ՄԵՐԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 20-ին դերասանուհի Մերի Հակոբյանը ներկայացրել է իր առաջին տեսահոլովակը՝ «Կսպանեմ քեզ» երգի հիման վրա։ Մերին մինչեւ վերջին պահն այս նորությունը գաղտնի էր պահում, իսկ երեկ մեծ շնորհանդես էր կազմակերպել, որով էլ տվեց երաժշտական պրոֆեսիոնալ կարիերայի մեկնարկը։

 

ArmLur.am-ը ներկա է գտնվել երեկոյին եւ ֆիքսել հետաքրքիր դրվագներն ու հյուրերին:

Դերասանուհին իր առաջին տեսահոլովակը ներկայացրեց եւ խոստովանեց, որ վաղուց էր ուզում երաժշտական կարիերա սկսել, քանի որ դերասանական կարիերային զուգահեռ երգում էր երաժշտական տարբեր ակումբներում, սակայն ներկայացնում էր cover-ներ։ Հիմա արդեն նա ունի իր երգը, որի հեղինակն Արտեմ Վալտերն է։ Տեսահոլովակը նկարահանել է ռուսաստանաբնակ հայ ռեժիսոր Արթուր New Way-ը, իսկ հերոսին մարմնավորում է դերասան Գեւորգ Գրիգորյանը։

«Կարծում եմ՝ ես ըստ արժանվույն եմ ներկայանում իմ լսարանին։ Արտեմ Վալտերի հետ երկար ժամանակ փորձում էինք գտնել ինձ հոգեհարազատ երգ։ Արդյունքում ստեղծվեց երգ, որտեղ կան եւ՛ մեր ժողովրդին, եւ՛ ինձ հարազատ տեմպ ու ռիթմ։ Տեսահոլովակում էլ ներկայանում եմ այնպիսի ոճով, ինչպես հասարակությունն  ինձ չի տեսել։ Այնքան ուրախ եմ, որ Արտեմը կարողացավ հասկանալ, իսկ Արթուրը՝ լավագույնս ներկայացնել ինձ»,- ընդգծեց Մերին։

Տեսահոլովակի ռեժիսոր Արթուր New Way-ն էլ պատմեց, որ տեսահոլովակը նկարահանել է այն սցենարով, որը տեսել է երգն առաջին անգամ լսելուց անմիջապես հետո։

«Ես եւ՛ սցենարիստ եմ, եւ՛ ռեժիսոր, եւ՛ օպերատոր։ Ռեժիսորը պետք է ամեն ինչից հասկանա, որպեսզի կարողանա լավ աշխատանք մատուցել։ Ինքս մասնագիտական կրթություն չունեմ, սակայն 10 տարուց ավելի աշխատում եմ այս ոլորտում, իսկ փորձն ավելին է, քան թեորիան։  Ես շատ չեմ հետեւում հայկական շոու-բիզնեսին, սակայն կան տաղանդավոր մարդիկ, որոնց մասին պարտավոր եմ իմանալ։ Ինձ համար Արտեմ Վալտերն առանձին տեղ է զբաղեցնում որպես երգիչ, երգահան։ Երգը լսելուց հետո առաջին հարցս էր՝ Վալտերն է գրել արդյոք, որովհետեւ նրա ձեռագիրը շատ տարբերվող է։ Շատ ուրախացա, որ երգի հեղինակն ինքն է։ Մենք շատ մեծ թիմային աշխատանք ենք արել, որտեղ յուրաքանչյուր անդամի գործը շատ կարեւոր էր»,- նշեց նա:

Մերին էլ իր հերթին շեշտեց, որ փորձարկման հարցում վստահել է ռեժիսորին. «Նկարահանվել ենք 40 ժամ՝ առանց ընդմիջման։ Չենք քնել ու չնայած շատ հոգնած էինք, պիտի շարունակեինք աշխատանքը, քանի որ Արթուրը 2 օրով էր Մոսկվայից եկել Երեւան։ Մինչեւ Արթուրի՝ Հայաստան գալն էլ մազերս ամբողջությամբ մանր հյուսքեր էինք արել կերպարներից մեկի համար, Արթուրը հասավ, նայեց եւ ասաց՝ քանդի՛ր։ Ես հետեւում էի նրա բոլոր ցանկություններին, քանի որ պրոֆեսիոնալ է։ Ես Արթուրին ուղղակի ասել եմ՝ ինչ ուզում ես, նկարիր, որովհետեւ վստահ էի արդյունքի վրա։ Նա տարիների աշխատանքային փորձ ունի ռուսական շոու-բիզնեսում, եւ վստահ էի, որ արդյունքը գոհացուցիչ է լինելու։ Հիմա նայում եմ տեսահոլովակն ու հասկանում, որ արժեր վստահել նրան»։

Մերին նաեւ հավելեց, որ  սկսել է հաջորդ երգերի աշխատանքը. «Ես չեմ պատրաստվում պասիվանալ, քանի որ եթե մտնում եմ որեւէ ոլորտ, պետք է լինեմ լավագույններից մեկը։ Հուսով եմ՝ հասարակությունը կգնահատի մեր աշխատանքը։ Իհարկե, պատրաստ եմ տարբեր արձագանքների. նախ՝ կատարյալ ոչինչ չկա, երկրորդ առողջ քննադատության վերլուծությամբ մեր հաջորդ աշխատանքն ավելի լավն է լինելու»։

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ԱՄԱՆՈՐՅԱ ԱՆԱԿՆԿԱԼ՝ ՓՈՔՐԻԿՆԵՐԻՆ

 

Պատանի հանդիսատեսի թատրոնում դեկտեմբերի 21-ին կայացել է  փոքրիկների կողմից սպասված «Ռապունցելը»  ներկայացման  փակ դիտումը, որին դեկտեմբերի 22-ին կհաջորդի ներկայացման պրեմիերան։ Այս մասին տեղեկացրին Պատանի հանդիսատեսի թատրոնից։

 

«1 ժամ տեւողությամբ գունեղ ներկայացումն ուղեկցվում է  երաժշտական եւ պարային կատարումներով, ինչն  է՛լ ավելի  հետաքրքիր եւ ռիթմիկ էր դարձնում ներկայացման ընթացքը։

Գրիմ Եղբայրների հեղինակած համանուն հեքիաթի հիման վրա բեմադրված «Ռապունցելը» ներկայացման  բեմականացման հեղինակն է  Նարեկ Մանուչարյանը, իսկ բեմադրող ռեժիսորը՝  ՀՀ Ժողովրդական արտիստ  Հրաչյա Գասպարյանը։ Բեմանկարչությունն իրականացրել  է Անտոն Քեշիշյանը, վերջինիս մտահղացման մի մասի, մասնավորապես՝ կոստյումների հատվածը կյանքի է կոչել դիզայներ-մոդելավորող Քնքուշ Մալխասյանը։ Պարային  տեսարանների բեմադրության հեղինակն է խորեոգրաֆ Կարեն Խաչատրյանը։ Գլխավոր կերպարներին մարմնավորում են թատրոնի երիտասարդ դերասաններ  Ցողիկ Մարտիրոսյանը, Սեյրան Մովսիսյանը եւ հրավիրյալ դերասանուհի Կարինե Եսայանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ փակ դիտմանը ողջույնի խոսքով հանդես է եկել թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանը, որը շնորհակալություն է հայտնել թատրոնի ողջ անձնակազմին անմնացորդ նվիրումի եւ ներկայացումն իրականություն դարձնելու համար, ինչպես նաեւ  ուրախությամբ ընդգծել՝ թատրոնը ջանացել է Ամանորին  ընդառաջ եւս մեկ հետաքրքիր ներկայացմամբ համալրել  խաղացանկը։ էմին Թորոսյանը հույս է հայտնել, որ հետաքրքիր մտահղացումները, լուսային եւ ձայնային ինքնատիպ լուծումները կնպաստեն, որպեսզի ներկայացման  կարեւոր ասելիքը է՛լ ավելի պարզ կերպով հնարավոր լինի հասցնել պատանի հանդիսատեսին։

 

ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ

Ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի հանդիպումներից հետո տեղի է ունեցել կիսաեզրափակչի վիճակահանությունը։ «Արսենալ» – «Լիվերպուլ», «Չելսի» – «Տոտենհեմ» Առաջին հանդիպումները տեղի կունենան հունվարի 5-ին, պատասխան հանդիպումները՝ հունվարի 12-ին։ Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչում «Արսենալը» պայքարից դուրս է թողել «Սանդերլենդին», «Չելսին»՝ «Բրենթֆորդին», «Տոտենհեմը»՝ «Վեստ Հեմին», «Լիվերպուլը»՝ «Լեսթեր Սիթիին»։

 

 

ԱԼ ՊԱՉԻՆՈ

Հոլիվուդյան դերասան եւ ռեժիսոր Ալ Պաչինոն դարձել է Saint Laurent-ի գարուն-ամառ 2022 սեզոնի հավաքածուի դեմքը։ Նրա մասնակցությամբ լուսանկարները հրապարակվել են ապրանքանիշի ինստագրամյան էջում։ Դերասանը կրում է գարուն-ամառ 2022 տղամարդկանց հավաքածուում ներառված կոստյումը։ Ալ Պաչինոն նման հագուստ կրել է «Կնքահայրը» եւ կուլտային դարձած այլ ֆիլմերում։ Սեւ-սպիտակ լուսանկարների հեղինակը լուսանկարիչ Դեւիդ Սիմսն է։ Նրա օբեյեկտիվում հայտնվել են Քենդալ Ջենները, Լիլա Մոսը, Ֆրենկ Օուշենը եւ այլ հայտնի աստղեր։ Բացի Ալ Պաչինոյից, Saint Laurent-ի գովազդային արշավում նկարահանվել է 65-ամյա մոդել եւ դերասանուհի Ջերի Հոլը։

 

 

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է

Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է 2։1 հաշվով հաղթանակը Բիլբաոյի «Աթլետիկի» նկատմամբ Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում՝ առանձնացնելով բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարի խաղը։ «Համաձայն եմ, որ Ազարը վերադարձել է լավ մարզավիճակի։ Նա լավ խաղաց, պայքարեց մինչեւ վերջ։ Ազարն ու Վինիսիուսը լավ էին հասկանում իրար նաեւ պաշտպանական փուլում։ Այս հաղթանակը մեծ նշանակություն ունի մեր թիմի համար։ Մենք ցուցադրեցինք ամբողջական խաղը, թեեւ օգտագործեցինք ֆուտբոլիստների, որոնք սովոր չեն իրար հետ խաղալուն։ Նաչոն, Ազարը, Վալվերդեն, Կամավինգան գերազանց հանդիպում անցկացրին»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը։ Հիշեցնենք, որ «Ռեալը» «Աթլետիկին» հաղթել է ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի դուբլի շնորհիվ։ 19 խաղից հետո «Ռեալը» 46 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 8 միավոր առաջ է 1 հանդիպում քիչ անցկացրած «Սեւիլիայից», որը երկրորդն է։

 

 

ԿՀԵՌԱՆԱ ԹԻՄԻՑ

Իտալական «Ռոմայի» 20-ամյա ամերիկացի պաշտպան Բրայան Ռեյնոլդսը կհեռանա պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմից: Ռեյնոլդսի ծառայություններով հետաքրքրված են բելգիական «Բրյուգեն» եւ անգլիական «Հալ Սիթին»։ Գործարքը կարող է տեղի ունենալ արդեն հունվարին։ Առավել հավանական է «Բրյուգեի» տարբերակը: Ընթացիկ մրցաշրջանում Ռեյնոլդսը «Ռոմայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է երեք հանդիպման։ Ռեյնոլդսն այս տարվա փետրվարին է միացել իտալական թիմին։ Նա ամերիկյան «Դալլասի» սան է։




Լրահոս