Արդարադատության միջազգային դատարանի որոշումների՝ Ադրբեջանի պաշտոնյաները շարունակում են թիրախավորված ռասայական ատելության տարածումը եւ որեւէ քայլ չեն ձեռնարկում դադարեցնելու հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը։ Այս մասին նշված է Հունաստանում ՀՀ դեսպանության տարածած հայտարարության մեջ։ «Արցախը մշտապես հպարտացել է իր տարածքում գտնվող կրոնական եւ մշակութային հուշարձաններով` համարելով դրանք իր պատմամշակութային ժառանգության մասը: Արցախցիները հոգատար են նաեւ ռուսական կրոնական եւ մշակութային ժառանգության` հուշարձանների պահպանման գործում:
Հատկանշական է, որ Արցախի Հանրապետության պետական բյուջեով յուրաքանչուր տարի պատմամշակութային հուշարձանների պահպանման եւ վերականգնման նպատակով նախատեսված են ծախսեր, քանի որ պատմամշակութային հուշարձանների պահպանության, ուսումնասիրման ու օգտագործման բնագավառը Արցախի Հանրապետության պատմության եւ մշակույթի կարեւորագույն եւ առանձնահատուկ ոլորտներից է: Ռուսական Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Գեւորգավան տեղամասում: Եկեղեցին կառուցվել է ավելի քան 100 տարի առաջ Ռուսաստանից ներգաղթյալների կողմից: Այն կրաքարից է, արտաքուստ՝ դեղնավուն: Ունի երկու մուտք, որոնք բացվում են արեւմտյան եւ հյուսիսային կողմերից: Պատուհանների թիվը երկու տասնյակից ավելի է: Եկեղեցու ծխականները եղել են ռուս վերաբնակիչները: 1989 թվականին մեկնարկեցին եկեղեցու վերականգնողական աշխատանքները, որոնք ընդհատվեցին՝ պայմանավորված Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայով, որի ժամանակ եկեղեցին կրկին կրել է մեծ վնասներ։ Մինչեւ 2020 թվականի պատերազմի մեկնարկն Արցախի Հանրապետության կառավարությունը մշակում էր եկեղեցու վերականգնման նախագիծ եւ հովանավոր էր փնտրում՝ վերականգնողական աշխատանքները սկսելու համար։
Այսպիսով, ոմն Անաստասիա Լավրինայի ու Հունաստանում Ադրբեջանի դեսպանության կողմից հունարեն թարգմանությամբ, Արցախի Հանրապետության տարածքում գտնվող ռուսական ուղղափառ կրոնական ժառանգության նկատմամբ հայկական կողմի իբր «ոտնձգությունների» մասին տարածվող քարոզչական նյութը հանդիսանում է հերթական սադրիչ, անհիմն եւ կեղծ ապատեղեկատվությունը. այն նպատակ ունի, հայերի նկատմամբ ատելություն տարածելով, փորձել խարխլել եւ սեպ խրել Հայաստանի ու իր բարեկամների միջեւ հարաբերություններում: Մշակութային հուշարձանները դիտավորյալ ոչնչացնող երկիրը փորձում է անհիմն մեղադրանքներով քողարկել իր իսկ կողմից իրականացված բազմաթիվ վանդալիզմի դեպքերը։ Այս կապակցությամբ հարկ է նշել, որ դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող «Հայաստանը՝ ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից ներկայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ հրապարակեց որոշումներ: Ի թիվս այլ միջոցների՝ դատարանը ՊԱՐՏԱՎՈՐԵՑՐԵԼ է Ադրբեջանին նախ՝ «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու ազգությամբ եւ էթնիկ հայերին թիրախավորող ռասայական ատելության եւ խտրականության հրահրումը եւ խթանումը՝ ներառյալ Ադրբեջանի պաշտոնյաների եւ պետական հաստատությունների կողմից»։
Մյուս կողմից՝ դատարանը պարտավորեցնում է Ադրբեջանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու եւ պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության՝ ներառյալ եկեղեցիների եւ այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների եւ արտեֆակտերի դեմ»»,- նշված է դեսպանության հայտարարության մեջ։
Ն. Պ.
129 ՆՈՐ ԴԵՊՔ
Հայաստանում դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 129 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 344126 դեպքի: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2516680, վերջին մեկ օրում` 6885 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 5119 պացիենտ. մեկ օրում նվազել է 182-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 329576 անձ, վերջին մեկ օրում՝ 295 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 15 քաղաքացի, մահացածների թիվը 7936 է: Նախորդ օրն արձանագրվել նաեւ մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1495 է