Ներկայացնում ենք ամենամյա քաղաքական աստղագուշակը՝ փորձելով վերլուծել, թե ինչ տարի էր անցնող Ցլի տարին հայրենի քաղաքական գործիչների համար, եւ ինչ է սպասվում նրանց հաջորդ՝ Վագրի տարում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Ճագարի տարում ծնված Նիկոլ Փաշինյանի համար 2022 թվականը փորձությունների տարի կլինի: Վագրը Ձեր ունեցած շքեղ, բայց միաժամանակ խիստ դժվար կյանքի համար մի քանի փորձություններ է նախապատրաստել: Աստղերը հուշում են, որ փորձությունները նախատեսված են ինչպես ներթիմային հարթությունում (նոր «կարգին դուռը շրխկացնողներ» կլինեն), այնպես էլ աշխարհաքաղաքական հարթությունում, քանի որ Ձեր ոչ այնքան կայուն բնավորությունը թույլ չի տալիս մարդկանց Ձեզ հետ առավել երկարատեւ պլաններ գծել. հին հարաբերությունները կարող են քանդվել, իսկ նորերն էլ ամուր չեն լինի: Աշխատե՛ք խնայել Ձեր նյարդերը, քանի որ հնարավոր է՝ նյարդային լարումներ ունենաք: Ընտանեկան կյանքում անդորրը կպահպանվի: Իսկ այ ապագայի մասին խոսելիս հիշե՛ք, որ ապագան այլեւս Ձեր ձեռքերում չէ. Դուք այն հանձնել եք:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյան
Առնետի տարում ծնված Մհեր Գրիգորյանի համար Վագրի տարին հաջող է լինելու գործնական առումով։ Իհարկե, խոսքն այն մասին չէ, որ մի կուսակցության պորտֆելով պաշտոնի նշանակվեցիք, բայց շարունակեցիք աշխատանքը՝ իշխանական կուսակցության հետ սերտաճելով: Աստղերը հուշում են, որ հնարավոր է՝ էլի առաջխաղացում լինի կարիերայի հարցում: Բայց հիշե՛ք՝ սահմանազատման, թշնամիների հետ մերձեցման գործընթացում Հայաստանի Հանրապետության ամեն սանտիմետրի համար ապագայում պատասխան տալը դառնալու է անխուսափելի. այսօրվա Ձեր գործունեության պտուղները քաղելու են սերունդները: Ընտանեկան կյանքում հարաբերությունների կայունությունը կպահպանվի, ինչպես նաեւ ֆինանսական հարցերում, եթե այլ արկածների հետեւից չգնաք: Խուսափե՛ք մրսելուց:
ՀՀ փոխվարչապետ
Համբարձում Մաթեւոսյան
Կապիկի տարում ծնված երիտասարդ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի համար Վագրի տարին բազմազան է լինելու: Իհարկե, Քաջ-Նազարի օրինակը մոտիվացնող է, բայց աստղերը հուշում են, որ կարիերայում գործերն այնքան էլ հաջող չեն լինի. հնարավոր են ցնցումներ: Միայն տարվա վերջում ամեն ինչ կկարգավորվի՝ իր հետ բացելով ֆինանսական հաջողության նոր հեռանկարներ: Խուսափե՛ք շփվել նախկինների հետ. կարող է վտանգավոր լինել առողջության համար: Աստղերը պարտադրում են Ձեզ օրը 2 անգամ երկրպագել անմիջական ղեկավարին, երեքուկես անգամ՝ այն անձին, ում փոխարինում եք: Երեխաների հետ հասցրե՛ք ժամանակ անցկացնել:
ՀՀ ԱԺ նախագահ
Ալեն Սիմոնյան
Կապիկի տարում ծնված Ալեն Սիմոնյանի համար անցնող Ցլի տարին ֆանտաստիկ հաջողակ էր: Վերջապես թիմը ըստ արժանվույնս գնահատեց Ձեզ. կուսակցության փաստացի խոսնակից դարձաք երկրի թիվ մեկ խոսնակ: Բայց ճանկռող Վագրի տարում հեշտ չի լինելու, բազմազան եւ փորձություններով տարի է սպասվում: Գուցե էլի լինեն ընկերներ, որոնք լքեն թիմը, ու ստիպված լինեք նրանց անձնական վիրավորանքներ հասցնել, բայց աստղերը հուշում են նման տեքստեր գրելուց առաջ հիշել այն անցյալը, որ ունեցել եք միասին, եւ բառերը ճիշտ ընտրել. պաշտոնական դիրքի պահպանումը դեռ արդարացում չէ: Անձնական կյանքում կայունություն ու սիրված ընտանիքում ջերմություն գտնել էլի կհաջողվի, եթե ընտանիքում այլ անդամներ չխառնեն հարաբերությունները գրավոր տարաբնույթ տեքստերի հրապարակմամբ, միեւնույն է, թիմին ձեր անմնացորդ նվիրվածությունը խանդ է առաջացնում հենց նաեւ ներսում: Պահպանե՛ք զգոնությունը եւ առողջությունը. ապագան այս երկու գործոններով է պայմանավորված, այլ ոչ կուսակցականությամբ:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան
Oձի տարում ծնված Արմեն Սարգսյանի համար 2022 եւս «վոյաժների» տարի կլինի, քանի որ յոթ տարվա վերջնաժամկետին դեռ երկար ժամանակ կա: Վայելե՛ք կյանքը, քանի որ կառավարական ինքնաթիռից եւ իրավունքներից օգտվելու հնարավորություն ունեք: Շարունակե՛ք խուսափել շփվել մարդկանց հետ, քանի որ դրանից հետո Ձեր մասին պատկերացումները Ձեր դեմ են շուռ գալիս: Ֆինանսական հաջողությունները կշարունակեն կրկնկակոխ հետապնդել Ձեզ, բայց աշխատե՛ք կառավարել դրանք այնպես, որ ֆինանսական դժգոհությունները գոնե Ձեր շրջապատում պակասեն: Աստղերը հուշում են նախկինների հետ չշփվել` նկատի ունենալով Երեւանի քաղաքապետի դառը ճակատագիրը: Վագրի տարում շատ ժամանակ անցկացրե՛ք նավի վրա թոռնիկների հետ. ապագան, միեւնույնն է, Ձեզ համար Հայաստանում չէ:
ՀՀ առաջին նախագահ
Լեւոն Տեր-Պետրոսյան
Աքաղաղի տարում ծնված Լեւոն Տեր Պետրոսյանը 2022-ին եւս իր առանձնատնից կփորձի ազդել Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքական գործընթացների վրա, սակայն նախկին հոգեզավակը շարունակաբար կխոչընդոտի: Վագրի տարում մլավողների ոստյունները կշարունակեն նյարդայնացնել ձեզ «Բա որ ես ասում էի, չլսեցիք» աշխատության վրա կենտրոնանալիս: Աշխատե՛ք չնկատել ճանկռտողներին: Եկող տարվա ընթացքում էլի կլինեն թիմից դուրս եկողներ, որոնք կտեղավորվեն հեղափոխականների քմահաճույքների ճիրաններում` մոռանալով «պապիկի խորհուրդները» եւ «պապիկին տված հավատարմության երդումները»: Բայց դե, կյանք է, Դուք ավելին գիտեք, քան մյուսները: Աստղերն, ամեն դեպքում, հուշում են շարունակել շփումները քաղաքական դաշտի բոլոր դերակատարների հետ. ինքնամփոփ Ձեր կերպարը այսօրեական խնդիրները չեն լուծի: Հետեւե՛ք Ձեր առողջությանը եւ շարունակե՛ք Ձեր թոռնիկների հետ ժամանակ անցկացնել:
ՀՀ երկրորդ նախագահ
Ռոբերտ Քոչարյան
Ձիու տարում ծնված Ռոբերտ Քոչարյանի համար Վագրի տարին այնքան էլ գլոբալ փոփոխություններ չի բերելու, բայց փոքրիկ հաջողություններ արձանագրելու առիթներ կունենաք: Շարունակե՛ք պահպանել հավասարակշռությունը, քանի որ դա հունից հանում է Ձեր ընդդիմախոսներին: Իհարկե, Ձեր ծրագրերի իրագործման ճանապարհին անընդհատ կհանդիպեք խոչընդոտների. հին ու նորի համեմատությամբ, թալանի ու զոռբայության մեջբերումներով իշխանություններն իրենց երկարակեցության յուրօրինակ երաշխիք կշարունակեն ունենալ: Բայց մի՛ վհատվեք, վստա՛հ անցեք այդ շրջանը: Աստղերը հուշում են, որ արդեն տարվա վերջում կամաց-կամաց կուրվագծվի պլանների իրագործման ճանապարհային քարտեզը: Գլխավորը ազատությունն է եւ դրա գիտակցումը: Հետեւե՛ք Ձեր առողջությանը, շարունակե՛ք զբաղվել սպորտով: Թոռնիկների հետ ժամանակ անցկացնելը Ձեզ համար պետք է շարունակի պարտադիր պայման մնալ:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան
Ձիու տարում ծնված Սերժ Սարգսյանի համար Վագրի տարին կշարունակվի այնպես, ինչպես անցնող Ցլի տարին: Հաստատուն քայլերով վերագտնելու եք Ձեզ քաղաքական դաշտում, քանի որ հեղափոխական իշխանության ամեն սխալ Ձեզ սրբագործվելու, հասկանալի դառնալու յուրօրինակ հնարավորություն է ստեղծում: Իհարկե, ցատկոտող ու ճանկռող Վագրի տարին այնքան էլ հեշտ չի լինելու, գլոբալ փոփոխություններ մի՛ ակնկալեք, բայց աստղերը հուշում են, որ թիմի բյուրեղացումն ու նոր «փազլի» ձեւավորումը ոչ շատ երկարաժամկետ ապագայում ցանկալի արդյունքներ կտա: Հետեւե՛ք Ձեր առողջությանը, շատ ժամանակ անցկացրե՛ք հարազատների եւ ընկերների հետ:
Վերջում հիշեցնենք, որ աստղերը
հուշում են, բայց չեն պարտադրում։
ԴԱՏԸ
ՁԳՁԳՎՈՒՄ Է
Ռոմանոս Պետրոսյանի՝ բնապահպանության նախարար պաշտոնավարման ժամանակ նրա կամքով «Դիլիջան» ազգային պարկում կրճատումներ են արվել։ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի մամուլի խոսնակ Անահիտ Ամիրխանյանի հաստիքը եւս 2020թ. մայիսին կրճատել են։ Ա. Ամիրխանյանի խոսքով՝ այդ կրճատումներին զուգահեռ ազգային պարկում նոր հաստիքներ են ավելացրել, օրինակ՝ ազգային պարկի փոխտնօրենի հաստիք։ Անահիտ Ամիրխանյանը իշխանամետ չէ, իր համոզմամբ, իր հաստիքը 2021թ. հունիսի 20-ին կայացած խորհրդարանական ընտրություններից առաջ այդ պատճառով են կրճատել, մինչ այդ ԱԱԾ-ն է ժամանակ առ ժամանակ նրան անհանգստացրել՝ նրան չհայտնելով, թե դա դա ինչի հետ է կապված։ Անահիտ Ամիրխանյանը ԱԱԾ չի ներկայացել, որովհետեւ իրեն ներկայանալու ծանուցագիր չեն ուղարկել։ Ա. Ամիրխանյանի ներկայացուցիչ Մ. Ատովմյանը 2021թ. մայիսի 24-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի՝ աշխատանքից ազատելու մասին տնօրենի հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու եւ հարկադիր պարապուրդի գումարի բռնագանձման պահանջով։ Տավուշի մարզի առաջին ատյանի դատավոր Արման Կուրեխյանը 2021թ. մայիսի 27-ին որոշել է հայցադիմումն ընդունել դատարանի վարույթ, նաեւ որոշում է կայացրել 2021թ. հուլիսի 28-ին նախնական դատական նիստ նշանակելու մասին։ Բարձրագույն դատական խորհրդի՝ 2021թ. օգոստոսի 12-ի որոշմամբ՝ Ա. Կուրեխյանը նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր, այդ հիմքով սույն քաղաքացիական գործը 2021թ. հոկտեմբերի 20-ին մակագրվել է նույն դատարանի դատավոր Նանա Դալլաքյանին։ Դեկտեմբերի 21-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Դիլիջանի նստավայրում այդ գործով նշանակված էր նախնական դատական նիստ։ Ա. Ամիրխանյանը հայտնեց, որ այն չի կայացել, որովհետեւ փոստով դատավարության կողմերին չեն զգուշացրել նիստի մասին։
ՏԵԽԶՆՆՈՒՄ
Նոյեմբերյանի տարածաշրջանի շատ վարորդներ, դեռ չլուսացած, Իջեւան են մեկնում, որպեսզի առավոտյան ժամը 5-ից Իջեւանի տարածաշրջանի Ակնաղբյուր գյուղի տարածքում՝ միջպետական ավտոճանապարհի եզրին գործող տեխնիկական զննության կետում ավտոմեքենաների տեխզննում անցկացնեն։ Մինչ այս տարեվերջ բոլոր ավտոմեքենաների տեխզննում անցկացնելու որոշումը վարորդներին ստիպում է արագացնել այդ գործը։ Տավուշի մարզի Բերդի տարածածրջանում եւս գործում է ավտոմեքենաների տեխզննման կետ։ Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչ վարորդներ կան, որոնք խուսափելով Իջեւանի տեխզննման կետում մեծ հերթերից, Նոյեմբերյանից 100 կմ ճանաապարհ անցնելով՝ իրենց ավտոմեքենաների տեխզննումն անցկացրել են Բերդում։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ