեռնվել։

Սույն թվականի հուլիս-օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ակնթարթորեն հարուցվել են երեք կարգապահական վարույթներ, որոնց հիմքերի եւ պատճառաբանությունների սնանկությունն այլընտրանք ինձ չեն թողնում, քան մտածել, որ հայտնվել եմ գործադիր իշխանության թիրախում իր համար ոչ հաճո որոշումներ կայացնելու հետեւանքով։

-Կարգապահական վարույթներով կարո՞ղ են դատավորին վախեցնել:

-Այո՛։ Եվ կարծում եմ, որ վերջին ժամանակամիջոցում կարգապահական վարույթների առատության հիմնական նպատակը հենց դա է։

-Ի՞նչ է փոխվել Ձեր մեջ այս վարույթների հարուցումից հետո. վախեցե՞լ եք:

-Ես ապրել եւ աշխատել եմ 90-ականներին, ես տեսել եմ պատերազմ եւ աղետ, ողջ ազգի հուսահատություն եւ ողբերգություն։ Արդյոք այս վարույթները կարո՞ղ են ինձ վախեցնել։

-Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը շատ դատավորների հետ է հանդիպել, փորձել համոզել, որ իշխանություններին դեմ չգնան, ցանկալի որոշումներ կայացնեն: Ձեզ հետ փորձե՞լ են հանդիպել, համոզել:

-Ո՛չ, երբեք։

-Մի խումբ դատավորներ դիմել են արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին, որոնց մեջ եք նաեւ Դուք եւ Ձեր մտահոգությունն եք հայտնում, որ նախագիծը կվտագի դատավորների անկախությունը: Ի՞նչ սպասելիքներ ունեք նախարարից:

-Մեր մտավախությունները եւ առարկությունները ներկայացվել են գործող արդարադատության նախարարի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի փոփոխությունների եւ լրացումների նախագծի» շուրջ, եւ հաշվի առնելով հենց այդ նախագծի՝  նախարարության կողմից վկայակոչված հիմքերը, նպատակները եւ փոփոխությունների անհրաժեշտության հիմնավորումները՝ առանձնապես սպասելիքներ չկան։

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

ՄԱՐՄՆԱԿԱՆ ԾԱՆՐ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ Է ՀԱՍՑՐԵԼ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական եւ դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի մարզի 39-ամյա բնակչի կողմից հացատան սեփականատիրոջը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները: ՔԿ-ից հայտնում են, որ 2016թ. մայիսի 9-ին Կոտայքի մարզի 39-ամյա բնակիչն իր մտերիմների հետ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրվա կապակցությամբ խնջույք է կազմակերպել իր ընտանիքին պատկանող գործարանի բացօթյա տարածքում, որի ընթացքում երաժշտություն լսելու նպատակով խնջույքի մասնակիցներից մեկը գնացել է իր վաղեմի ծանոթի հացատուն, խնդրել է իրենց տրամադրել հացատան ձայնարկիչը, ինչին վերջինս համաձայնել է: Հացատան սեփականատերը եւս հրավիրվել է գործարանի տարածք, եւ նա ծանոթի հետ գնացել է այնտեղ ու մասնակցել խնջույքին: Որոշ ժամանակ անց եղանակային պայմանների վատթարացման պատճառով հացատան սեփականատիրոջ առաջարկով խնջույքը շարունակվել է նշված հացատանը:

Այդ ընթացքում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել 39-ամյա տղամարդու եւ հացատան սեփականատիրոջ միջեւ, որի ժամանակ վերջիններս քաշքշել են միմյանց, իսկ 39-ամյա տղամարդը նույնիսկ փորձել է սրահում գտնվող ձայնարկիչով հարվածել հացատան սեփականատիրոջը, ինչը դիպել է երեք ծաղկամանի, եւ ձայնարկիչն ու ծաղկամանները կոտրվել են: Քաշքշուկն ավարտվել է ներկաների միջամտությամբ, որից հետո 39-ամյա տղամարդը հեռացել է, սակայն մոտ 30 րոպե անց՝ ժամը 23:00-ի սահմաններում, վերադարձել է 30-40 անձանց հետ: Իջնելով ավտոմեքենայից՝ 39-ամյա տղամարդն անմիջապես մոտեցել է հացատան դիմաց իր մտերիմների հետ կանգնած հացատան սեփականատիրոջը եւ բռունցքով ուժգին հարվածել նրա ձախ աչքին՝ պատճառելով ծանր մարմնական վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Կոտայքի մարզի 39-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ Հայաստանի Հանրապետության  քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:




Լրահոս