ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐՈՒՄ՝ ԿԵՂԾ ՏՎՅԱԼՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազությունում ամփոփվել են գույքի եւ եկամուտների հայտարարագիր ներկայացնելոսւ պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու (ՀՀ քրեական օրենսգրքի 3142-րդ հոդված) եւ հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու (ՀՀ քրեական օրենսգրքի 3143-րդ հոդված) հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի 2021թ. արդյունքները:

 

Մասնավորապես, 2021թ. ընթացքում միայն հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու հատկանիշներով հարուցվել է 14 քրեական գործ, այսինքն՝ գրեթե նույնքան, որքան ՀՀ քրեական օրնսգրքի 314.2-րդ եւ 314.3-րդ հոդվածներով հարուցվել է նախորդ 3 տարիներին՝ 2018-ից 2020թթ. ընթացքում միասին վերցրած (15 քրեական գործ): Ներկայում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաքննություն է իրականացվում վերոհիշյալ հոդվածների հատկանիշներով հարուցված 11, իսկ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում՝ 1 քրեական գործով (այլ հոդվածների համակցությամբ):

2021 թվականի ընթացքում վարույթում քննվող 6 քրեական գործով քրեական հետապնդում է հարուցվել հայտարարագրման պարտականություն ունեցող 9 անձի նկատմամբ, այդ թվում՝ ինչպես պաշտոնատար, այնպես էլ նրանց փոխկապակցված անձինք: Մասնավորապես, 1 անձի մեղադրանք է առաջադրվել հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար, իսկ 8 անձի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրման համար: Ընդ որում, 6 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, 3-ի նկատմամբ՝ կալանքը, որոնցից 2 մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Վերոհիշյալ քրեական գործերից մեկը, որով առանձնապես խոշոր չափերով գույքը կամ եկամուտները չհայտարարագրելու համար մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման պատգամավորին եւ վերջինիս որդnւն, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: 2021թ. նոյեմբերի 10-ին դատարանը որոշում է կայացրել իրադրության փոփոխման հիմքով ամբաստանյալների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու եւ քրեական գործով վարույթը կարճելու մասին: Վերոհիշյալ դատական ակտի դեմ ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը դեռեւս չի քննվել: Մյուս քրեական գործերը գտնվում են նախաքննության փուլում: Բացի նշված գործերով հսկողություն եւ դատավարական ղեկավարում իրականացնելը, ՀՀ դատախազությունը նաեւ միջոցներ է ձեռնարկել, իբրեւ հակակոռուպցիոն առանցքային գործիք, նշված երեւույթի դեմ իրավական պայքարի արդյունավետությունը բարձրացնելու, պրակտիկայում դրսեւորվող խնդիրները հընթացս վերացնելու ուղղությամբ: Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրերը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված վարչական տույժի կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում դիտավորությամբ չներկայացնելու համար: Այսինքն՝ անձի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար առնվազն անհրաժեշտ է, որպեսզի վերջինս հիշյալ արարքի համար նախկինում ենթարկված լինի վարչական պատասխանատվության, մինչդեռ գլխավոր դատախազությունում առանձին գործերի ուսումանսիրությամբ պարզվել է, որ որոշ դեպքերում չնայած անձինք իրազեկված լինելու պայմաններում հայտարարագիր չեն ներկայացրել, ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այդ կապակցությամբ վարչական վարույթ չի իրականացրել, ինչի արդյունքում անցել են վարչական տույժ նշանակելու ժամկետները: Նկատի ունենալով վերոգրյալը՝ նշված հանգամանքին առավել մեծ ուշադրություն դարձնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունից գրություն է հասցեագրվել ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Բացի այդ, ելնելով նրանից, որ ապօրինի հարստանալու հանգամանքն ապացուցելու համար վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է հիմնավորել, որ անձի ունեցած փաստացի եւ օրինական եկամուտների, գույքի միջեւ առկա է էական անհամապատասխանություն, ինչը կարող է արվել հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու, հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու միջոցով, 2021թ. ՀՀ գլխավոր դատախազը դատախազության համապատասխան բոլոր ստորաբաժանումներին տվել է ապօրինի հարստացման դեմ քրեաիրավական պայքարն ուժեղացնելուն ուղղված կոնկրետ հանձնարարություններ: Մասնավորապես՝ հանձնարարվել է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց առնչվող հանցագործության յուրաքանչյուր դեպքով ապահովել, որպեսզի պատշաճ քննության առարկա դարձվեն նրանց կողմից ներկայացված հայտարարագրերը, միջոցներ ձեռնարկվեն նշված սուբյեկտների փաստացի ունեցած գույքի, եկամտի իրական չափը պարզելու ուղղությամբ: Իսկ հայտարարագրերում թերի կամ կեղծ տվյալների ներկայացման մեջ դիտավորության առկայության հանգամանքը պարզելու նպատակով հանձնարարվել է ապահովել, որպեսզի պարտադիր քննության առարկա դարձվեն չհայտարարագրված անշարժ գույքերի կադաստրային գործերը, որի արդյունքում հնարավոր կլինի պարզել գույքի համար հարկերի վճարման հաճախականությունը, վճարումներ կատարած անձանց, ինչպես նաեւ միջոցներ ձեռնարկել թանկարժեք կամ հայտարարագրման ենթակա այլ շարժական գույքի ձեռքբերման եւ օտարման փաստաթղթերը հայտնաբերելու եւ քննության առարկա դարձնելու ուղղությամբ:

Ն. Պ.

 

 

 

ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ

Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսվում է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ի մասնաշենքերի հիմնանորոգում:

 

«Փետրվարի 1-ից մեկնարկում են «Բ» մասնաշենքի վերակառուցման աշխատանքները, եւ դրանով պայմանավորված՝ կենտրոնում ծավալվող բժշկական ծառայությունների մի մասը ժամանակավորապես կդադարեցվի։ Բժշկական կենտրոնը դիտարկում է հաստիքացուցակի որոշ փոփոխություններ` բժշկական անձնակազմին անպայմանորեն այլ բժշկական հաստատություններում տեղավորելու հնարավորությունները»,- ասված է Առողջապահության նախարարության հաղորդագրության  մեջ: Այս առթիվ իֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի Նորք մասնաճյուղի աշխատակիցները բողոքի ակցիա են երեկ  իրականացրել  կենտրոնի դիմաց: Բանն այն է, որ դեկտեմբերի 30-ին այս հիվանդանոցի 80 աշխատակիցների տեղեկացրել են, որ հունվարի 15-ից ազատվելու են աշխատանքից: Կենտրոնի աշխատակիցները նշում են, որ դեկտեմբերի 30-ին ժողովի են հրավիրել եւ ասել՝ ազատման դիմում գրեն: Խոսքը մայրապետների ու բուժքույրերի մասին է:

«Մենք հանդիպեցինք ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Վարդան Ավագյանի հետ, ինքն ասաց, որ մինչեւ հունվարի 30-ը աշխատելու ենք, դրանից հետո եթե խնդիր լինի, իրեն տեղեկացնենք: Մեզ ասել է, որ կշարունակենք աշխատել, մինչեւ տեղի հարցը քննարկվի, եւ իմանանք, թե ինչ է լինելու մեր հետագան: Մենք դրսում չենք մնալու, բոլորս աշխատելու ենք: Տնօրենը հենց այսօր պետք է ներկայանա Առողջապահության նախարարություն մեր հարցերով: Երբ հարցը լուծվի, մեզ կտեղեկացնեն: Աշխատակիցները տեղափոխվելու են մյուս հիմնարկություն, որը մեզ կտրամադրի նախարարությունը: Տնօրենն ասաց, որ շատ գոհ է մեր աշխատանքից, մեր հիվանդանոցի լավագույն աշխատողներն ենք, չեն ուզում մեզնից հրաժարվել»,- ասում են աշխատանքից ազատված աշխատակիցները:

«Ունենալու ենք հաստիքացուցակի փոփոխություններ, որոշվել է այդ ծառայությունը տեղափոխել այլ բուժհաստատություն: Բայց քանի որ դեռ լրիվ պայմանական է, ես չեմ կարող կոնկրետ թվերով ասել, թե որտեղ, ինչ, երբ: Մենք փորձելու ենք մեր աշխատակազմը պահել: Մենք մեր աշխատողների թշնամին չենք, չկա մարդկանց ազատելու կարիքը, եթե ուրիշ տեղ այդ նույն ծառայությունը մատուցում ենք»,- ասել է տնօրեն Վարդան Ավագյանը:

 

 

ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ

Սահմանամերձ Բերդավան գյուղում կայացավ հանուն հայրենիքի զոհված բերդավանցիների հուշահամալիրի բացման արարողություն։ Այն հառնում է գյուղի բարձունքում՝ երկրորդ աշխարհամարտում զոհված բերդավանցիների հուշարձանի հարեւանությամբ։ Հուշահամալիրը կառուցվել է «Բերդավան» հիմնադրամի նախաձեռնությամբ, ծագումով բերդավանցիների հանգանակած գումարներով, շինարարությանը  Բերդավանի բնակիչների  ակտիվ մասնակցությամբ։ 44-օրյա  պատերազմում զոհվել է  6 բերդավանցի՝ մայոր Սարգիս Նավասարդյանը, ավագ-լեյտենանտ Գարիկ Ղուշչյանը, լեյտենանտ Արտակ Ղազարյանը, ժամկետային զինծառայողներ Արման Աթաբեկյանը, Գրիշա Ազատյանը, Մհեր Զուրաբյանը։ Հուշահամալիրի բացման ժապավենը կտրեցին, խաչքարի՝ ջրով եւ գինով լվացումն արեցին զոհվածներ Սարգիս Նավասարդյանի եւ Գարիկ Ղուշչյանի որդիները։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը հուշահամալիրի  օծման կարգ կատարեց։ Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը, սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Նոյեմբերյան խոշոր համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, Բերդավանի բնակիչներ։

 

 

ԴԻՄԵԼ ԵՆ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

2021թ. նոյեմբերի 9-ից Բերդ խոշոր համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանն անազատության մեջ է։ Դեկտեմբերի 27-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում պետք է կայանար Հ. Մանուչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական նիստ, սակայն դատախազները չեն ներկայացել, հաջորդ նիստը նշանակված է 2022թ. հունվարի 20-ին։ Բերդ համայնքի ավագանին  գրավոր դիմել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ հայտնելով, որ իրենք  անձամբ ճանաչում են  Հ. Մանուչարյանին եւ գիտեն նրան՝ որպես բարեխիղճ ու օրինավոր քաղաքացու, եւ  դատարանին միջնորդել են Հ. Մանուչարյանի նկատմամբ ընտրել անազատության մեջ պահվելու հետ չկապված խափանման միջոց՝ պատրաստակամություն հայտնելով խափանման միջոցը փոփոխվելու եւ նրա նկատմամբ «անձնական երաշխավորություն» խափանման միջոցը ընտրվելու դեպքում օրենքով սահմանված կարգով իրենց վրա վերցնել երաշխավորողի պարտականությունները։ Բերդ համայնքի 16 գյուղերի վարչական ղեկավարներ Հ. Մանուչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հայտնելով, որ  պատրաստ են Հ. Մանուչարյանի խափանման միջոցը փոխելու դեպքում իրենց վրա վերցնել երաշխավորողի պարտականությունները, նաեւ վարչապետից ակնկալել են, որ նա իր ուշադրության կենտրոնում կպահի քրեական գործի ընթացքը, որպեսզի իրականացվի անկողմնակալ արդարադատություն։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս