
Մոսկվան մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք լրջորեն մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին հերթական սրմամբ, կոչ ենք անում կողմերին զերծ մնալ ուժային մեթոդներից և բոլոր վիճելի հարցերը լուծել բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով։ Երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման հիմնական բաղադրատոմսը հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման և հետագայում նաև սահմանագծման գործընթացի շուտափույթ մեկնարկն է»,- ասել է դիվանագետը։
Նա նաև շեշտել է համապատասխան երկկողմ հանձնաժողովի ստեղծման կարևորությունը՝ նշելով, որ Ռուսաստանը պատրաստ է դրան համապարփակ խորհրդատվական աջակցություն ցուցաբերել։