ՀԱՊԿ ՏԵՍԱԿՈՆՖԵՐԱՆՍ՝ ՆՎԻՐՎԱԾ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԹԵՄԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեսակոնֆերանսի ֆորմատով տեղի ունեցավ ՀԱՊԿ գագաթնաժողովը, որի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ղազախստանում զոհված քաղաքացիներ հիշատակը: Գագաթնաժողովի մեկնարկին նման առաջարկով հանդես եկավ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը ներկայացրեց գագաթնաժողովի օրակարգը. Ղազախստանում տիրող իրավիճակը եւ դրա կարգավորման միջոցների վերաբերյալ քննարկում:

 

Նիստի ժամանակ պարզ դարձավ, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան:  «Խաղաղապահ ուժերի գործունեությունը համակարգելու համար Ղազախստան է ուղարկվել օպերատիվ խումբ: Տեղում իրավիճակին ծանոթանալու, հրամանատարության ու Ղազախստանի ղեկավարության հետ հանդիպման համար վաղը մեկնում եմ Ղազախստան»,- նշեց Ստանիսլավ Զասը:

Ելույթ է ունեցել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ Ղազախստանում միջազգային ահաբեկիչների ներգրավվածության վերաբերյալ տրամադրված տեղեկությունն առաջացնում է անհանգստություն ու մտահոգություն: «Մենք շարունակում ենք բախվել նոր տիպի սպառնալիքների: Ղազախստանում առկա իրավիճակն առանձնահատուկ անհանգստություն ու մտահոգություն է առաջացնում՝ հաշվի առնելով միջազգային ահաբեկիչների ներգրավվածության վերաբերյալ տրամադրված տեղեկությունը: Ոչ վաղ անցյալում մենք ինքներս բախվել ենք օտարերկրյա ահաբեկիչների խնդրին մեր տարածաշրջանում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հույս հայտնեց, որ ՀԱՊԿ ջանքերը կնպաստեն կարճ ժամկետում Ղազախստանում բնականոն կյանքի վերականգնմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ առանցքային առաջնահերթություններից է կազմակերպության՝ ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու մեխանիզմների ամրապնդումը: Դրանից ելնելով՝ ՀՀ վարչապետի խոսքով՝ ՀԱՊԿ երկրներից ակնկալվում է համատեղ ջանքերի մեծացում հետագայում այդ մեխանիզմների կատարելագործման նպատակով:

Նիստի արդյունքներն ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ առկա է բարձր մակարդակի փոխըմբռնում՝ կապված Ղազախստանի իրավիճակի հետ: Նրա խոսքով՝ ՀԱՊԿ գործողությունները նպատակաուղղված են Ղազախստանում իրավիճակի շուտափույթ կայունացմանը եւ երկրի բնականոն կյանքի վերադարձին:

ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում  Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը շնորհակալություն հայտեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ փաստաթղթերի համաձայնեցման հարցում օպերատիվ աշխատանքի համար: Տոկաեւը նաեւ շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին`  ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբը Ղազախստան ուղարկելու հարցն արագ կազմակերպելու համար:

Տոկաեւը շնորհակալություն հայտնեց նաեւ Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահներին քաղաքական եւ մարտական եղբայրության համար: Ապա ելույթ է ունեցել նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. «Ղազախստանի եղբայրական ժողովրդին օգնություն ցուցաբերելու համատեղ քայլերը հնարավորինս արագ համաձայնեցվեցին, եւ ՀԱՊԿ մեխանիզմն իրոք գործի դրվեց: ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերն ուղարկվել են Ղազախստան, եւ ես ուզում եմ ընդգծել, որ դա սահմանափակ ժամկետով է, այնպիսի ժամկետով, որի կիրառումը Ղազախստանի ղեկավարը հնարավոր է համարում»,- ասել է նա։ Պուտինը նշել է, որ խաղաղապահ ուժերի ամբողջական տեղակայումը հնարավոր է եղել իրականացնել բավականին կարճ ժամանակում։ «Մեր համատեղ գործողությունները դիտարկում ենք որպես ժամանակին եւ լեգիտիմ գործողություն»,- ասել է նա։

Պուտինի խոսքով՝ Ղազախստանի պետականության համար վտանգը ծագել է ոչ թե վառելիքի գների հետ կապված ինքնաբուխ բողոքի ակցիաներից, այլ նրանից, որ ստեղծված իրավիճակից օգտվեցին ապակառուցողական ներքին ու արտաքին ուժերը։ «Այն մարդիկ, ովքեր հանդես էին գալիս գազի շուկայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, ունեն նույն նպատակները, իսկ նրանք, ովքեր զենք են վերցրել եւ հարձակվել պետության վրա, բոլորովին այլ մարդիկ են, եւ նրանք այլ նպատակներ ունեն»,- ասել է նա։

Պուտինն ընդգծել է, որ «Ղազախստանի իրադարձությունները մեր պետությունների ներքին գործերին արտաքին միջամտության առաջին եւ վերջին փորձը չէ»: «ՀԱՊԿ-ի ձեռնարկած միջոցառումները հստակ ցույց տվեցին, որ մենք թույլ չենք տա բարդացնել իրավիճակը, ինչպես նաեւ թույլ չենք տա իրականացնել այսպես կոչված գունավոր հեղափոխությունների սցենարը»,- ասել է նա։

Հունվարի 5-ին Տոկաեւը դիմել է ՀԱՊԿ երկրների ղեկավարներին՝ խնդրելով օգնություն ցուցաբերել երկրին՝ հաշվի առնելով ազգային անվտանգությանը եւ ինքնիշխանությանը սպառնացող վտանգը։ Հունվարի 6-ին ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց կազմակերպության Հավաքական խաղաղապահ ուժերի Ղազախստան ուղարկելու որոշման մասին։ Հունվարի 9-ին խաղաղապահ ուժերն արդեն տեղակայվեցին Ղազախստանում։ Խաղաղապահները պաշտպանում են կարեւոր ռազմական, պետական եւ սոցիալական նշանակության օբյեկտները Ալմաթիում եւ քաղաքի հարակից տարածքներում:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԱՎԱԳԱՆՈՒ ԴԵՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հունվարի 7-ին՝ ժ.14.30-ին, «Դավիթ Մինասյան» դաշինքի անդամ Արտեմ Վիրաբյանը հաղորդում է տվել, որ հունվարի 7-ին՝ ժ.10.00-ի սահմաններում՝ Փարաքար գյուղի մշակույթի տանը համայնքապետ ընտրելու համար գումարված նիստի ժամանակ ծագած վիճաբանության ընթացքում, «Ապրելու Երկիր» կուսակցությունից ավագանու անդամ ընտրված Օնիկը ծեծի է ենթարկել իրեն՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Ձեռնարկվում են միջոցառումներ ոմն Օնիկի ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է ԴԲՓ: Նախապատրաստվում են նյութեր:

 

 

 

ԱՐԴԱՐԱՑՎԵԼ ԵՆ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ քիչ առաջ դատարանի որոշմամբ ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ Շշի Մելոյի  սպանության փորձի գործով երեք մեղադրյալներն արդարացվել են: Հիշեցնենք, որ 2019 թվականի Սեւանի ճանապարհին փորձել էին պայթեցնել Մելիք Մանուկյանի մեքենան, սակայն փորձ կատարողներն անհաջողության էին մատնվել: Ի դեպ, վերջինիս փաստաբան Գեորգի Մելիքյանը եւս հայտնել է, որ դատավոր Գոռ Շահբազյանի կողմից  ՀՔՕ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 8-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով մեղադրվող երեք պաշտպանյալները, որոնց համար մեղադրողը խնդրել էր 20, 19 եւ 17 տարի ազատազրկում, արդարացվեցին։

 

 

 

ՃԱՆԱՊԱՐՀԸ ԲԱՑՎԵՑ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 15 տոկոս բաժնետոմսերի կառավարումը հանձնվեց ԱՆԻՖ-ին՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին, միաժամանակ պահպանվում է բաժնետոմսերի նկատմամբ պետության սեփականության իրավունքը։ Իսկ ի՞նչ ֆոնդի մասին է խոսքը. ԱՆԻՖ-ը հանդիսանում է 100 տոկոս պետական սեփականությամբ առեւտրային կազմակերպություն: Տնօրենների խորհրդի նախագահը նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է, իսկ գործադիր տնօրենն է Դավիթ Փափազյանը, որը նախկինում աշխատել է բանկային ոլորտում։ Կառավարության որոշումից նաեւ պարզ է դառնում, որ այս տարի կոմբինատի բաժնեմասերի 15 տոկոսը ձեռք բերած կառավարությունը ներկայացուցիչ կունենա նաեւ կոմբինատի տնօրենների խորհրդում: Եվ չի բացառվում, որ այդ ներկայացուցիչը լինի հենց Տիգրան Ավինյանը: Ի վերջո դեռ նախորդ տարվա նոյեմբերին նշվել էր, որ քննարկվում է Տիգրան Ավինյանին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի անդամ նշանակելու հարցը: Դրանից մեկ ամիս առաջ էլ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ամենամեծ հանքարյունաբերող ընկերության սեփականատերերը փոխվել են, բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը՝ 60 տոկոսը, վաճառվել է ռուսական արդյունաբերական ընկերությանը, որի վերահսկիչ փաթեթի սեփականատերը միլիարդատեր Ռոման Տրոցենկոն է։

 

 

 

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Առաքել Մարտիկյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ:

 

 

 

ԾԱՆՐ ԸՆԹԱՑՔ

Կորոնավիրուսի ամենամեծ տարածումը եւ հիվանդության ծանր ընթացք հանդիպում է երեխաների շրջանում: Սա բացատրվում է նրանով, որ երեխաների մոտ կորոնավիրուսի դեմ իմունիտետը խիստ ցածր է: Կորոնավիրուսը երեխաների մոտ կարող է տարբեր կերպ արտահայտվել: Բացի շնչառական ախտանշաններից, հնարավոր է նաեւ ցրտահարություն հիշեցնող բարդություն՝ «կովիդ մատներ»։ Վիրուսաբանները նշում են նաեւ, որ ավելի ծանր հիվանդանում են մինչեւ մեկ տարեկան երեխաներ եւ դեռահասներ, այդ թվում այն երեխաները, որոնք ունեն ուղեկցող խրոնիկական պաթոլոգիա կամ բնածին արատներ: Այնուամենայնիվ, պատվաստումը կորոնավիրուսից պաշտպանվելու ամենահուսալի միջոցն է համարվում: Ի դեպ, ըստ մասնագետների՝ անհրաժեշտ է նաեւ պատվաստել 12-17 տարեկան երեխաներին: Այս տարիքային խմբին անհրաժեշտ է պատվաստել՝ պայմանավորված դելտա շտամի տարածմամբ, որն ավելի ծանր կորոնավիրուսային վարակ է առաջացնում երեխաների մոտ:

 

 

 

ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կալանքը եւս եկու ամսով երկարաձգվեց, ասել է թե՝ նա կշարունակի մնալ կալանքի տակ: Սա արդեն երկրորդ դեպքն է, որ դատարանը Աղվան Հովսեփյանին թողնում է կալանքի տակ: Աղվան Հովսեփյանը 4 ամիս է գտնվում է Երեւան Կենտրոն քրեակատարողական հիմնարկում կամ բոլորին հայտնի «ԿԳԲ-ի պադվալ»-ում: Աղվան Հովսեփյանի պաշտպանական թիմը այս որոշումը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարան: Հիշեցնենք, որ ArmLur.am-ը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ հասկանալու համար` երբ է դատախազությունը ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի դեմ հարուցված քրեական գործը ուղարկում դատարան, ինչին ի պատասխան՝ լրատվականից հայտնել էին. «Հսկող դատախազի կողմից գրավոր ցուցումներով գործը հետ է ուղարկվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ լրացուցիչ քննություն կատարելու համար»:

ArmLur.am-ը գրել էր, որ Աղվան Հովսեփյանի դեմ հարուցված քրեական գործով հարցաքննվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը եւ ՀՀ բնապահպանության նախկին նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՕԵԿ նախագահ, ԱԱԽ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ԱԺ պատգամավորներ եւ այլ պաշտոնյաներ:

Ըստ իրավապահների՝ Հովսեփյանը պաշտոնավարման տարիներին օրինականացրել է ավելի քան 1 միլիարդ 300 միլիոն դրամ, մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների կառավարմանը, ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 190 միլիոն դրամ կաշառք, եւ խարդախությամբ հափշտակել է 800 միլիոն դրամ գույք. խոսքն ընդհանուր առմամբ 4 միլիոն 580 հազար դոլարի մասին է։ Այս գործով Հակակոռուպցիոն կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել: Սակայն ինչպես նկատում ենք, այս խմորը դեռ շատ ջուր կուզի, եւ իրավիճակը ցույց է տալիս, որ Հակակոռուպցիոն կոմիտեն լավ չի աշխատել:

 




Լրահոս