«ՎԱՆԱՁՈՐՆ ՕՐ ՕՐԻ ՀԱՅՏՆՎՈՒՄ Է ԿՈԼԱՊՍԻ ՄԵՋ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը Վանաձորում տիրող իրավիճակի շուրջ զրուցել է ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանի հետ: Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Վանաձորում ամենաշատ ձայները ստացել է «Մամիկոն Ասլանյան» դաշինքը՝ 38.70 տոկոս, «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել է 25,05 տոկոս ձայն, Հայաստանի սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը 14,53 ձայնով երրորդն է, «Հայրենիք»-ը 4,48 ձայնով չորրորդ տեղում է, իսկ «Ապրելու երկիր»-ը եզրափակում է հնգյակը 4,29 տոկոս ձայնով։ Սակայն «Մամիկոն Ասլանյան» դաշինքի համայնքապետի թեկնածու, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կալանավորված է:

 

-Պարո՛ն Դոխոյան, մանրամասնեք, թե հետընտրական ինչ զարգացումներ են Վանաձորում, ինչ է կատարվում: Ավագանու մանդատները բաշխվել են, բայց  Վանաձորում մինչ այսօր քաղաքապետ, համայնքապետ չկա: Ի՞նչ կասեք:

-Ինչպես նկատեցիք, առաջին չկայացած նիստը Վանաձորում, դատարանի որոշմամբ, «Լուսավոր Հայաստան»-ը մանդատ ստանալու վճիռը չբավարարելու մասով բողոքարկել էր: Դրանից հետո ենթադրվում էր, որ հաջորդ նիստը պետք է կայանա հունվարի 7-ին, որը եւս 10 օրով հետաձգվեց: Նախ այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է  դատական նիստ կայանար, որոհետեւ կարող էր դատարանը պատասխանել հենց օրենքի պահանջով, որ առաջին ատյանի որոշումները՝ կապված ընտրական գործընթացի հետ, բողոքարկման ենթակա չեն: Բայց պարզ է, թե այստեղ ինչ է կատարվում. իշխանությունների պահանջով, «Լուսավոր Հայաստան»-ի ձեռամբ ձգվում է այս պրոցեսը: Այս պահին քաղաքում շատ վատ վիճակ է: Ինչպես նշեցիք, կա ավագանի, ավագանու մանդատներ, որոնց բախշվել են ԿԸՀ-ի կողմից, եւ այստեղ դրանից դուրս  չկա պաշտոնատար որեւէ անձ: ՔՊ-ն նշանակել է աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար, որն իրավասու չէ շատ փաստաթղթեր ստորագրելու, հատկապես՝ ֆինանսական բնույթի: Ի  շահ վանաձորցիների՝ դեռեւս անցած տարվանից  երեք ամսով երկարագվել էր աղբահանություն իրականացնող կազմակերպության հետ պայմանագիրը: Մնացած այլ բոլոր հարցերով մենք օր օրի հայտնվում ենք կոլապսի մեջ:

-Իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը միայն Վանաձորում չէ, որ ցանկանում է իշխանություն վերցնել: Օրինակ՝ Վանդենիսում էլ ենք տեսնում նույն պատկերը: Տեղացիների տրամադրությունն ինչպիսի՞ն է:

-Վանաձորցիների կողմից հարաբերական անդորր կա, որովհետեւ լոռեցիները փափուկ, զուսպ ժողովուրդ են, եւ ինչպես բոլորի  մոտ, այնպես էլ վանաձորցիների մոտ համբերությունն ունի սահման: Մենք, ինչպես մնացածը, սպասում ենք, թե օրենսդրական դաշտում ինչ է տեղի ունենալու, ու դրանից հետո մենք պատրաստ ենք դիմելու ռադիկալ քայլերի: Իհարկե, վանաձորցիների մեծամասնությանը սա դուր չի գալիս, որովհետեւ մոտ 40 տոկոսն ընտրել է «Ասլանյան» դաշինքին, 4,6 տոկոս ընտրել են «Հայրենիք» խմբակցությանը: Մենք այս պահին առանց որեւէ դաշինքի կամ կոալիցիոն համաձայնության կազմում ենք Վանաձորի կեսից ավելին, եւ վանաձորցին դեռեւս չունի քաղաքապետ: Մենք դեռ կսպասենք, տեսնենք՝ ինչ քայլեր է անելու իշխանությունը, եւ կարծում եմ՝ մոտ ժամանակներս վանաձորցիների հետ միասին կգնանք ռադիկալ քայլերի, որպեսզի պաշտպանենք նրա տված քվեն:

-Ի՞նչ ռադիկալ քայլերի մասին է խոսքը:

-Մենք դա դեռ կքննարկենք: Այս պահին նման քննարկում չունենք, բայց մենք հասկանում ենք, որ վանաձորցիները լինելու են մեր կողքին,  եւ սա մենք անելու ենք նաեւ նրանց պահանջով: Կքննարկենք, կմշակենք պլան, կշարժվենք այս պլանով:

 

 

ՔՊ-Ն ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՉԻ ՀԱՄԱԿԵՐՊՎՈՒՄ

Դեկտեմբերի 5-ին՝ Վարդենիսում տեղի ունեցած ընտրություններից հետո՝ մինչ օրս, համայնքը, կարելի է ասել, չի ղեկավարվում: Ու դա ոչ թե այն պատճառով, որ նորընտիր ավագանին համայնքապետ չի ընտրել, այլ որովհետեւ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որեւէ կերպ չի կարողանում հաշտվել մյուս երկու ուժերի՝ դաշինք կազմելու, միասնական թեկնածու առաջադրելու ու ընտրելու որոշման հետ:

 

Վարդենիսում, հիշեցնենք, «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր 13, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել, ու մանդատների քանակն արդեն բավարարում էր համայնքապետ ընտրելու համար։ Հուշագիր ստորագրելուց հետո, սակայն, «Միասնական Վարդենիս»-ի առաջին համար, Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանին հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք առաջադրվեց, ու նա կալանավորվեց։ Թիմակիցներն ու փաստաբանները Հարությունյանի շուրջ կատարվողը միանշանակ քաղաքական հետապնդում են որակում:

Չնայած իրավական գործընթացներին՝ դեկտեմբերի 30-ին ավագանին անդրանիկ նիստ էր նշանակել, բայց մինչ նիստի սկսելը ոստիկանությունը փորձել էր բերման ենթարկել ավագանու ընդդիմադիր մեկ այլ անդամի՝ Ահարոն Խաչատրյանին: 3 ժամ անց, սակայն, ընդդիմությանը ի վերջո հաջողվել էր նիստ հրավիրել եւ համայնքապետ ընտրել Ահարոն Խաչատրյանին: ՔՊ-ականները նիստին չէին մասնակցել: Ավագանու հաջորդ՝ հունվարի 4-ին նշանակված նիստին ոստիկանական ուժերը, կատարելով վերեւից եկած հրահանգները, թույլ չէին տվել, որ ընտրված ավագանու անդամները մուտք գործեն համայնքապետարանի շենք, ուստի համայնքի ղեկավար ընտրված «Ահարոն Խաչատրյան» դաշինքի թեկնածու Ահարոն Խաչատրյանի երդմնակալության արարողությունը տեղի էր ունեցել դրսում:

Համառորեն ու զոռբայությամբ Փաշինյանի թիմը, փաստորեն, փորձում է համայնքային իշխանությունը յուրացնել:

Նյութերը՝ ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՀԱՎԱՔ ԵՆ ԱՆԵԼՈՒ

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանության ներկայացուցիչները շաբաթվա վերջ հանդիպում-հավաք են ունենալու: Ըստ մեր տեղեկությունների՝ ուրբաթ` հունվարի 14-ին, ՔՊ-ականները մեկնելու են Դիլիջան: ՔՊ-ական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ այնտեղ կլինեն մինչեւ կիրակի օրը, քանի որ շատ բան ունեն քննարկելու, բավական երկար ժամանակ է, որ նման ֆորմատով չեն հավաքվել. փոխանցեց մեր աղբյուրը: Հավաքը կապված է նաեւ հունվարի 17-ին՝ երկուշաբթի մեկնարկելիք խորհրդարանի նոր աշխատանքով: Իշխանության ներկայացուցչները պետք է հասկանան, թե ԱԺ-ում ով ինչպես է իրեն դրսեւորելու, որ նախագիծը ինչպես, ով պետք է ներկայացնի, ու ինչպես պետք է քվեարկությունները կազմակերպեն: Նախատեսված է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Դիլիջան, սակայն դեռեւս հստակեցված չէ, թե այդ երեք օրերից որ օրը վարչապետը կայցելի իր թիմին: Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների՝ բավականին մեծ դժգոհություն կա թիմում Ղազախստան հայկական զորք ուղարկելու հետ կապված վարչապետի որոշման, ինչպես նաեւ վերջերս երկու ՔՊ-ականների` Սերգեյ Մովսիսյանին եւ Սեդրակ Թեւոնյանին մարզպետի պաշտոններում նշանակելու որոշման վերաբերյալ: Շատերի կարծիքով՝ սխալ որոշումներ են դրանք, ու այս փակ հանդիպմանը պետք է քննարկում լինի այդ հարցերի շուրջ:

Ըստ մեր տեղեկությունների՝ զգուշացվել է, որ հանդիպմանը բացականեր չլինեն, քանի որ խորհրդարանի նոր աշխատանքների վերաբերյալ պետք է հստակեցումներ լինեն, ու բոլորը պետք է տեղյակ լինեն:

 

 

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանն առաջիկայում պաշտոնանկ կարվի: ArmLur.am-ին հասած տեղեկություններով՝ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի կադր համարվող Վարդանյանը վեճ է ունեցել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ, ու վերջինս որոշել է Վարդանյանին ազատել աշխատանից: ArmLur.am-ը երեկ ու այսօր փորձեց կապ հաստատել Վարդանյանի հետ՝ տեղեկության մասին մեկնաբանություն ստանալու համար: Նրա հեռախոսահամարին նախ ինչ-որ տղամարդ պատասխանեց՝ ասելով, թե տիկին Ծաղիկը հեռախոսն աշխատավայրում է մոռացել, իսկ այսօր արդեն «բաժանորդն անհասանելի էր»:

Մեր տեղեկություններով՝ Արսեն Թորոսյանի հովանավորությամբ՝ Վարդանյանն առաջիկայում Երեւանի քաղաքապետարանում աշխատանքի կանցնի՝ զբաղեցնելով քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի պաշտոնը:

 

 




Լրահոս