Արթուր Վանեցյանը չեղարկել է այցն ԱՄՆ. ԱԺ իշխանությունը պայման է խախտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արթուր Վանեցյանը չեղարկել է իր աշխատանքային այցն ԱՄՆ՝ ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության կազմում: Այս մասին տեղեկացնում է նրա խոսնակ Սոս Հակոբյանը։

«Պատճառն իշխող ուժի կամայական որոշումն է սահմանափակել ընդդիմության ներկայացուցչի մասնակցությունը Վաշինգոտում նախատեսվող կարևորագույն աշխատանքային հանդիպմանը: Գործուղումից մի քանի ժամ առաջ Արթուր Վանեցյանին տեղեկացրել են, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպմանը հայկական կողմից մասնակցելու է երեք հոգի և որոշում է կայացվել Վանեցյանին չներառել այդ կազմում: Փաստորեն, իշխանությունը որոշել է, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակի հետ հանդիպմանը ընդդիմության ներկայացուցչի կարիք չկա և հանդիպմանը հայկական կողմից կմասնակցեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը:

Արթուր Վանեցյանն ի պատասխան տեղեկացրել է, որ այդ պարագայում նպատակահարմար չի համարում իր մեկնումն ԱՄՆ և չեղարկել է այցը, քանի որ օրակարգի այդպիսի փոփոխության պայմաններում այցը կկրեր ընդամենը արարողակարգային բնույթ: Իշխանության այս գործելաոճն աննախադեպ ու անընդունելի է՝ առավել ևս հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության խորհրդարանական կառավարման համակարգը:

Միջադեպը հերթական անգամ ցույց է տալիս, որ իշխող ուժը չունի քաղաքական մշակույթ և ցանկություն այն զարգացնելու: Մտածելու տեղիք են տալիս նաև նման որոշման շարժառիթները՝ արդյո՞ք խնդիրը միայն իշխանության կողմից ժողովրդավարության այլասերված ընկալումն է, այլակարծության նկատմամբ անհանդուրժողականությունն ու ընդդիմության նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, թե՞ առկա է նաև հանդիպման բովանդակությունը թաքցնելու մտադրություն:

Դատապարտում ենք նման գործելաոճը՝ համարելով այն հարված ՀՀ հեղինակությանը: Հնարավոր բոլոր ճանապարհներով այս ամենաթողությունը պետք է արմատախիլ արվի:

Հ.Գ. Այս ամենի մասին պատշաճ կերպով կտեղեկացնենք նաև մեր միջազգային գործընկերներին»,- մասնավորապես նշված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի պատվիրակության կազմում ընդդիմադիր պատգամավորներից ընդգրկված է եղել միայն Արթուր Վանեցյանը:




Լրահոս