Հայաստանի կառավարությունը վերջապես կողմնորոշվել է ծաղկաձորյան գերթանկարժեք «Գոլդեն Փելիս» հյուրանոցի հարցում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ պետական գույքի կառավարման կոմիտեն հրավիրում է բոլոր սուբյեկտներին` մասնակցելու հյուրանոցի օտարման մրցույթին: Մրցույթը կանցկացվի փետրվարի 10-ին: Ավելին, ArmLur.am-ը տեղեկացավ, որ հյուրանոցով այս ընթացքում ակտիվ հետաքրքրվող գնորդներ կան: Մինչեւ վերջ կգնան արդյոք, ցույց կտա ժամանակը:
Ի դեպ, մրցույթի տարվող գույքի համար առաջարկվող գինը չպետք է փոքր լինի ՀՀ կառավարության կողմից սահմանված նվազագույն արժեքից: Իսկ պետության կողմից սահմանված գինը կազմում է 5 մրդ 602 մլն 293 հազար դրամ: Բայց հիշեցնենք, որ դեռեւս նախորդ տարում գույքի գնահատված արժեքը կազմել է 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ։ ArmLur.am-ը պետական գույքի կառավարման կոմիտեից հետաքրքրվեց՝ ինչն է պատճառը, որ 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամից հյուրանոցի արեժքը գնահատվել է 5 մրդ 602 մլն 293 հազար դրամ:
Մեր հարցին ի պատասխան կոմիտեից փոխանցեցին, որ հյուրանոցի գույքի, համարների մի հատվածը քիչ թե շատ շահագործվել է: Սա է գնի նվազման պատճառը: Հիշեցնենք, որ 2020 թվականին, երբ Covid-19-ը մուտք գործեց Հայաստան, կորոնավիրուսով հիվանդներին եւ կոնտակտավոր անձանց պահում էին այս հյուրանոցում: Բացի այս, գույքի մի մասը ժամանակավորապես բնակեցված է Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված Արցախի քաղաքացիների կողմից: Սակայն ArmLur.am-ին Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը փոխանցեց, որ արցախցի ընտանիքներն արդեն դուրս են եկել հյուրանոցներից եւ բնակություն են հաստատել այլ վայրերում կամ հետ են վերադարձել Արցախ:
Մրցույթի հաղթող է ճանաչվում լավագույն պայմաններ առաջարկած և ըստ կշռային գործակիցների առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը։ Հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է գույքի համար բարձր գին առաջարկած մասնակցին: Մրցույթի հաղթողը գույքի մրցույթի արդյունքում ձևավորված օտարման արժեքը պետք է վճարի 5 տարվա ընթացքում հավասարաչափ: Իսկ ժամանակացույցը հետևյալն է՝ 1-ին վճարում՝ մրցույթի արդյունքների մասին արձանագրությունն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում, 2-րդ վճարում՝ ոչ ուշ, քան 2023 թվականի հուլիսի 1-ը, 3-րդ վճարում՝ ոչ ուշ, քան 2024 թվականի հուլիսի 1-ը, 4-րդ վճարում՝ ոչ ուշ, քան 2025 թվականի հուլիսի 1-ը, 5-րդ վճարում՝ ոչ ուշ, քան 2026 թվականի հուլիսի 1-ը:
Սյունէ Համբարձումյան