Ո՞Վ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ ՉԻ  ՆԵՐՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ կասեցվել է ՀՀ քննչական կոմիտեի առաջարկած «Համաներման մասին» օրենքի նախագիծը: Հիշեցնենք, որ անցած տարի ՀՀ կառավարությունը մտադիր էր համաներել 44-օրյա պատերազմին մասնակցած այն քաղաքացիներին, որոնք անցնում են զինվորական ծառայության կարգի դեմ քրեական գործերով։ Ավելին՝ Քննչական կոմիտեի առաջարկած «Համաներման մասին» օրենքի նախագծով շեշտված էր Հայաստանի զինված ուժերի կողքին կանգնած քաղաքացիներին գնահատելը, եւ ընդգծվում էր՝ «սրանով ցուցաբերվում է մարդասիրական մոտեցում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ»։

Թեեւ վիճակագրություն չէր նշվում, ու հայտնի չէր, թե ընդունելու դեպքում քանի հոգու վրա կտարածվեր համաներումը, բայց նախագծում նշվում էր, որ կհամաներվեն ինչպես մինչեւ պատերազմի սկիզբը՝ սեպտեմբերի 26-ը ներառյալ ոչ մեծ եւ միջին ծանրության հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված անձինք, այնպես էլ ռազմական գործողությունները դադարելուց հետո՝ նոյեմբերի 9-ից մինչեւ մարտի 24-ը զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցանք կատարելու համար դատապարտված զինծառայողները։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 44-օրյա պատերազմի վերաբերյալ դատախազությունում ավելի քան 1600 քրգործ է հարուցվել։

Հիշեցնենք, որ վերջին համաներումը տեղի է ունեցել 2018 թվականին, որը հայտարարվեց Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ։ Գլխավոր դատախազության տվյալներով՝ այն ժամանակ համաներվեց ավելի քան 4 հազար 600 մարդ, իսկ հիմա համաներման գործընթացը դադարեցվել է, ընդ որում՝ անորոշ ժամանակով. ինչու, ում հրահանգով, քազաքական ինչ նպատակով՝ պարզ չէ:

 

 

 

ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համար փորձում են նոր զբաղմունք գտնել։ Արտահերթ ընտրություններից հետո նա գործադիրում եւ օրենսդիրում պաշտոն չստացավ, սակայն իշխանությունները ելքեր են գտնում՝ նրան «յուղոտ» զբաղմունք գտնելու համար: Կառավարության նախորդ նիստում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 15 տոկոս բաժնետոմսերի կառավարումը հանձնվեց ԱՆԻՖ-ին՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին, որի խորհրդի նախագահը հենց Տիգրան Ավինյանն է, եւ նա լինելու է կառավարության ներկայացուցիչը կոմբինատում: Սրանից զատ Ավինյանը փորձում է մայրաքաղաքի համակարգումը իր ձեռքը վերցել: Չի բացառվում, որ կառավարությունում մի նոր կառույց ստեղծվի, որը կզբաղվի Երեւան քաղաքի հարցերով եւ կղեկավարվի հենց Ավինյանի կողմից, սակայն նախկին փոխվարչապետը ցանկանում է պաշտոն ստանալ նաեւ հենց քաղաքապետարանում՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի խորհրդականի մակարդակով։ Նկատենք, որ չնայած Երեւանում նոր քաղաքապետ կա, բայց փաստացի կառավարում գոյություն չունի: Ինչո՞ւ. որովհետեւ, բացի այս երկու ֆիգուրներից, քաղաքի կառավարմանը խառնվում է նաեւ ԱԺ ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը` առողջապահական հատվածով: Մյուս կողմից՝ ավագանու ՔՊ խմբակցությունն է փորձում կորցրած դիրքերը քաղաքի կառավարման գործում հետ բերել: Եւ, իհարկե, գլխավոր ֆիգուրը մնում է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Ստացվում է, որ, Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանից բացի, քաղաքապետի լիազորությոնների են ձգտում Տիգրան Ավինյանը, Սուրեն Պապիկյանը, Արսեն Թորոսյանը եւ ՔՊ մեծուփոքր ավագանիները:

 

Վանաձորում նույնպես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հնարավոր ու անհնար բոլոր մեթոդներին դիմում է համայնքի կառավարումը ստանձնելու համար։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ չի բացառվում, որ ՔՊ-ն համաձայնի ընդդիմադիր խմբակցությունների՝ մանդատները վայր դնելու ու նոր ընտրությունների գնալու առաջարկին։ Ըստ մեր աղբյուրների՝ այդ սցենարը իշխանությանը ձեռնտու է այնքանով, որ մանդատները դնելուց հետո ՔՊ-ականներն ամենատարբեր պատրվակներով ու օրենսդրական մտացածին դրույթներով կարող են ձգձգել նոր ընտրությունների կազմակերպումը, ու գործադիրը քաղաքապետի պարտականությունները կատարողի կնշանակի։ «Ես նման սցենարի մասին տեղյակ չեմ, բայց ոչ մի բան բացառված չէ։ Ամեն բան կախված է նրանից, թե ինչով կավարտվեն դատական գործընթացները, կամ ավագանու նիստերի ժամանակ ինչ համագործակցություն, գործընթացներ կլինեն։ Տարբեր իրավիճակներ կարող են լինել, բայց պետք է այնպես անել, որ քաղաքի կառավարումը չտուժի»,- մեզ հետ զրույցում ասաց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։ Իշխանություններին, փաստորեն, ձեռնտու է անգամ ԺՊ-ի տարբերակը, միայն թե հանրապետության երրորդ քաղաքի կառավարումը ձեռքներից չգցեն։

 

 

Հայաստանում սպառողական շուկայում մեկ ամսվա ընթացքում պաշտոնական վիճակագրությունը լուրջ գնաճ է արձանագրել: Նախորդ տարվա դեկտեմբերին թանկացել է ամեն ինչ: Օրինակ՝ շաքարավազի գինը 2.2 տոկոսով է բարձրացել, իսկ կաթնամթերքի շուկայում արձանագրված գնաճը կազմել է 1.6 տոկոս: Թանկացել է նաեւ առաջին անհրաժեշտության սննդատեսակ համարվող հացը. այս շուկայում պաշտոնապես գնաճը կազմել է 1.6 տոկոս: Ալյուրի գինը բարձրացել է 1.5 տոկոսով, իսկ մակարոնեղենինը՝ 2.7 տոկոսով, բրնձինը՝ 2.9 տոկոսով: «Ժողովուրդ»  օրաթերթը տեղեկացավ, որ ձվի գինը 2021 թվականի դեկտեմբերին, 2020-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատ, աճել է 12.7 տոկոսով: Այս թանկացումների ֆոնին ՀՀ կառավարությունը խոստումներ է տալիս, որ այս տարի ՀՀ քաղաքացին ավելի լավ է ապրելու. հունվարի 1-ից 3000 դրամով բարձրացել են թոշակներն ու նպաստները, նվազել է եկամտահարկը։ Իշխանությունը, սակայն, մոռանում է թանկացումների մասին. հունվարի 1-ից մեր հանրապետությունում բարձրացել է գույքահարկը, դարձյալ կթանկանա ներմուծվող ու արտադրվող սննդամթերքը, այդ թվում` ի հաշիվ ակցիզային հարկի ու մաքսատուրքերի բարձրացման։ Ջրի գնի բարձրացման ու փետրվարի 1-ին էլեկտրաէներգիայի թանկացման մասին ուղղակի լռում ենք: Դե արի ու 3000 դրամ ավելացած թոշակով կոմունալ վարձ վճարիր կամ սնունդ առ ու ապրիր:




Լրահոս