Ղազախստանում գործում էին լավ կազմակերպված խմբեր, որոնք ահաբեկչական նպատակներ էին հետապնդում։ Նրանք նախապես պատրաստված զենք էին կիրառում։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
«Այնտեղ նշվում էր ոչ միայն քրեական բնույթի խմբերի՝ ավազակների, կողոպտիչների, այլև կազմակերպված զինված խմբերի գործողությունը, որոնք արդեն այլ նպատակներ էին հետապնդում, կարելի է ասել ՝ ահաբեկչական»,- հայտարարել է Զասը:
Նա հավելել է, որ այդ խմբերը լրջորեն պատրաստված էին: Ընդ որում, ըստ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի, անկարգությունների ժամանակ մեծ քանակությամբ զենք է կիրառվել, և ոչ միայն այն, որը գողացվել է զենքի խանութներից կամ առգրավվել ոստիկանության աշխատակիցներից:
Ղազախստանում զանգվածային անկարգությունների ընթացքում, վերջին տվյալներով, տուժել է ավելի քան 4,5 հազար մարդ: Մահացել է 225 մարդ, այդ թվում՝ 19 ոստիկան և զինծառայող: