Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ ուժի կիրառումից և բովանդակալից երկխոսության մեջ մտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճը լուծելու համար։ Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի խոսնակ, ԵԱՀԿ-ում Լեհաստանի մշտական առաքելության երկրորդ քարտուղար Բարտոշ Կեմպինսկին՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է ԵԱՀԿ նախագահությունը գնահատում հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած ռազմական սադրանքն ու հրադադարի խախտումները, որոնց հետևանքով հայկական կողմը երկու զոհ ունի։
«Մենք ուշադրությամբ մշտադիտարկում ենք իրադրությունը Հարավային Կովկասում։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ ուժի կիրառումից և բովանդակալից երկխոսության մեջ մտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճը լուծելու համար։ Լեհաստանը, որպես ԵԱՀԿ նախագահող, մտադիր է աշխատելու գործընկերների հետ՝ տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը և կայուն զարգացմանը միտված մեր ջանքերը նորացնելու և ամրապնդելու նպատակով։ Այդ առումով մենք աջակցելու ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին», – նշել է ԵԱՀԿ գործող նախագահի խոսնակը։