ՀՀ գլխավոր դատախազությունն ամփոփել է 2021 թ. հունիսի 20-ին տեղի ունեցած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ամբողջ ընթացքում և հետընտրական շրջանում արձանագրված առերևույթ ընտրական, ինչպես նաև ընտրություններով պայմանավորված՝ այլ բնույթի առերևույթ հանցագործությունների դեպքերի քննության, հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելուն ուղղված աշխատանքների արդյունքները՝ 2022 թ. հունվարի 1-ի դրությամբ:
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով որպես մեղադրյալ ընդհանուր անցել է 91 անձ: Ընդ որում՝ վերջիններից 67-ին կամ ընդհանուրի շուրջ 73.5 տոկոսին մեղադրանքն առաջադրվել է ընտրակաշառքի հետ կապված հանցագործություններ կատարելու համար:
2022 թ. հունվարի 1-ի դրությամբ քրեական գործերից 14-ի վարույթը կասեցվել է, 24 քրեական գործով կայացվել են քրեական գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդում չիրականացնելու, որոշ դեպքերում՝ նաև քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումներ:
Նախաքննության փուլում շարունակում է մնալ 20 քրեական գործ, որոնցով մեղադրյալի կարգավիճակով անցնում է 34 անձ: Այդ թվում՝
24-ը՝ ընտրակաշառք տալու, ընտրակաշառք ստանալու, ընտրակաշառքի միջնորդության, ընտրակաշառք տալու փորձի, օժանդակության կամ կազմակերպման համար,
6-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու համար,
1-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու կամ քվեարկելու փորձ կատարելու համար,
1-ը՝ մի խումբ անձանց կողմից պաշտոնական դիրքի օգտագործմամբ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստության համար,
1-ը՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն որևէ եղանակով խոչընդոտելը,
1-ը՝ տեղամասային կենտրոնում կամ դրան հարող տարածքում բռնություն գործադրելու, կամ տեղամասային կենտրոնում կամ դրան հարակից տարածքում բռնություն գործադրելու համար և զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելու համար:
Բոլոր գործերով մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ, մասնավորապես՝ 2-ը՝ «Հայաստան» դաշինքի, 4-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի, 1-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, 1-ը՝ «Վերելք» կուսակցության պատգամավորության թեկնածուների ցուցակներում ընդգրկված անձինք:
Մեղադրյալներից 24-ի, այդ թվում՝ պատգամավորության բոլոր թեկնածուների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քննության ընթացքում դատախազի կամ դատարանի որոշումներով կալանավորումը անազատության հետ չկապված այլ խափանման միջոցներով փոփոխվել կամ վերացվել է 12 անձի նկատմամբ:
2022 թ. հունվարի 1-ի դրությամբ կալանքի տակ շարունակել է մնալ ընտրական բնույթի հանցագործություն կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավված 6 անձ:
Ընտրություններից հետո ընկած ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել ընտրական և ընտրությունների հետ կապված հանցագործությունների առթիվ քննված 29 քրեական գործ: Դրանցով դատի է տրվել ընդհանուր 53 անձ, այդ թվում՝
42-ը՝ մեկ կամ մի քանի անձանց ընտրակաշառք տալու, ընտակաշառք ստանալու, առանձին դեպքերում՝ նաև ընտրակաշառքի միջնորդություն կատարելու կամ մեկից ավելի անձանց ընտրակաշառք տալուն օժանդակելու, նախապատրաստելու համար,
4-ը՝ քարոզչական նշանակության պաստառներ վնասելու և նյութական վնաս պատճառելու հանցավոր արարքներ կատարելու համար,
2-ը՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ մեկ կամ մեկից ավելի անձանց կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու համար,
1-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու համար,
1-ը՝ երկու և ավելի անձանց ընտրություններին մասնակցելուն, կուսակցությունների կամ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելու համար,
1-ը՝ մի խումբ անձանց կողմից պաշտոնական դիրքի օգտագործմամբ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստության համար,
1-ը՝ տեղամասային կենտրոնում կամ դրան հարող տարածքում բռնություն գործադրելու համար,
1-ը՝ ընտրական գործընթացների հետ կապված ծեծի համար:
Այսինքն՝ դատի տրված անձանց շուրջ 80%-ը եղել է ընտրակաշառքի հետ կապված հանցագործություններ կատարելու համար մեղադրվող:
Դատի տրված անձանցից 11-ը եղել են արտահերթ ընտրություներին մասնակցած՝ «Հայաստան» դաշինքի, 23-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի, 2-ը՝ ԲՀԿ-ի, 1-ը՝ «Վերելք» կուսակցության պատգամավորական ցուցակներում ընդգրկված կամ այդ ուժերին սատարած անձինք:
Դատարան ուղարկված գործերից 5-ով կայացվել է մեղադրական դատավճիռ: Դրանցից 3-ով 4 անձի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկումը, որոնցից 3-ի պարագայում դատարանը նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան: Իսկ 2 գործով 2 անձ դատապարտվել է տուգանքի:
Դատարան ուղարկված՝ 42 անձի վերաբերյալ 22 գործով դատական քննությունը շարունակվում է: