«Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գովազդի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր դրական եզրակացություն չստացավ: Հարցը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը։

«Առաջարկվում է ինտերնետ շահումով խաղի գովազդի կարգավորումները վերադառնան մինչև 2000 թվականը կարգավորւմների դաշտ։ Այսինքն՝ օրենքի ընդունումից հետ գովազդ կթուլատրվի միայն չորսաստղանի և բարձր հյուրանոցներում, սահմանային անցակետերում և այնտեղ որտեղ իրենք գործունեություն կանեն՝ շենքի ճակատային մասում և ներսում, մյուս վայրերում գովազդը արգելված կլինի»,–ասաց նա։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը փոխնախարարից հետաքրքրվեց, թե արդյոք նախագիծը բոլորի համար հավասար պայմաններ է ստեղծում։ «Ենթադրենք՝ օրենքն ընդունվում է, մենք ունենք մի իրավիճակ, երբ բոլորի համար գովազդն արգելված է, բայց մենք ունենք մեկ հեռուստաընկերություն, կամ օրինակ՝ կոշիկի արտադրամաս, որն ամբողջապես ասոցացվում է այդ բուքմեյքերական ընկերության հետ»,–հետաքրքրվեց նա։

Արմեն Հայրապետյանը պատասխանեց, որ իրավակիրառ մարմնի կողմից այդ հարցը առանձին քննարկման հարց պետք է լինի։ Նիստը վարող Վահե Հակոբյանն իր հերթին նշեց. «Եթե մենք հիմա արգելում ենք դա զգալի հարված է այդ բոլոր ոլորտներին։ Ես, որպես ՀՀ քաղաքացի դեմ չեմ, որ զսպող մեխանիզմներ կիրառվեն, բայց ես կողմ եմ շուկայի ավելի խորը ուսումնասիրման։ Իմ կարծիքով՝ հարցը խորը ուսումնասիրված չէ, և ես առաջարկում եմ քննարկումը հետաձգել»,–ասաց նա։

Բաբկեն Թունյանը նկատեց. «Կարծում եմ, որ գովազդի մասին այս սահմանափակումները պետք է ընդունվեն, բայց նաև պետք է որոշակի շտկումներ կատարվեն անցումային դրույթների և հնարավոր մրցակցության խաթարումների մասով»,–հավելեց նա:

Այսպիսով, օրենքում փոփոխություններ կլինեն:




Լրահոս