ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ ՀԵՏՈ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ։

 

«Հաշվի առնելով ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը՝ կարծիքներ են փոխանակվել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ գործողության ընթացքի վերաբերյալ։ Նշվել են խաղաղապահ զորակազմի արդյունավետ համակարգված գործողությունները, որոնք նպաստում են հանրապետությունում իրադրության կարգավորմանը», – հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը։

Աղբյուրի համաձայն՝ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են նաեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը եւ Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների իրականացման որոշ հարցեր։

Ռուսաստանի նախագահն ու Հայաստանի վարչապետը պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում։

Հայկական կողմը եւս հաղորդում է, որ զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացիկ իրավիճակը եւ եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության գործունեությանը։ Վարչապետի աշխատակազմի լրատվականն այլ մանրամասներ չի փոխանցում։

Հիշեցնենք, որ երեկ սահմանին լարված վիճակ էր: Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները 17։30-ի սահմաններում վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ օգտագործելով նաեւ հրետանային միջոցներ եւ անօդաչու թռչող սարքեր: Ավելի վաղ ՊՆ-ն հաղորդել էր, որ ժամը 15։15-ի սահմաններում ադրբեջանական կողմը կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով մեկ զինծառայող ստացել էր միջին ծանրության հրազենային վիրավորում: Բաքուն էլ հաղորդել էր, որ Քելբաջարի շրջանի ուղղությամբ հայկական կողմից արձակված կրակոցների հետեւանքով մեկ ադրբեջանցի զինծառայող է զոհվել։

Ապա Պաշտպանության նախարարությունը հանդես եկավ մի քանի պաշտոնական այլ հաղորդագրություններով եւս. «Հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետեւանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) եւ կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

Եվս երկու զինծառայող վիրավոր է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է»։

Ապա երեկ առավոտյան նոր հայտարարությամբ նրանք հանդես եկան. «Հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքից հետո սկսված ինտենսիվ փոխհրաձգության գոտում նույն օրը՝ կեսգիշերին, հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային Վահան Վաչագանի Բաբայանի (ծնվ. 2003թ.) մարմինը` մահացու հրազենային վիրավորումով: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

Վիրավոր երկու զինծառայողների վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Բացի Փաշինյան-Պուտին զրույցից, եղան նաեւ այլ հայտարարություններ եւս: «Եվրամիությունը կոչ է անում հեռացնել ուժերը միմյանցից հայ-ադրբեջանական սահմանին»,- հայտնել է ԵՄ արտաքին հարցերով գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոն:

«Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած վերջին փոխհրաձգությունը, որի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ կան, վերահաստատում է ուժերի հեռացման եւ վստահության ստեղծման միջոցառումների անհրաժեշտությունը: ԵՄ-ն աշխատում է երկու կողմի հետ հակամարտության համապարփակ լուծում գտնելու համար»,- իր թվիթերյան էջում գրել է Ստանոն:

Հիշեցնենք, որ նման կոչով ավելի վաղ հանդես էր եկել Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ հորդորելով կողմերին գործարկել ՊՆ-ների միջեւ ստեղծված ուղիղ կապը:

Ն.Հ.

 

 

ԵՄ-Ն ԴԻՄԵԼ Է

Եվրամիությունը կոչ է անում հեռացնել ուժերը միմյանցից հայ-ադրբեջանական սահմանին: Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին հարցերով գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոն: «Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած վերջին փոխհրաձգությունը, որի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ կան, վերահաստատում է ուժերի հեռացման եւ վստահության ստեղծման միջոցառումների անհրաժեշտությունը: ԵՄ-ն աշխատում է երկու կողմի հետ հակամարտության համապարփակ լուծում գտնելու համար»,- իր թվիթերյան էջում գրել է Ստանոն: Հիշեցնենք, որ նման կոչով ավելի վաղ հանդես էր եկել Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ հորդորելով կողմերին գործարկել ՊՆ-ների միջեւ ստեղծված ուղիղ կապը:

 

 

ՔՐԳՈՐԾԵՐ ԵՆ ՀԱՐՈՒՑՎԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ եւ 13-րդ կետերով, հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցներից երեք զինծառայողի սպանության դեպքի առթիվ: Ըստ նախնական տեղեկությունների՝ 2022թ. հունվարի 11-ին հակառակորդի կողմից ՀՀ արեւելյան ուղղությամբ տեղակայված, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական հենակետի ուղղությամբ արձակված կրակոցների հետեւանքով հրազենային մահացու վնասվածքներ են ստացել ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնված` 2002թ.), Վահան Վաչագանի Բաբայանը (ծնված` 2003թ.) եւ կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնված` 2002թ.): Կատարվում է նախաքննություն:

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է սահմանել, որ կաթնային յուղի փոխարինիչով կաթնամթերքը խանութներում առանձնացված դարակաշարում լինի: ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ սկզբնապես ներկայացված նախագծում որոշ փոփոխությունների առաջարկով: Նախարարությունն առաջարկում է խանութներում կաթնամթերքի վաճառքի համար որոշակի կարգավորումներ մտցնել: Հանձնաժողովի անդամ Բաբկեն Թունյանը պարզաբանել է. «Մասնավորապես, քանի որ կա կաթնամթերք, որը պատրաստված է բնական, մաքուր կաթից, եւ կա կաթնամթերք, որի պատրաստման համար բուսական յուղ կամ այլ հավելանյութեր են օգտագործվում, եւ սպառողը հաճախ ընկնում է մոլորության մեջ, առաջարկվում է, որ խանութներում դրանք դասավորվեն առանձին դարակաշարերում, որ անմիջապես տեսանելի լինի, թե որն է արհեստական հավելումներով, բուսական յուղերով, որը՝ լրիվ մաքուր, բնական»: Նախագիծը հանձնաժողովի նիստում հավանություն է ստացել փոփոխությամբ հանդերձ:

 

 

ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ

Շուրջ 4 ամիս է անցել «Գլորիա» կարի ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Բագրատիոն Դարբինյանի դստեր՝  Դիանա Դարբինյանի սպանությունից, սակայն մինչ օրս սպանությունը բացահայտված չէ: Իրավապահները դեռեւս փնտրում են ամուսինների վրա կրակած անձին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 01։30-ի սահմաններում, Երեւանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցների հետեւանքով մահացել էր 27-ամյա Դիանա Դարբինյանը՝ «Գլորիա» կարի ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Բագրատիոն Դարբինյանի դուստրը։ Ամուսինը՝ 29-ամյա Վազգեն Մարգարյանը, վիրավոր տեղափոխվել էր հիվանդանոց։

Նախնական վարկածով ամուսիների վրա կրակ էր արձակել 24-ամյա մի երիտասարդ, որը մինչ այդ խնդիրներ է ունեցել Բագրատիոն Դարբինյանի փեսայի հետ, եւ կենցաղային հողի վրա առաջ եկած վեճը վերածվել է քինախնդրության։

Վանաձորի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Դարբինյանի դուստրն ու փեսան Երեւանում էին բնակվում, փեսան նույնպես գործարար է, ստեղծել էր սեփական բիզնեսը։ Վանաձորցիների խոսքերով՝ Դիանան համեստ եւ հավասարակշռված, կիրթ անձնավորություն էր, կարի ֆաբրիկայի կառավարման գործերը հայրը վստահել էր նրան, ամուսինը նույնպես աչքի է ընկել զուսպ պահվածքով։

Նշենք, որ զույգը վերջերս էր ամուսնացել։

 

 

ԴՈՒՐՍ ԿԳԱՆ

Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը հայտարարել Է, որ հունվարի 13-ին պլանավորվել Է սկսել ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորակազմի դուրսբերումը հանրապետությունից:

«Սկսվում Է ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորակազմի կազմակերպված դուրսբերումը: Ես բանակցություններ եմ վարել համապատասխան պետությունների ղեկավարների հետ:

Օգտվելով հնարավորությունից՝ ես կցանկանայի երախտագիտություն հայտնել զորակազմի հրամանատարությանը այս մի քանի օրվա ընթացքում կատարված աշխատանքի համար»,-ասել Է նա: Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են 2022 թվականի առաջին օրերին:

ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ բողոքների ընթացքում Ղազախստանում վերքեր Է ստացել շուրջ հազար մարդ:

Բացի այդ, նախագահը նշել Է, որ քաղաքացիների բոլոր պահանջները, որոնք արտահայտվել են խաղաղ ձեւերով, լսելի են եղել:

 




Լրահոս