«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխանությունը, վախենալով Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը տապալել, որոշել է այդ հարցի քննարկումը կազմակերպել անձերի քվեարկությունների ցանկում ամենավերջում: Մասնավորապես, երեկ ԱԺ խորհուրդը հաստատել է հունվարի 17-ին մեկնարկող նստաշրջանի օրակարգը, որում ընդգրկված է 24 հարց, եւ ՄԻՊ ընտրությունն ամենավերջին հարցն է լինելու:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկվա իր համարում գրել էր, որ, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն, բոլոր անձերին վերաբերող քվեարկությունները, այդ թվում՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն ընտրվում է փակ-գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: 107 պատգամավոր ունեցող խորհրդարանում այդ թիվը կազմում է 64, եւ իսկ ՔՊ-ական պատգամավորների թիվը՝ 71: Իհարկե, առաջին հայացքից այնպիսի տպավորություն է, թե ՔՊ-ն անհանգստանալու համար ամենեւին էլ խնդիր չունի, սակայն դա միայն առաջին հայացքից:
Բանն այն է, որ հունվարի 15-20-ը ԱՄՆ է մեկնելու ԱԺ պատվիրակությունը, որի կազմում ՔՊ խմբակցությունից 3 հոգի է ընդգրկված՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Հայկ Կոնջորյանը, Մարիա Կարապետյանը: Չի բացառվում՝ նրանք անգամ չհասնեն Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությանը, եւ եթե այդ օրերին այլ բացականեր եւս լինեն, ապա իսկապես ՔՊ-ն կանգնելու է խնդրի առջեւ: Իսկ ՄԻՊ քվեարկության տապալումը իշխող ուժի համար ամենաանցանկալի սցենարն է:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում