ArmLur.am-ը հետաքրքիր զրույց է ունեցել երգչուհի Անետտա Աղաբեկյանի հետ:
-Անետտա՛, ինչպե՞ս դիմավորեցիք 2022 թվականը, որտեղ եւ ինչքան գումար ծախսեցիք Ամանորին:
-Ամանորը դիմավորել եմ աշխատանքային միջավայրում՝ բեմում։ Աշխատածս գումարով նվերներ եմ գնել հարազատներիս եւ ընկերներիս համար։ Ավելացնեմ նաեւ, որ Ամանորը իմ ամենասիրելի տոներց մեկն է։
-Ի՞նչ սպասելիքներ ունեք այս տարվանից։
-Սպասելիքներս մեծ են, քանի որ առաջիկայում ունեմ նոր երգեր, նոր մտքեր, որոնք պետք է կյանքի կոչեմ։
-Այս Ամանորն ինչո՞վ առանձնացավ Ձեզ համար։
-Ամանորն այս տարի ինձ համար յուրահատուկ էր, որովհետեւ Ամանորի գիշերը՝ աշխատանքիս ընթացքում, վայելեցի հանդիսատեսիս սերն ու ջերմ ընդունելությունը։
-2021 թվականը երեք բառերով նկարագրելու համար ի՞նչ բառեր կընտրեիք:
-Ձեռքբերումներ, հույզեր եւ առաջընթաց:
-Ո՞ր բառով կբնորոշեք ձեր նախորդ տարվա ընդհանուր հոգեվիճակը՝ ուրախություն, հետաքրքրասիրություն, ձանձրույթ, հոգնածություն եւ այլն…
-Աշխատասիրություն:
-Ո՞ւմ կամ ինչի՞ հանդեպ եք ամենից շատ Ձեզ երախտապարտ զգում:
-Երախտապարտ եմ իմ Աստծուն ինձ ընձեռած շնորհի համար։
-Ամենամեծ դասը, որ ստացել եք 2021 թվականին:
-Ամենամեծ դասը այն էր, որ սկսեցի տարբերակել իմ լավն ու վատը ցանկացող «ընկերներիս»։
-Արե՞լ եք այս տարի ինչ-որ բան առաջին անգամ եւ ի՞նչ:
-Առաջին անգամ այս տարի Սուրբ ծննդյան ավանդական ուտեստներն եմ իմ ձեռքով պատրաստել։
-Ո՞րն է եղել տարվա ընթացքում Ձեր ստացած ամենաթանկարժեք նվերը:
-Ամենաթանկարժեք նվերը տարվա ընթացքում համարում եմ երգարվեստում իմ նոր ձեռքբերումները:
Նշենք, որ օրերս երգչուհին հայտնվել է սկանդալի կենտրոնում: Համացանցում ակտիվորեն տարածվեց եւ մեծ քննարկումների առիթ դարձավ երգչուհի Անետտա Աղաբեկյանի ելույթը «Տաշիր շոու 2021» ամենամյա հավաքական համերգին, որտեղ երգչուհին այնքան է տարվում պարով, որ մոռանում է ֆանագրամայի հետ համահունչ երգել, ինչի արդյունքում առաջանում է երգչուհու համար ոչ այնքան հաճելի կիքս:
ArmLur.am-ի հետ զրույցում Անետտան պատմել է համերգի ընթացքում իր թույլ տված կիքսի մանրամասների մասին՝ նշելով, որ տեսանյութի՝ համացանցում հայտնվելը դիտավորություն է եղել համերգի կազմակերպիչների կողմից, քանի որ նա, նկատելով կիքսը, տեղեկացրել է կազմակերպչին, ով նրան փոխանցել է, որ անհանգստանալու կարիք չկա, մոնտաժման ընթացքում կշտկվի:
«Կարծում եմ՝ ներկայացնելու ինչ֊որ բան չկա։ Այն, ինչ տեղի է ունեցել բեմում, շատերը գիտեն այդ մասին։ 15 տարի է, ինչ զբաղվում եմ երգեցությամբ։ Կարիերայիս առաջին «կիքսն» էր, որը երկար կհիշեմ։ Մի փոքր մեկնաբանեմ, թե ինչպես ստացվեց։ Այնքան էի տարվել պարով, որ այդ ընթացքում պետք է միկրոֆոնը աջ ձեռքից տեղափոխեի ձախ ձեռք՝ պարային շարժումը ճիշտ կատարելու համար, բայց, ցավոք սրտի, մոռացա, եւ ստացվեց այն, ինչին բոլորդ ականատես եղաք։ Ուզում եմ ավելացնել, որ ոչ առողջ քննադատություններին վերաբերվում եմ նորմալ, քանի որ ես ո՛չ առաջին եւ ո՛չ էլ վերջին արտիստն էի, որ նման իրավիճակում հայտնվեց բեմում։
Ավելացնեմ, որ անմիջապես ելույթիցս հետո տեղեկացրել եմ կազմակերպչին, որ նման «կիքս» է տեղի ունեցել, իսկ նա ժպիտով ինձ պատասխանեց, որ հանգիստ լինեմ, այդ հատվածը կմոնտաժվի։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ դա դիտավորություն էր……»,- մեզ հետ զրույցում ասաց երգչուհին:
Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ