Հայ ազգային կոնգրեսի պատվիրակության անդամ, ՀՀՇ վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանը կարծում է, որ Կոնգրեսն անպայման կհասնի Սերժ Սարգսյանի հրաժարականին: «Նրա հրաժարականի հարցը դարձել է տեխնիկական խնդիր»,-«Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել պարոն Աբրահամյանը:-Իշխանական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը վերջերս հայտարարեց, թե կոալիցիան պատրաստ է երկխոսության, սակայն չի պատրաստվում խնդրել Կոնգրեսին: Կարելի է ենթադրել, որ երկխոսության մասին պետք է մոռանալ:-Շուրջօրյա հանրահավաքների վերջին օրը Հայ ազգային կոնգրեսն ընդունեց բանաձեւ: Երկխոսությունն արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների շուրջ է, բայց հիմա մենք այլեւս արտահերթ ընտրությունների հարց չենք դնում, այլ դնում ենք միայն Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը: Այսօր քաղաքական իրավիճակ է փոխվել. երկխոսությունն իմաստ ուներ, երբ մտածում էինք արտահերթ ընտրությունների մասին: Այդ երկխոսությամբ կարող էինք պայմանավորվել արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների ու պայմանների շուրջ: Բայց հիմա` Ս.Սարգսյանի անվերապահ հրաժարականի պահանջի դեպքում, այլեւս ի՞նչ երկխոսության մասին է խոսքը:-Այսինքն` երկխոսության այլեւս ականատես չե՞նք լինի:-Երկխոսության ականատես կլինենք, եթե իշխանությունը խնդրի այդ մասին: Երկխոսության վերադառնալու մասին իշխանության կոչը կնշանակի, որ իրենք պատրաստ են գնալու արտահերթ ընտրությունների:-Քանի որ ընդդիմությունն արդեն անիմաստ է համարում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացումը եւ պահանջում է միայն Սերժ Սարգսյանի հրաժարականը, կարելի՞ է ենթադրել, որ համակերպվել է հերթական ընտրությունների գաղափարի հետ:-Իհարկե ո՛չ: Երբ մենք արտահերթ ընտրությունների մասին էինք խոսում, ասում էինք` նախ նախագահական, հետո խորհրդարանական ընտրություններ: Եւ մենք պատրաստ էինք բանակցել այդ ընտրությունների պայմանների շուրջ: Հիմա մենք դնում ենք հրաժարականի հարց, եւ այստեղ որեւէ կոմպրոմիս այլեւս չի կարող լինել: Կոնգրեսը խնդիր է դրել հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին: Ու վստահ եմ` անպայման կհասնենք դրան:-Իսկ ո՞րն է Ձեր վստահության հիմքը: Դատելով շուրջօրյա հանրահավաքներից` կարծես թե դրանք սակավամարդ էին, ժողովուրդն ակտիվ չէր:-Ես համամիտ չեմ այն տեսակետի հետ, որ ժողովուրդն ակտիվ չէ: Կոնգրեսի հանրահավաքները սակավամարդ դարձնելու ուղղությամբ իշխանությունների ձեռնարկած միջոցները բոլորս տեսել ենք, երբ նրանք դիմում էին ամենաճղճիմ քայլերի: Այսինքն` տվյալ դեպքում չկա ժողովրդի ակտիվության խնդիր, այլ կա իշխանության ռեսուրսի սպառման հարց: Եւ մենք հասկացանք, որ իշխանություններին որեւէ ռեսուրս այլեւս չի մնացել: Հետեւաբար դրա վրա պետք է կառուցենք մեր հետագա մարտավարությունը: Արդյունքում մենք կհասնենք հաջողության. Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը դարձել է տեխնիկայի խնդիր: Ես ժողովրդի ակտիվության հարցում պրոբլեմ չեմ տեսնում. այդպես կլիներ, եթե փոփոխություն տեղի ունենար իշխանության հանդեպ ժողովրդի վերաբերմունքում: Բայց ժողովրդի 90 տոկոսը չի ընդունում այս իշխանության լեգիտիմությունը, չի ճանաչում այս իշխանությունների իրավունքը: Դրանից ավելի լուրջ իրավիճակ հնարավոր չէ պատկերացնել: Առավել եւս, որ ժողովրդի մոտ կա ոգեւորություն, կա Կոնգրեսի հանդեպ վստահության բարձրացում: Եւ այս նախադրյալներն են, որ թույլ են տալիս պնդելու` Սերժ Սարգսյանի հրաժարականն ընդամենը տեխնիկայի հարց է:ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՀԱՐՑԸ` ՏԵԽՆԻԿԱՅԻ ԽՆԴԻՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ