ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավո»-ի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին։
Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունում քննվող գործը, ըստ այս կառույցի տարածած հաղորդագրության, վերաբերում է Զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերին, մասնավորապես` ՊՆ-ի կողմից անպիտան հրթիռներ գնելուն:
Իսկ ինչով է հայտնի պաշտոնատար անձանց մասով հարուցված քրեական գործը քննող դատավոր Մանվել Շահվերդյանը:
Անցած տարի պետք է հրապարակվեր բժիշկ ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանի վերաբերյալ դատարանի որոշումը, որով պաշտպանական կողմը վիճարկում էր նրա ձերբակալության իրավաչափությունը։
Եվ ահա մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ 19:30-ի կողմերը դատավոր Մանվել Շահվերդյանին առևանգում են խորհրդակցական սենյակից ու տանում ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանի մոտ։
Նրանից պահանջվում է իրավաչափ ճանաչել բժշկի ձերբակալության իրավաչափությունը, ինչը դատավորը կտրուկ մերժում է` ասելով, որ նման հիմքեր չկան:
Տեսնելով, որ չեն կարողանում ազդել դատավորի վրա, նրան փաստորեն պահում են պատանդի կարգավիճակում, որպեսզի թողնեն առավոտյան, երբ արդեն կքննվի բժշկին կալանավորելու հարցը, որպեսզի վերջինս ազատության մեջ չլինի։
Այս տեղեկության հետ կապված դատավորը պաշտոնապես դիմել էր ԲԴԽ եւ հայտնել, որ իր գործունեությանը որևէ միջամտություն տեղի չի ունեցել։
«Նշված բողոքն իմ կողմից քնվել և լուծվել է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ գործի հանգամանքները գնահատելով իմ ներքին համոզմամբ։
Իմ գործունեությանը որևէ միջամտություն տեղի չի ունեցել։ Ինչ վերաբերում է համացանցում տարածված այն տեղեկությանը՝ իբր խորհրդակցական սենյակից ինձ առևանգել և պահել են ԱԱԾ-ում որևէ աղերս չունի իրականության հետ»,- ասել էր Շահվերդյանը:
Ք. Մ.