Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք ունեն՝
- ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողը՝ մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը,
- գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող ծնողը (և՛ աշխատող, և՛ չաշխատող), մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը, եթե երեխայի ծննդյան կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է գյուղական բնակավայրի հասցեով:
Աշխատող ծնողին խնամքի նպաստ նշանակվում է՝
- խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում,
- դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են խնամքի արձակուրդն սկսելու ամսվանից տասներկու ամիս հետո:
Գյուղական բնակավայրերում բնակվող այն անձինք, ում երեխան ծնվել է 2020 թ․ հուլիսի 1-ին և հետո, ևս մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք ունեն։
Գյուղաբնակ ծնողին խնամքի նպաստ նշանակվում է՝
- երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե ծնողի` գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանում է մինչև երեխայի ծնվելու օրը, և դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում
- գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե ծնողի` գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանում է երեխայի ծնվելու օրվանից հետո, և դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են հաշվառվելու մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում
- դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են տասներկուամսյա ժամկետը լրանալուց հետո:
Գյուղաբնակ, վարձու աշխատող հանդիսացող և խնամքի արձակուրդում գտնվող ծնողը ստանում է խնամքի նպաստ՝ և՛ որպես վարձու աշխատող, և՛ որպես գյուղաբնակ։ Ըստ այդմ՝ գյուղաբնակ վարձու աշխատողին ամսական տրամադրվում է 57,200 դրամ խնամքի նպաստ։
Նշված նպաստը նշանակելու համար, քաղաքացին կարող է դիմել ինչպես Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ ներկայացնելով անձնագիր, ՀԾՀ, ինչպես նաև երեխայի ծննդյան վկայական ու ՀԾՀ, այնպես էլ առցանց՝ socservice.am կայքի միջոցով։