«ՔՊ-Ն ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ». ՄԱՐԶՊԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո մինչեւ օրս Վանաձորը ղեկավար չունի: Ավագանու նիստ հրավիրել այդպես էլ չի հաջողվում, որի ժամանակ էլ պետք է համայնքի ղեկավար ընտրվի, իսկ նախկին ղեկավար Մամիկոն Սսլանյանն էլ կալանավորված է:

 

«Ժողովուրդ» օրաթերթը իրավիճակի առնչությամբ զրուցել է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հետ:

-Վանաձոր համայնքը չունի քաղաքապետ, թեպետ ավագանու մանդատները բախշված են, ավագանին պատրաստ է անցնել իր գործողություններին: Հակառակորդ ուժերը մեղադրում են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որ այստեղ նույնպես ցանկանում է իշխանություն վերցնել: Ձեր դիրքորոշումն ու պատասխանը ո՞րն է:

-Ձեր նշած ուժերը դա ոչ թե «Մամիկոն Ասլանյան» կամ «Հայրենիք» դաշինքներն են, այլ քոչարյանասերժադաշնակցական դաշինքն է: Դա ակնհայտ երեւում է, որովհետեւ շատ ջանասիրաբար աջակցում են այդ ուժերին: Ես սրա մասին խոսել եմ, երբ քարոզարշավը դեռ չէր մեկնարկել: Այդ քոչարյանասերժադաշնակցական դաշինքից եթե խոսենք, վստահ եմ, որ ժողովրդին նորություն չենք ասի վատ իմաստով, քանի որ մարդիկ իրենց մաշկի վրա դա զգացել են: Ինչ վերաբերում է, որ մեղադրում են մեզ քաղաքապետ չունենալու հարցում, հիմա դատական գործընթաց է սկսվել, ինչն էլ  ես նորմալ եմ համարում: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դիմել էր դատարան, որպեսզի իրենց մանդատը կարողանան վերականգնել, իրենք էլ իրենց այդ մոտ 1300 հոգու շահերն են պաշտպանում: Եթե չեմ սխալվում, 9 ձայն էր պակասում, բայց անհրաժեշտ թիվը շատ էր: Իրենք էլ իրենց ընտրող քաղաքացիների ու կուսակցության շահերն են պաշտպանում: Դա նորմալ իրավական ընթացակարգ է: Վանաձորում հիմա աշխատանքներն իր բնականոն հունով ընթանում է, կան որոշակի դժվարություններ, բայց վստահ եմ, որ մետ ապագայում դա կհարթվի: Եվ լավ կլիներ՝ այդ միավորումը՝ դաշինքը, խոսեր իրենց բացթողումներից, սխալներից; Ես ուզում իրենց հռետորական հարց տալ՝ արդյոք Վանաձոր քաղաքը թալանվել է, թե ոչ, ապօրինություններ եղել են, թե ոչ, մայթերը վաճառվել են, թե ոչ, կանաչ տարածքներ վաճառվել են, թե ոչ: Եթե թալանվել է, ապա ովքե՞ր են վերջին 5, 10, 15, 20 տարվա ընթացքում եղել իշխանություն Վանաձոր քաղաքում:

-Ասացիք, որ «Լուսավոր Հայաստան»-ն իր ընտրողների շահերն է պաշտպանում: Ի դեպ, դատարանը հրապարակեց, որ մերժում է բողոքարկման հայտը, առաջին ատյանի դատարանը նույնպես մերժեց «Լուսավոր Հայաստան»-ի հայցը: Ամեն դեպքում, տպավորությունն այնպիսին է, որ «Լուսավոր Հայաստան»-ն օգնում է իշխանություններին ինչ-որ  բան անելու, քաղաքային իշխանություն ձեւավորելու, մանդատով գալու եւ օգնելու, որպեսզի ՔՊ-ն  կարողանան այստեղ իշխանություն ձեւավորվել: Ի՞նչ պայմանավորվածություն կա:

-Ես էլ տեղեկացա, որ «Լուսավոր Հայաստան»-ի դիմումը մերժել են, բայց կան ընթացակարգեր, եւ չի բացառվում, որ հնարավոր է՝ հաջորդ ատյան բողոքարկվի:

-Ուղղվածության մասով ի՞նչ կասեք: Տեղեկություններ կան, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը «Լուսավոր Հայաստան»-ի հետ պայմանավորվածությունների մեջ է, որպեսզի օգնի իշխանությանը Վանաձորում իշխանություն ձեւավորել:

-Ոչ, «Լուսավոր Հայաստանը» ՔՊ-ի հետ որեւէ պայմանավորվածություն չունի:  Պայմանավորվածություն ունեն «Հայրենիք» կուսակցությունն ու «Ասլանյան» դաշինքը, որովհետեւ իրենք իսկապես անհանգստանալու շատ բաներ ունեն: Մենք անհանգստանալու բան չունենք:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

ՄԻԱՅՆԱԿ ԵՆ ԹՈՂԵԼ ԲԱՆԿԵՐԻ ՀԵՏ

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների վարկային պարտավորությունների ներման գործողությունները ֆինանսական կառույցներն իրականացրել են իրենց միջոցների հաշվին: Այս մասին հայտնի դարձավ երեկ՝ խորհրդարանում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ կազմակերպված քննարկմանը:

 

Թագուհի Թովմասյանը քննարկման ժամանակ նշել է, որ անհատական մակարդակում շատ են ստանում դժգոհություններ, որոնք ստանում են անձնավորված լուծումներ. «Ես կարծում եմ, որ ժամանակն է, որ մենք համակարգային լուծում փնտրենք, որը չի լինի այնպիսի լուծում, որից կտուժեն մասնավոր բանկերը, եւ միաժամանակ նաեւ կորուստներ ունեցած ընտանիքներին օգտակար լինենք»,-ասել է պատգամավորը:

Պարզվում է՝ Հայաստանում բանկերն ու վարկային կազմակերպությունները 2021 թվականի հուլիսի 30-ի դրությամբ ներել են պատերազմում զոհված եւ անհետ կորած անձանց, նրանց ընտանիքների անդամների՝ 2.8 մլրդ դրամի չափով վարկային պարտավորությունները:

Բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի խոսքով՝ զոհված եւ անհետ կորած անձանց պարտավորությունների ներում է իրականացվել 2400 անձանց մասով 1 մլրդ 948 մլն դրամի չափով: Զոհված եւ անհետ կորած անձանց ընտանիքի անդամների պարտավորությունների մասով ներվել է 631 մլն դրամ, պատերազմի արդյունքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց եւ նրանց ընտանիքի անդամների պարտավորությունների մասով՝ 230 մլն դրամ:

Բայց արձանագրենք, որ վարկային պարտավորությունների ներման գործողությունները ֆինանսական կառույցները իրականացրել են իրենց միջոցների հաշվին: Այս հարցում, սակայն, պետությունը որեւիցե մասնակցություն չի ունեցել: Ավելին, պատերազմից ավելի քան մեկ տարի անց՝ պատգամավոր Թագուհի Թովմասյանի կողմից այս հարցը բարձրաձայնելուց հետո եւս կառավարությունը ոչինչ չի անում:  Ի դեպ, քննարկմանը ներկա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, ում որդին զոհվել է պատերազմում, ասաց. «Այնքան տարօրինակ էր ինձ համար, երբ մեր տան անդամներից մեկը բանկերից մեկում ուներ սպառողական վարկ, երբ գնացինք, որ վարկը մուծենք, ասացին, որ մեզ կորոնավիրուսային համակարգի զեղչման համակարգի մեջ կներառեն: Գիտե՞ք, այնքան վիրավորական է, որ հայրենիքի համար կյանքը տված մարդու համար չկա ինչ-որ որոշում, եւ նրան ընդգրկում են կորոնավիրուսային ինչ-որ ծրագրի մեջ»:

Սա որպես վառ օրինակ, որ կառավարությունը զոհված զինծառայողների ընտանիքների վարկային պարտավորությունների ներման հարցում ակտիվ չէ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՀԱՅՏՆԻ ԴԱՏԱՎՈՐԸ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավո»-ի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին։ Իսկ ինչո՞վ է հայտնի պաշտոնատար անձանց մասով հարուցված քրգործը քննող դատավոր Մանվել Շահվերդյանը: Անցած տարի պետք է հրապարակվեր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանի վերաբերյալ դատարանի որոշումը, որով պաշտպանական կողմը վիճարկում էր նրա ձերբակալության իրավաչափությունը։ Եվ, ահա, մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ 19:30-ի կողմերը դատավոր Մանվել Շահվերդյանին առեւանգում են խորհրդակցական սենյակից ու տանում ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանի մոտ։ Նրանից պահանջվում է իրավաչափ ճանաչել բժշկի ձերբակալության իրավաչափությունը, ինչը դատավորը կտրուկ մերժում է` ասելով, որ նման հիմքեր չկան:

Տեսնելով, որ չեն կարողանում ազդել դատավորի վրա, նրան, փաստորեն, պահում են պատանդի կարգավիճակում, որպեսզի թողնեն առավոտյան, երբ արդեն կքննվի բժշկին կալանավորելու հարցը, որպեսզի վերջինս ազատության մեջ չլինի։ Այս տեղեկության հետ կապված դատավորը պաշտոնապես դիմել էր ԲԴԽ եւ հայտնել, որ իր գործունեությանը որեւէ միջամտություն տեղի չի ունեցել։ «Նշված բողոքն իմ կողմից քնվել եւ լուծվել է Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան՝ գործի հանգամանքները գնահատելով իմ ներքին համոզմամբ։ Իմ գործունեությանը որեւէ միջամտություն տեղի չի ունեցել։ Ինչ վերաբերում է համացանցում տարածված այն տեղեկությանը՝ իբր խորհրդակցական սենյակից ինձ առեւանգել եւ պահել են ԱԱԾ-ում, որեւէ աղերս չունի իրականության հետ»,- ասել էր Շահվերդյանը:

 

 

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔ

Երեկ ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 09:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Նժդեհի փողոցում՝ Շենգավիթի թաղապետարանի հարեւանությամբ գտնվող բարձրահարկ շենքի փողոցային հատվածում՝ «Հայէկոնոմբանկ»-ի մասնաճյուղի դիմաց, տղամարդու դի կա: Մահացածը Երեւանի բնակիչ,  52-ամյա  Ա. Ղ.-ն էր, ով աշխատում է Հայաստանում հայտնի բանկերից մեկում պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության պետի տեղակալ: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝  դիակի դատաբժշկական:

 




Լրահոս