Լուսանկարն արվել է Երեւանում
Երեկ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երեւանում։ Աճառյան-Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկում բախվել են Toyota Camry, Nissan Tiida, Renault եւ Nissan Skyline մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել, թե ով է անձին սահմանում հաշմանդամություն: Ո՞ւր պետք է դիմի անձը:
Լիլիա Հարությունյան (60 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Հարությունյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ անձին հաշմանդամություն սահմանելու նպատակով բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնում են բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը եւ տարածքային բժշկասոցիալական փորձաքննական բաժինները։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ուղեգրի առկայության դեպքում բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու նպատակով անձը կարող է գրավոր դիմել իր բնակության վայրը սպասարկող ԲՍՓ հանձնաժողով՝ դիմումին կցելով առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթեր:
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե որ փաստաթղթերը ապոստիլով վավերացման ենթակա չեն:
Լիաննա Պետրոսյան (39 տարեկան, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ապոստիլով վավերացման ենթակա չեն՝
1) դիվանագիտական կամ հյուպատոսական գործակալների տված փաստաթղթերը,
2) առեւտրային կամ մաքսային գործունեության հետ ուղղակիորեն կապված վարչական փաստաթղթերը:
Կոնվենցիայի անդամ պետությունների իրավասու մարմինների՝ տվյալ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ իրենց լիազորությունների շրջանակներում տրված փաստաթղթերը, որոնք վավերացված են ապոստիլով, Հայաստանի Հանրապետության տարածքում համարվում են վավեր, առանց հյուպատոսական վավերացման կամ այլ լրացուցիչ օրինականացման:
Վերը նշված փաստաթղթերի՝ ապոստիլով վավերացված լինելը պարտադիր է, եթե Հայաստանի Հանրապետության օրենքով այլ բան նախատեսված չէ, կամ Հայաստանի Հանրապետության միջազգային այլ պայմանագրերով վերացվել, պարզեցվել է օրինականացման ընթացակարգը, կամ փաստաթուղթն ազատվել է օրինականացումից:
Ապոստիլով չեն վավերացվում պաշտոնական այն փաստաթղթերը, որոնք ուղարկվում են «Քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերով իրավական օգնության եւ իրավական հարաբերությունների մասին» 1993 թվականի հունվարի 22-ի Մինսկի կոնվենցիային միացած ԱՊՀ անդամ երկրներ, ինչպես նաեւ Բուլղարիա, Լիտվայի եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված մի շարք այլ երկրներ: Եթե պետությունը Հաագայի կոնվենցիայի անդամ չէ, ապա փաստաթղթերի օրինականացումը (լեգալիզացիա) կատարվում է հյուպատոսական ճանապարհով:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պետտուրքի չափը 7 հազար դրամ է։ Այն վճարվում է ՀՀ պետբյուջեի 900005163523 հաշվեհամարին ցանկացած բանկի կամ նախարարությունում գտնվող վճարման տերմինալների միջոցով։