ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ԶՈՀԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ երեկոյան ադրբեջանական զինուժը վերսկսել էր ՀՀ սահմանի գնդակոծությունը: Սա ճիշտ համընկավ ՀԱՊԿ գագաթաժողովում Նիկոլ Փաշինյանի պահվածքին, դրան նախորդած զինյալների գործուղմանը Ղազախստան: Արդյոք երեկվա նախնական տվյալներով երկու զոհերը եւ նույնքան վիրավորները Ղազախստան ուղարկված խաղաղապահների գի՞նն էին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանին իրավապահները եւ քաղաքական թիմը հանդիպման ժամանակ բացատրել են, որ երեկվա լարվածությունն ուղիղ առնչություն ունի Ղազախստան ուղարկված զորամիավորման հետ: ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Առայժմ  չեմ ցանկանում  մեկնաբանություն  տալ, հասկանանք՝ ինչպես իրադարձությունները կզարգանան, որից  հետո  նոր  գնահատական կարող  ենք տալ»:

Իսկ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի դիմում նույն ՀԱՊԿ-ին օգնության խնդրանքով, քանի որ ՀՀ սահմանները գնդակոծվում են, անօդաչուներ են թռչում ՀՀ երկնքում:  Կդիմեն արդյոք՝ հետաքրքրվեցինք իշխանական պատգամավորից, որը նաեւ ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։ «Կարծում եմ՝ ոչ»,- կարճ պատասանեց Խաչատրյանը: Այսինքն՝ Հայաստանը ՀԱՊԿ-ին ծառայություն մատուցում է, բայց չի օգտվում նրանց ծառայությունից:

Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ հակաօդային պաշտպանությունը Ռուսաստանի Դաշնության հետ կնքված «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ համատեղ անվտանգության ապահովման նպատակով զորքերի (ուժերի) կիրառման համատեղ պլանավորման հարցերի մասին» համաձայնագրով գտնվում է նույն գոտում, եւ ՌԴ-ի հետ համատեղ պետք է Հայաստանի «օդը անվտանգ լինի»: Արդյոք կդիմի Նիկոլ Փաշինյանը ՌԴ-ին՝ ապավինելով մեր ռազմավարական դաշնակցի հակաօդային ռեսուրսներին, դեռ պարզ չէ. մեզ չհաջողվեց այլ տեսակետ լսել այս հարցի վերաբերյալ:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկա օրերին ակտիվորեն նիստեր է անցկացնելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը: Ավելին՝ երեկ արդեն նման մի նիստ է տեղի ունեցել, որին մասնակցել է  «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստի մի մասը տեղի է ունեցել փակ ռեժիմով, որի ժամանակ պատգամավորները Արշամյանից հետաքրքրվել են 2020-ի սեպտեմբերի 27-ին մեկնարկած  «Մենք ենք մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքից եւ այդ գումարների ծախսման մանրամասներից: Մեզ հայտնի է դարձել, թե ովքեր են մասնակցելու առաջիկա նիստերին: Մասնավորապես, այսօր նիստին մասնակցելու է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանը, վաղը՝  ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, իսկ արդեն հունվարի 14-ին՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը: Նշենք, որ այս հանձնաժողովի նախագահը «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն է: Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած ֆինանսական միջոցների զգալի մասը՝ ավելի քան 52 միլիարդ դրամը, նվիրատվության ձեւով փոխանցվել էր կառավարությանը, սակայն այդ գումարը ծախսելու վերաբերյալ տարատեսակ տեղեկություններ հայտնվեցին, եւ քննիչ հանձնաժողովը նպատակ ունի ստուգել նաեւ դրանք՝ բացահայտելու կոռուպցիոն ռիսկերը եւ դրսեւորումները:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ պաշտպանության նախարարության ներսում տիրող իրավիճակից: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շարունակում է նախարարությունում ազատումների գործընթացը: Մասնավորապես, օրերս պաշտոնից ազատվել է խաղաղապահ զորքերի հրամանատար Արտակ Տոնոյանը: Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝ նրան նոր պաշտոն են առաջարկել, իսկ, ահա, նրա փոխարեն պաշտոնի են նշանակել երիտասարդ մի նոր զինվորականի, որը մինչ այդ աշխատում էր ՊՆ հետախուզության վարչությունում: Ի դեպ, ուշագրավն այն է, որ Արտակ Տոնոյանը ազատվել է այն ժամանակ, երբ մեր խաղաղապահ զորքերը մեկնեցին Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության շրջանակներում: Առաքելության ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումը պետք է իրականացներ բացառապես ռազմավարական նշանակության շենք-շինությունների եւ ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ: Թե որքանով այս ամենը կապ ունի իրար հետ, դժվար է ասել, սակայն մենք տեղեկացանք, որ Սուրեն Պապիկյանը որոշել է փոփոխություննրը շարունակել նաեւ աշխատակազմում:

 

 

 

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է անցյալ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին իրականացված օտարերկրյա ներդրումների ծավալները: Ըստ այդմ, ընդհանուր ներդրումները շեշտակի ավելացել են՝ 2021 թվականի 9 ամիսներին իրականացված 16 մլրդ 304 մլն դրամից դառնալով 162 մլրդ 173 մլն դրամ: Նախորդ տարվա 9 ամիսներին կան երկրներ, որոնք իրենց ուղղակի ներդրումները հանել են երկրից։ Հայաստանից Ֆրանսիայի արտահանած կապիտալը կազմել է 3 մլրդ 694 մլն հազար 400 դրամ։ Օրինակ՝ Վրաստանը 68 մլն դրամի չափով իր կապիտալը դուրս է հանել Հայաստանից։ Փոխարենը Իտալիան ավելացրել է ուղղակի ներդրումների ծավալները: Տեղեկացնենք, որ ռուսական ներդրումների ծավալները Հայաստանից արտահանվել էին. Ռուսաստանի Դաշնությունը 2020 թվականի հունվար-սեպտեմբերին 23 մլրդ 140 մլն դրամի չափով կապիտալը դուրս էր հանել Հայաստանից, իսկ նախորդ տարվա 9 ամիսներին կատարել է 11 մլրդ 392 մլն դրամի չափով ներդրում:

 




Լրահոս