ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ եղավ «Էրատո»-ի ճակատագիրը. ինչո՞վ է զբաղված ջոկատի անդամ պատգամավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

44-օրյա պատերազմի կեսերին վարչապետի կողակից Աննա Հակոբյանը հայտարարեց, որ ռազմաճակատ մեկնելու համար կանանց ջոկատ է ստեղծում: Ռազմական գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու քրոնիկոնը տիկին Հակոբյանը ներկայացնում էր Facebook սոցիալական ցանցում՝ պարբերաբար թարմացվող ու հրապարակվող լուսանկարների միջոցով: «Էրատո» ջոկատի կազմում բացի Աննա Հակոբյանից հանրային դաշտում հայտնի ևս մեկ անձ կար՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը:

Իգական սեռի անդամներից կազմված ջոկատի մնացյալ անդամների մասին առ այսօր գրեթե ոչինչ հայտնի չէ՝ ովքեր էին նրանք ու ինչպես էին հայտնվել Աննա Հակոբյանի գլխավորած ջոկատում և ինչով են զբաղված հիմա:

ArmLur.am-ն պատգամավոր Գալստյանից փորձեց հետաքրքրվել՝ ի՞նչ եղավ Արտաշեսյան արքայատոհմի վերջին գահակալի՝ էրատո թագուհու անունը կրող ջոկատի ճակատագիրը:

Այս պարզ հարցի պատասխանը, սակայն, մեզ բավական բարդ տրվեց: Տեսնելով տեսախցիկն ու լսելով մեր՝ «հարցազրույց կարելի՞ է հարցը»՝ տիկին Գալստյանը հենց այդ պահին, ոտքի վրա որոշեց, որ զբաղված է:

Մեկ այլ պատգամավորի աշխատասենյակ էր շտապում, որտեղից մոտ 40 րոպե անց դուրս եկավ, գնաց իր աշխատասենյակ, մոտ 30 րոպե անց դուրս եկավ խորհրդարանի միջանցք ու մեզ նկատելուց հետո փոխեց շարժման ուղղությունը, այժմ էլ մեկ ուրիշ պատգամավորի աշխատասենյակ մտավ: Մերի Գալստյանի հետ զրուցելու համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մոտ ստիպված եղանք երեք ժամից ավելի սպասել: Այդ ընթացքում խմբակցության միջանցք էին դուրս պատգամավորների օգնականներն ու ստուգում՝ գնացե՞լ ենք, թե՞ դեռ սպասում ենք: Երեք ժամից ավելի, փաստորեն, տիկին Գալստյանը նաև նիստերի դահլիճ չի ներկայացել, չի մասնակցել ԱԺ լիագումար նիստին, ինչն արդեն իսկ վերաբերմունք է խորհրդարանին, խորհրդարանական աշխատանքին: Էլ չասենք հանրային հաշվետվողականության մասին. լրագրողների հետ երկու տարուց ավելի է գրեթե չի շփվում:

Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս