ԱՌԱՋ` ԴԵՊԻ ՀԵՏ-2

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շարունակում ենք Սերժ Սարգսյանի «Առաջ, Հայաստա՛ն» կարգախոսով նախընտրական ծրագրի եւ անցած երեք տարիների ընթացքում արված քայլերի համադրությունը` գալիք  ընտրություններից առաջ գնահատելու համար, թե որքանով  է Սերժ Սարգսյանի իշխանության օրոք Հայաստանն առաջ գնացել:  Այս անգամ կանդրադառնանք ծրագրի «Արտաքին հարաբերություններ եւ անվտանգություն» գլխին: Եւ այսպես, ծրագրի այդ բաժնում գրված է. «Մեր երկրի արտաքին քաղաքականությունը պետք է դառնա ավելի ակտիվ եւ նախաձեռնող` ապահովելով Հայաստանի ազդեցիկ մասնակցությունը միջազգային եւ հատկապես տարածաշրջանային գործընթացներին»:  Վարդան Օսկանյանի հորինած «կոմպլեմենտար»  անհեթեթ ձեւակերպմանն այսպիսով փոխարինեց «նախաձեռնողական» ամբիցիոզ բնորոշումը, որի ամենամեծ դրսեւորումը, ինչպես հայտնի է, 2008թ. հունիսի 23-ին Մոսկվայից «նախաձեռնված» «ֆուտբոլային դիվանագիտության» մեկնարկն էր: Թե ինչի հանգեցրեց այդ նախաձեռնողականությունն, այսօր արդեն հայտնի է բոլորին. Հայաստանի Հանրապետությունը կամովին  ստանձնեց  Հայոց ցեղասպանության անուրանալի ճշմարտությունը հայ-թուրքական միջպետական հանձնաժողովում քննարկելու պարտավորություն, ճանաչեց Կարսի անօրինական  պայմանագրով ամրագրված վիճելի սահմանները, Բարաք Օբամային եւ ԱՄՆ Սենատին հիանալի հնարավորություն տվեց խուսափելու Ցեղասպանության ճանաչումից, կասեցրեց  նաեւ Ֆրանսիայի Սենատում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը, եւ  ամենակարեւորը` սեպ խրեց Հայաստան-սփյուռք հարաբերություններում: Թվարկվածը Սերժ Սարգսյանի` հայ-թուրքական նախաձեռնողականության դառը պտուղների միայն մի մասն է: Սակայն այդքանից հետո էլ ՀՀ-ն շատ «ակտիվ ու  նախաձեռնող» կերպով սպասում է, թե երբ Թուրքիան վերջապես կհիշի արձանագրությունների մասին:  Սերժ Սարգսյանի նախաձեռնողական քաղաքականության հաջորդ` նշանակալի «ձեռքբերումը» Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարաձգումն էր` մինչեւ 2044թ.:  Այս քայլով Հայաստանի իշխանությունները, կարելի է ասել,  վերջնականապես լուծեցին առնվազն առաջիկա 33 տարիներին  «ակտիվ ու նախաձեռնող» լինելու  եւ «տարածաշրջանային գործընթացներին Հայաստանի ազդեցիկ մասնակցությունը ապահովելու» հարցը:  Շարունակելով ընթերցել Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը` տեղեկանում ենք, որ «ակտիվ ու նախաձեռնող» լինելու համար Հայաստանին, բացի «ռսի ոտից», պետք է նաեւ «միջազգային կառույցներին  անդամակցության շարունակում ու  համագործակցության խորացում»: Բայց այստեղ եւս Սերժ Սարգսյանը հանդես եկավ հերթական «նախաձեռնությամբ». մի քանի ամիս առաջ հայկական կողմը ինքնակամ կերպով հրաժարվեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալու հնարավորությունից` այդպիսով, ըստ էության, կանաչ լույս վառելով Ադրբեջանի համար:  Եւ  ամենազավեշտալին այն էր, որ այդքանից հետո Էդուարդ Նալբանդյանը դեռ մի բան էլ «մուննաթ» եկավ ՄԱԿ-ի վրա, թե` հանկարծ չընտրեք Ադրբեջանին: Ինչեւէ,  ավարտելով Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի` արտաքին հարաբերություններին վերաբերող բաժնի ընթերցումը, մեջբերենք հետեւյալ դրույթը. «Անհրաժեշտ է քաղաքացիների եւ տնտեսվարող սուբյեկտների համար միջազգային լավագույն փորձի եւ չափորոշիչների ներդնում, ինչը մի կողմից կբարձրացնի նրանց գործունեության արդյունավետությունը, մյուս կողմից կխթանի հարաբերություններն արտասահմանյան գործընկերների հետ, այդ թվում` մեխանիզմներ ստեղծելով արտերկրում մեր քաղաքացիների եւ տնտեսվարող սուբյեկտների շահերի պաշտպանության համար»:  Թե անցած երեք տարիներին միջազգային հատկապես որ լավագույն փորձն ու չափորոշիչները ներդրեց Սերժ Սարգսյանը, դժվար է մտաբերել (բացի, թերեւս, Տ.Սարգսյանի` կով կթելու միջազգային չափորոշիչների ներդրումից), սակայն փաստն այն է, որ  այդ ամենի արդյունքում հայկական բիզնեսի զգալի մասն արտագաղթեց Վրաստան:  Այսպիսով` վերադառնալով ծրագրի՝ արտաքին հարաբերությունների բաժնի բնաբանին, որտեղ ասված է` «արագ փոփոխվող աշխարհը, արդի մարտահրավերներին զուգահեռ, Հայաստանի համար բացում է հնարավորությունների նոր պատուհան», կարող ենք արձանագրել, որ Սերժ Սարգսյանին հաջողվեց շռնդյունով փակել այդ պատուհանը:  ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս