«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հետ՝ հասկանալու համար, թե վերջինս ինչպես է վերաբերվում Ղազախստան զորախումբ ուղարկելու փաստին:
-ՀԱՊԿ զորախումբը Հայաստանից մեկնել է Ղազախստան գործողություններ իրականացնելու: Իշխանությունների տրամադրվածությունն այնպիսին է, որ սա լավագույն լուծումն է օգնելու մեր բարեկամներին կամ կատարելու պարտավորությունները, որոնք ունենք ՀԱՊԿ-ի ներսում: Ձեր գնահատականը ո՞րն է այս մասով:
-Այն մեկնաբանությունը, որ տրվում է իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից Ղազախստանում ստեղծված իրավիճակի մասին, ես համարում եմ իրավիճակին ոչ իրավաչափ: Մասնավորապես՝ անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարում է, որ Հայաստանն առաջին երկիրն է, որ փորձում է գործարկել մեխանիզմները եւ փաստացի ցույց տալ, թե ինչպես կարող են աշխատել ՀԱՊԿ երկրները: Եթե Հայաստանի այդպես գործելու տրամաբանությունն ու ողջ նպատակն այն է, որ ցույց տա ապագա մեխանիզմների աշխատել կամ չաշխատելը, ապա ասեմ, որ մենք իրականության մեջ շատ վատ վիճակում ենք: Զորախմբի՝ Ղազախստան ուղարկելու վարձուի իրավաչափությունը շատ բանով կախված է այն իրական պատկերից, որն այսօր կա Ղազախստանում: Այսինքն՝ դրա իրավաչափությունը շատ բաղադրիչներով կախված է այն բանից, որի մասին մենք երեւի ավելի ուշ կիմանանք, թե, օրինակ, ահաբեկչական կազմակերպությունների դերն ու միջամտությունը Ղազախստանում ինչ չափի է, ինչ համամասնության մեջ է, օրինակ՝ ծայրահեղական խմբերի գործունեությունը խաղաղ ցուցարարների բարձրաձայնած հարցերի հետ եւ այլն: Բնականաբար նմանատիպ տեղեկատվություն կարող է իմանալ մեր պետությունը իր հետախուզության բոլոր միջոցներով, եւ այս իրավիճակում շատ կարեւոր կլիներ, եթե իշխանությունը ամենայն մանրամասնորեն ներկայացներ իրավիճակը, իրական պատկերը Ղազախստանում եւ, ըստ այդմ, ՀԱՊԿ կանոնադրությամբ նախատեսված միջոցների կիրառումը: Իշխանությունն այս տեսանկյունից որեւէ լուրջ քայլ չի ձեռնարկում, հանրության համար մեծ թվով հարցադրումներ այսօր էլ շարունակում են մնալ, հատկապես այն համատեսքտում, որ, օրինակ, ինչու ՀԱՊԿ սույն մեխանիզմենրը չկիրառվեցին 2021թ. մայիսի 12-ին եւ նոյեմբերի 16-ին, երբ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ կար ագրեսիա, կամ, օրինակ, ի վերջո ինչ եղավ հայկական դիմումը ՀԱՊԿ-ին, քանի որ այդպես էլ պարզ չդարձավ, թե այդ դիմումը մերժվել է, թե վերջնական նպատակներում այդպես էլ չի ներկայացվել ՀԱՊԿ-ին: Այսինքն՝ մի կողմից՝ հայ հասարակությունն ունի մեծ թվով անպատասխան մնացած հարցադրումներ, մյուս կողմից՝ կա Ղազախստանի իրավիճակը, որտեղ ՀԱՊԿ մեխանիզմներն այս դեպքում, կարելի է ասել, լիարժեքորեն գործել են:
-Այլ երկրներից ուժեր տեղափոխելն արդյոք ճնշում չէ՞ նշանակում ղազախ ժողովրդի նկատմամբ:
-Ունենք ՀԱՊԿ կանոնադրություն, որը նախատեսում է ահաբեկչական կազմակերպությունների կամ ագրեսիայի պարագայում համապատասխան արձագանք: Դրա համար եմ ասում, որ հայ հասարակության համար դեռեւս պատկերն ամբողջական չէ, թե իրականում Ղազախստանում տեղի ունեցող իրավիճակն ունի ընդգծված ներքաղաքական բնույթ, թե այնտեղ գերիշխող են, օրինակ, ահաբեկչական գործողությունների կազմակերպումն ու դրանց առաջացրած սպառնալիքները: Երբ այդ հարցերի պատասխանները հասարակությունը կունենա, ըստ այդմ էլ շատ ավելի հստակ կլինի իրավաչափությունը այսպես կամ այնպես գործելու:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ԻՇԽԱՆԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԸՆԴԴԻՄԱԴԻՐԻ ԱՌԱՋԱՐԿՆ Է ԲԵՐՈՒՄ
Դեռ 2021 թվականի ապրիլի 13-ին այն ժամանակ դեռ անկախ պատգամավոր, այժմ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԱԺ ամբիոնից բարձրացրեց զինծառայողների ընտանիքներին առնչվող մի խնդիր՝ կոչ անելով պատկան մարմիններին կամք ցուցաբերել ու լուծել խնդիրը:
«Հովիկը մինչեւ այսօր անհետ կորած է։ Որեւէ մեկը տեղը չգիտի, չգիտենք, թե որտեղ փնտրել։ Նա, լինելով երկկողմանի ծնողազուրկ, զորակոչվել է բանակ։ Ունի երկու եղբայր, խնամակալը հորեղբայրն է։ ՊՆ-ն եւ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը մերժում են Հովիկ Ասատրյանի հարազատ եղբայրներին ճանաչել շահառու եւ փոխհատուցում տրամադրել՝ այն հիմնավորմամբ, որ նրանք չեն մտնում ընտանիքի անդամ համարվողների ցանկի մեջ։ Այսինքն՝ եղբայրները շահառու չեն համարվում։ Մոտ տասը նման դեպք ունենք։ Կարգավիճակ է պետք է տալ, եւ դա հնարավոր է անել կարճ ժամանակում»,-հավելեց Թագուհի Թովմասյանը։
Բանն այն է, որ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը հստակ սահմանում է, թե զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում ովքեր են հանդիսանում շահառու, մասնավորապես՝ զինծառայողի՝ 1) ամուսինը. 2) զավակը (զավակները). 3) ծնողը (ծնողները): Եվ պատգամավորը կոչ էր անում ընդլայնել շահառուների շրջանակը:
Եվ չնայած այդ ժամանակ իշխանությունը որեւէ կերպ չարձագանքեց պատգամավորի բարձրացրած հարցին, սակայն 2021 թվականի դեկտեմբերի 1-ին, այսինքն՝ ամիսներ անց, նմանատիպ մի նախագիծ է ներկայացրել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը եւ առաջարկում է ամրագրել, որ նշված շահառուների բացակայության պարագայում շահառու են համարվում նաեւ զինծառայողի 1) եղբայրը, 2) քույրը, 3) պապը, 4) տատը: Այսինքն՝ ընդդիմադիր պատգամավորի կողմից առաջարկվող փոփոխությունն ամիսներ անց ներկայացվում է իշխանական պատգամավորի կողմից, ինչպես խորհրդարանի ավանդույթն է:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԿԽՈՇՈՐԱՑՎԻ
Ի թիվս Հայաստանի մի շարք համայնքների՝ Ալավերդին նույնպես կխոշորացվի։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ այստեղ այս տարվա աշնան են նախանշված։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Ալավերդին կխոշորանա՝ ընդգրկելով նախկին Թումանյանի տարածաշրջանի համայնքները, այդ թվում՝ Ախթալա, Շամլուղ, Թումանյան քաղաքներն ու մի քանի տասնյակի հասնող գյուղեր։ Խիստ նախնական հաշվարկներով՝ խոշորացված Ալավերդի համայնքում ընտրելու իրավունք 24 հազար քաղաքացի կունենա։ ArmLur.am-ի ունեցած տեղեկություններով՝ իշխանությունները, այս պահից սկսած, մտածում են՝ ում առաջադրեն, որպեսզի առավելագույն ձայներ կարողանա հավաքել։ Մեզ փոխանցեցին, որ հավանական թեկնածուներից մեկն Ազգային ժողովի պատգամավոր, ծնունդով ալավերդցի Արեն Մկրտչյանն է։ «Այնպես չէ, որ միայն Արենի մասով ենք մտածում, այլ թեկնածուների էլ ենք դիտարկում։ Դեռ ժամանակ կա, կհասցնենք կողնորոշվել»,- ասել է մեր զրուցակիցը։
Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ
Այսուհետ ինքնակամ կառույցների հաշվառման նոր ընթացակարգ է գործելու: Կադաստրի կոմիտեի ներկայացրած նախագծի համաձայն՝ ինքնակամ կառույցի հաշվառումն իրականացվում է պատվիրատուի դիմումի հիման վրա։ Պատվիրատուն կարող է լինել ինքնակամ կառույցը հաշվառելու նպատակով չափագրողին դիմած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին: Ըստ այդմ կարգավորումներով նախատեսվում է, որ ինքնակամ կառույց ունեցող քաղաքացին պետք է դիմի կադաստրի կոմիտեի կողմից որակավորման վկայական ստացած չափագրման մասնագետին, այնուհետեւ մասնագետը պետք է իրականացնի իր աշխատանքները՝ տեղում ուսումնասիրելով շինությունը: Պատվիրատուի կողմից չափագրման փաթեթի բոլոր տվյալները ստուգելուց հետո հաշվառման փաթեթի վերաբերյալ համաձայնություն ձեռք բերվելու դեպքում պատվիրատուն եւ չափագրողը կազմում եւ ստորագրում են համաձայնագիր, որը պետք է ներբեռնվի առցանց չափագրման գրասենյակ՝ www.e-cadastre.am առցանց էլեկտրոնային հարթակում, որտեղ ներբեռնելուց հետո փաթեթն այլեւս ենթակա չէ խմբագրման:
Հրապարակված օրենքի նախագծով սահմանվել են նաեւ հաշվառում իրականացնելու նպատակով Կադաստրի կոմիտե ներկայացվող դիմումների ժամկետները։ Օրինակ՝ Երեւանում կառուցված ինքնակամ կառույցների հաշվառման դիմումները պետք է ներկայացվեն մինչեւ մինչեւ 2023թ.-ի հունվարի 1-ը, իսկ, օրինակ, այլ քաղաքային համայնքների դեպքում՝ մինչեւ 2024 թ.-ի հունվարի 1-ը։ Այս դրույթները վերաբերում են մինչեւ 2021թ.-ի հունվարի 1-ը կառուցված շինությունների վերաբերյալ դիմումներին:
2021թ.-ի հունվարի 1-ից հետո կառուցված շինությունների դեպքում դիմումները պետք է ներկայացվեն կառավարության որոշման ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում։