ՀՀ առողջապահության նախարարի հրամանի համաձայն՝ հունվարի 22-ից հանրային սննդի օբյեկտների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների եւ մարզասրահի հաճախորդները, գրադարանների եւ թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի եւ այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները մուտք են գործելու միայն, եթե ներկայացնեն կա՛մ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կա՛մ թեստի 24-ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք:
Իհարկե, կայացված որոշմամբ սահմանափակումներ կան, եւ դա, օրինակ, չի վերաբերում մինչեւ 18 տարեկան անձանց: Անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում հղիները, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցողները, ուսանողները կարող են չներկայացնել ո՛չ թեստ, ո՛չ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը, ինչը նշանակում է, որ
ուսանողների պարագայում հակասություն է առաջանում: Բանն այն է, որ նախորդ տարվա հոկտեմբերի մեկից գործում է պարտադիր պատվաստման կամ 14 օրը մեկ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան ունենալու հակասահմանադրական ճանաչված որոշումը, սակայն ուսանողները համալսարան դասի գնալով կարող են չպատվաստվել, նրանք բացառություն են կազմում: Ստացվում է՝ համալսարաններում, որտեղ ուսանողների շփումը միմյանց հետ ավելի շատ է, քան, օրինակ, հանրային սննդի կետում երեք հոգով ճաշելու պարագայում, ուսանողները կարող են թեստ չհանձնել կամ չպատվաստվել, մինչդեռ դրանից վարակվելու ռիսկը չի նվազում:
Ահա այսպիսի անտրամաբանական, չվերահսկվող գործիքների կիրառման արդյունքում է, որ Հայաստանում
պատվաստումների ցուցանիշը շարունակում է ցածր մնալ:
ՀՀ առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ հունվարի 9-ի դրությամբ կատարվել է ընդհանուր 1 694 518 քովիդ պատվաստում, որից 952 813-ը՝ առաջին դեղաչափ, 740 489-ը՝ երկրորդ։
Հայ գործարարներն Իրան գնալու համար ադրբեջանցիներին մաքսատուրք են վճարում: «Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ ադրբեջանական մաքսակետի տրամադրած կտրոն է հայտնվել, որ փաստում է՝ հայ գործարարների ապրանքափոխադրմամբ զբաղվող պարսիկ վարորդները շարունակում են օգտվել Գորիս-Կապան ճանապարհահատվածի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հատվածից, ինչի համար ադրբեջանցիներին գումար են վճարում, տվյալ դեպքում՝ 130 ԱՄն դոլար: Հարցի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ՝ ճշտելու, թե ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցիների մաքսային գանձումները սկսելու օրվանից այդ ճանապարհահատվածից օգտվելու համար ՀՀ բնակիչներն ինչքան գումար են վճարել ադրբեջանական կողմին: Նախարարը, սակայն, մեր հարցադրումն անպատասխան թողեց: Ստացվում է, որ ադրբեջանցիներին, փաստորեն, ոչ միայն իրանցիները, այլ նաեւ հենց մեր հայրենակիցներն են հարկ վճարում Գորիս-Կապան ավտոճանապարհով անցնելու համար, քանի որ այլընտրանքային ավտոճանապարհը անանցանելի է բեռնատարների համար: Սա գուցե վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասած խաղաղության դարաշրջանի մեկնարկն է, երբ արդեն մեր հայրենակիցները երբեմնի թշնամիների բյուջեն են հարստացնում:
Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել ՀՀ պաշտպանության նախկին նախարարների մասով։ Բանն այն է, որ հետաքրքիր զուգադիպությամբ նախարարի պաշտոնից ազատումից հետո բոլոր նախարարները «մեկուսանում են» Ռուսաստանի դաշնության մայրաքաղաքում։ Օրինակ՝ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը արդեն երկար ժամանակ է, ինչ ապրում է Ռուսաստանում, հետո պարզվեց նաեւ, որ ՌԴ քաղաքացի է: Դավիթ Տոնոյանը ԱԱԾ մեկուսարանում է, հակառակ դեպքում նա էլ կգնար Մոսկվա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Միքայել Հարությունյանի օրինակով պաշտոնի ազատումից հետո Մոսկվա է գնացել նաեւ ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը: ՊՆ-ում տարածված խոսակցությունների համաձայն՝ նա այնտեղ է գնացել կարճ ժամանակով, սակայն փաստ է` ազատումից հետո նա մեկնել է Մոսկվա եւ մինչ օրս այնտեղ է: Իսկ, ահա, պաշտպանության մյուս նախարար Վաղարշակ Հարությունյանը այլ կարգավիճակով է Մոսկվայում. նա հունվարի 5-ին նշանակվեց Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Մոսկվա)։ Ստացվում է, որ պաշտպանության նախարարներն իրենց ազատումից հետո հանգրվանում են Ռուսաստանում:
Հայաստանյան սուպերմարկետներն ու խանութներն այսօրվանից հաճախորդին կառաջարկեն ավելի հաստ եւ թանկ տոպրակ: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին սուպերմարկետների աշխատողները: Ավելի քան 10 օր է, ինչ ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Հայաստանում պոլիէթիլենային տոպրակների վաճառքն արգելված է։ Նշենք, որ օրենքն ընդունվել է դեռեւս 2020 թվականի գարնանը, իսկ հունվարի մեկից ուժի մեջ է մտել մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների վաճառքի արգելքը, բայց, չնայած սրան, տոպրակները դեռ լայնորեն կիրառվում են գրեթե բոլոր խանութներում։ Սա դեռ ամենը չէ. պարզվում է՝ վերահսկող մարմինները դեռ տեխնիկապես պատրաստ էլ չեն ստուգել առեւտրի կետերի տոպրակների միկրոնը: Իսկ մինչ այդ լիազոր մարմինը՝ Երեւանի քաղաքապետարանը, տեղյակ էլ չէր, որ ինքն է վերահսկելու մայրաքաղաքում տոպրակների խնդիրը: Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետի տեղակալ Արթուր Ղաբալյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին, ասաց. «Այդ հարցը պարզաբանվել է, դրա խնդիրը չկա: Հիմա զուտ տեխնիկական խնդիրներ են՝ կապված չափիչ սարքերի ձեռք բերման, դրանց ստուգաչափման հետ: Դրանք մեկ օրում էլ հնարավոր կլինի գնել, բայց դրանք նախ պետք է ստուգաչափվեն, սարքերը պետք է համապատասխան մարմինների կողմից ստուգված եւ կնքված լինեն»: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ հնարավոր չէր այդ ամենի մասին մտածել մինչեւ հունվարի 1-ը, ձեռք բերել այդ սարքերը, ստուգաչափել, Արթուր Ղաբալյանը պատասխանեց. «Վերահսկող մարմինը պետք է տեղյակ լիներ եւ նախապես պատրաստվեր: Եթե օրենք է ընդունվում, բնականաբար այն մշակման ընթացքում համաձայնեցվում է համապատասխան լիազոր մարմինների հետ: Այդ դեպքում լիազոր մարմինը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն է: Մենք լրացուցիչ իրազեկում ուղարկել ենք արդեն հունվարին, բայց կարծում եմ՝ լիազոր մարմինները պետք է արդեն տեղյակ լինեին փոփոխություններից»: Իսկ այս դեպքում լիազոր մարմինները համայնքապետարաններն են։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս խնդրի շուրջ մեկնաբանություն ստանալ նաեւ Երեւանի քաղաքապետարանից, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։